«Մի դրամի ուժը». Փոքր ներդրում, որ մեծ հարցեր է լուծում

27.10.2023 | 18:02 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#IDBank #«Մի դրամի ուժը»
Աջակցել նախաձեռնությունների, որոնք փորձում են հանրային կարեւորություն ունեցող խնդիրներ լուծել եւ այդ աջակցության մաս դարձնել հնարավորինս շատ մարդու. այս նպատակով երեք տարի առաջ Իդրամն ու IDBank-ը մշակեցին «Մի դրամի ուժը» ծրագիրը: Արդյունքում այն արդեն իսկ աջակցել է  22 նախաձեռնության՝ տրամադրելով ավելի քան 144 մլն դրամ: Ծրագրի իրականացմանը մասնակցում են հազարավոր մարդիկ, որոնք վճարումներ են կատարում IDBank-ի կամ Իդրամի հարթակներով, իսկ այս ընկերություններն ամեն վճարման դիմաց «Մի դրամի ուժին» մեկ դրամ են փոխանցում: Ստացվում է՝ օգտատերերը, լրացուցիչ ֆինանսական ծանրաբեռնվածություն չկրելով, կարեւոր նախաձեռնության մաս են դառնում:  

«Մի դրամի ուժի» աշխատանքի մեխանիզմի, գաղափարական հիմքի, իրականացված ու դեռ իրականացվելիք ծրագրերի մասին Banks.am-ին պատմել է IDBank-ի հաղորդակցման բաժնի ղեկավար Տաթեւիկ Վարդեւանյանը:

«Ձեր ներդրումը»

Երբ երեք տարի առաջ մշակում էինք «Մի դրամի ուժը» ծրագիրը, ցանկանում էինք, որ դրանում անպայման ներգրավված լինեն մեր հաճախորդները: Միեւնույն ժամանակ, չէինք ուզում նրանց համար լրացուցիչ ֆինանսական ծանրաբեռնվածություն առաջացնել: Արդյունքում հիմա մարդիկ աջակցում են ոչ թե գումարով, այլ՝ իրենց վճարումների համար մեր հարթակները գիտակցաբար ընտրելով:

Տաթեւիկ Վարդեւանյանը

Յուրաքանչյուր մարդ, որը նախաձեռնության մեկնարկից ի վեր երբեւէ վճարում է կատարել Իդրամի կամ IDBank-ի հարթակներով, կարող է ամեն պահ տեսնել իր ներդրման չափը: Եթե Idram&IDBank հավելվածում մուտք գործեք «Ավելին» բաժին, գտնեք «Մի դրամի ուժը» ենթաբաժինը, կտեսնեք «Իմ ներդրումը» կոճակը: Հենց այստեղ է երեւում, թե երեք տարվա ընթացքում քանի անգամ եք վճարում կատարել ու դրա շնորհիվ քանի «մի դրամ» է ուղղվել այս կամ այն նախաձեռնությանը: Մեր հաճախորդներին անվանում ենք «բարի կամքի դեսպան», քանի որ ընտրելով մեր հարթակներն՝ իրենք իսկապես բարի գործի մաս են դառնում: Հաճախ ենք նրանցից արձագանքներ ստանում, որ միշտ փորձում են վճարումները կատարել Իդրամի կամ IDBank-ի միջոցով, որպեսզի հնարավորինս շատ գումար հավաքվի այս կամ այն խնդրի լուծման համար: Սա հատկապես նկատվում է, երբ տվյալ ամսվա շահառուն, ոլորտը, որին տրվում է աջակցությունը, հոգեհարազատ է լինում օգտատերերին: Իրենց ոգեւորությունը լրացուցիչ ուժ եւ գործը շարունակելու վճռականություն է տալիս նաեւ մեզ:

«Մի դրամի ուժը» հստակ աշխատող մեխանիզմ է

«Մի դրամի ուժը» նախաձեռնության «մի դրամները» գոյանում են Idram&IDBank հավելվածով, Idram.am, IDBanking.am հարթակներով եւ երկու ընկերությունների տերմինալներով կատարված վճարումներից: Ինչպես արդեն ասացի՝ IDBank-ն ու Իդրամն ամեն վճարման դիմաց մեկ դրամ են փոխանցում «Մի դրամի ուժին»:
Ամեն ինչ տեղի է ունենում ավտոմատացված՝ հավելվածում ներդրված ծրագրային լուծման շնորհիվ:

Հավելվածում կա հաշվիչ, որն իրական ժամանակում ցույց է տալիս՝ որքան գումար է հավաքվել հենց այդ պահին: Կայքի՝ «Մի դրամի ուժի» բաժնում օգտատերերը կարող են տեսնել նաեւ հավաքված գումարն ամիս առ ամիս, ծանոթանալ՝ ինչ ծրագրերի են արդեն աջակցել եւ որն է տվյալ ամսվա ընթացիկ ծրագիրը:  

Աջակցություն ստացող նախաձեռնությունների ընտրությունը

2020թ. հունիսին, երբ սկսեցինք ծրագիրը, շատ ավելի փոքր էր մեր հարթակներով կատարվող վճարումների թիվը։ Այդ պատճառով «Մի դրամի ուժը» նախաձեռնության շահառուներն ընտրվում էին 2-3 ամսով, որպեսզի այդ ընթացքում հավաքված գումարն առավել շոշափելի եւ օգտակար դառնա: Հիմա շատ ոգեւորիչ է, որ մեր հարթակներով վճարումների թիվն անհամեմատ աճել է, ինչը հնարավորություն է տալիս ամեն ամիս նոր նախաձեռնության աջակցել: Եթե նախկինում ամսական 1,5 միլիոն վճարում էր կատարվում, հիմա այդ թիվն անցնում է 3,5 միլիոնը:

Առաջին ծրագիրը, որին աջակցենցինք «Մի դրամի ուժով», նպատակ ուներ սահմանամերձ եւ բարձրլեռնային գոտիների գյուղերում ապրող երեխաներին համակարգիչներ նվիրել: Կորոնավիրուսի համավարակի շրջանն էր, սեպտեմբերին պետք է սկսվեին դասերը, բայց առողջական խնդիրներ ունեցող երեխաները չէին կարողանալու հաճախել դպրոց: Նրանց պետք էին համակարգիչներ, որպեսզի դասերին մասնակցեն հեռավար: Արդյունքում 2020թ. հունիս, հուլիս եւ օգոստոս ամիսներին հավաքված գումարն ուղղեցինք այս ծրագրի իրականացմանը: Սեպտեմբերին որոշեցինք աջակցել բնապահպանության ոլորտին: Ընտրեցինք Հայաստանում գործող բնապահպանական հիմնադրամներից մեկը, որը զբաղվում է անտառտնկման աշխատանքներով, բայց սեպտեմբերի 27-ին սկսվեց Արցախյան պատերազմն ու նախապես կայացված որոշումը փոխվեց: Համաձայնության գալով նաեւ տվյալ բնապահպանական հիմնադրամի հետ՝ որոշեցինք գումարը փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին:

Տաթեւիկ Վարդեւանյանը

Առհասարակ, «Մի դրամի ուժը» նախաձեռնությունը մեկնարկելիս որոշել էինք նախապես՝ մեկ տարվա համար ընտրել հիմնադրամներն ու նախաձեռնությունները, որոնց աջակցելու ենք: Սակայն պատերազմը ցույց տվեց, որ պետք է փոխել մոտեցումը։ Ցավոք, հիմա Հայաստանում բավականին դժվար է նախապես, ամիսներ առաջ ինչ-որ բան նախատեսել: Արդյունքում որոշվեց «Մի դրամի ուժի» հաջորդ ամսվա շահառուին ընտրել ու հայտարարել միայն նախորդ ամսվա վերջին օրերին: Սա թույլ է տալիս հասկանալ ընդհանուր իրավիճակը, հասարակական տրամադրությունները, տեսնել առավել հրատապ ու աջակցության կարիք ունեցող նախաձեռնությունները: Բնականաբար, ընտրություն կատարելիս հաշվի ենք առնում նաեւ մեր հաճախորդների եւ օգտատերերի կարծիքը, քանի որ ինչպես ասացի՝ իրենց համարում ենք բարի կամքի դեսպաններ: Շատ հաճախ ենք նամակներ, առաջարկներ ստանում, որոնք անպայման հաշվի ենք առնում որոշում կայացնելիս: Մեզ համար շատ կարեւոր է հիմնադրամի վարկանիշը, որին աջակցում ենք, արդեն իսկ կատարած աշխատանքն ու երկարաժամկետ ծրագրերի առկայությունը: Լինում է՝ աջակցում ենք ոչ թե հիմնադրամին ընդհանուր առմամբ, այլ դրա ծրագրերից որեւէ մեկին: Բայց մի բան հստակ է՝ շահառու հիմնադրամը հայտնի է դառնում ամսվա սկզբում, որպեսզի մարդիկ իմանան՝ ինչին են աջակցում իրենց վճարումներով:

Կրթություն, առողջապահություն, պաշտպանություն եւ բնապահպանություն

Ի սկզբանե, «Մի դրամի ուժը» ծրագիրը մշակելիս ընտրվել է մի քանի ուղղություն, որին նախատեսվում էր աջակցել՝ կրթությունը, առողջապահությունը, պաշտպանությունը եւ բնապահպանությունը: Պաշտպանություն ասելով՝ նկատի չունեմ ռազմական աջակցություն, դա ենթադրում է աջակցություն զինծառայողներին ֆինանսական, առողջական եւ տարատեսակ այլ հարցերում:  

2020թ. սեպտեմբերից հետո մեկ տարի շարունակ մեր ծրագրի շահառու բոլոր հիմնադրամները եղել են պաշտպանական ուղղվածության՝ «Զինվորի տունը», VIVA հիմնադրամը, որը սահմանամերձ հատվածներում վերազինում է հոսպիտալներն, ինչը տեղում առաջին բուժօգնության հնարավարություն է տալիս, «1000+» հիմնադրամը, «Վահե Մելիքսեթյան» հիմնադրամը, որն աջակցում է զինծառայողների կրթությանը: Այժմ՝ հոկտեմբեր ամսին, մեր շահառուն «Հայորդի» նախաձեռնությունն է, որն իր ճամբարի տարածքում հյուրընկալել է 100 արցախցու, հիմնականում՝ զոհված զինծառայողների ընտանիքների: «Հայորդի»-ի համակարգող Վաչե Վարդանյանի հետ առաջին անգամը չենք համագործակցում եւ այս բարդ իրավիճակում որոշեցինք գումարը փոխանցել հենց «Հայորդիին»: «Մի դրամի ուժով» աջակցել ենք նաեւ «4090» հիմնադրամին, որը զբաղվում է պատերազմի մասնակիցների կրթական հարցերով, «QaylTech»-ին, որի MetaGait սարքերը քայլելու հնարավորություն են տալիս վիրավորում ստացած զինծառայողներին:
Երբ Արցախում սկսվեց բլոկադան, աջակցեցինք նաեւ տեղում արեւային ջրաջեռուցիչների տեղադրման ծրագրին: Դրա շնորհիվ, արցախցիները գոնե տաք ջուր կունենային գազի եւ էլեկտրաէներգիայի անջատման պարագայում:

Մեր շահառուների թվում եղել են նաեւ առողջապահապական ոլորտի հիմնադրամներ՝ «Կյանքի ճանապարհը», «City of smile»-ը, Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամը, «Հերոսների վերականգնողական քաղաքը», որը զինծառայողների, նրանց ընտանիքների հոգեկան առողջության մասին է հոգում:  

Աջակցել ենք 22 նախաձեռնության եւ առայժմ դրանցից միայն մեկն է բնապահպանական ուղղվածության: Երեք ամսվա «մի դրամներն» ուղղել ենք «My forest Armenia» հիմնադրամին: Արդյունքում IDBank-ի եւ Իդրամի անունով 16 հազար ծառից բաղկացած անտառ է տնկվել: Աշխատանքներին սիրով մասնակցել են նաեւ մեր աշխատակիցները: Ցավոք, այս ժամանակահատվածում պարբերաբար ցավալի իրադարձություններ են տեղի ունենում եւ բնապահպանական նախաձեռնություններին, այսպես ասած, հերթ չի հասնում: Սրան զուգահեռ պետք է գիտակցենք, որ անտառների բացակայությունը մոտ ապագայում հանգեցնելու է շատ մեծ խնդիրների ու բնապահպանությունը կարեւորագույն ոլորտներից է:  

Փոքր ներդրում, որ մեծ հարցեր է լուծում

«Մի դրամի ուժի» գոյության երեք տարվա ընթացքում համոզվել ենք՝ բարեգործության այս մոդելն ամենաարդյունավետներից է: Եթե անհատի օրինակով նայենք, մեզանից յուրաքանչյուրն իսկապես կարող է փոքր ներդրումով մեծ հարցերի օգնել: Հաճախ սոցցանցերում տեսնում ենք հայտարարություններ, որ այդ օրվա մեր մի բաժակ սուրճի գումարով հնարավոր է երեխայի կյանք փրկել ու սա իրականությունից հեռու չէ: Մեզանից շատերը չեն կարող այս կամ այն հարցին աջակցել միանգամից մեծ գումարով, բայց եթե 10 հազար մարդ հազարական դրամ փոխանցի, ե՛ւ հարցը կարող է լուծվել, ե՛ւ տվյալ մարդու համար դա ֆինանսական մեծ ծանրաբեռնվածություն չի լինի: Մեզ շատ է ոգեւորում, որ «Մի դրամի ուժի» օրինակն արդեն իսկ վարակիչ է: Շատ նախաձեռնությունների ենք հանդիպել, որոնց հիմքում դարձյալ այս գաղափարն է՝ ներգրավել հնարավորինս շատ մարդու, որոնք փոքրիկ ներդրումով կարողանում են մեծ աջակցություն ցույց տալ: Մեր դեպքում, իհարկե, ներգրավված մարդիկ առհասարակ գումարային ներդրում չեն կատարում, իրենց ներդրումը գիտակցված ընտրությունն է:

IDBank-ի եւ Իդրամի աշխատակիցները շատ են հպարտանում «Մի դրամի ուժը» նախաձեռնությամբ, զգում են իրենց ներգրավվածությունն ու սա կորպորատիվ մշակույթ է ձեւավորում: Հաճախ մեր աշխատակիցներն իրենք էլ սեփական միջոցներով նախաձեռնում են աջակցության տարատեսակ ծրագրեր: Այս օրերին, օրինակ, փորձել ենք լինել արցախցի յոթ ընտանիքի կողքին՝ տրամադրելով որոշակի գումար եւ լուծելով կենսական անհրաժեշտության իրերի հարցը:
Շատ ենք կարեւորում նաեւ աջակցության պարբերականությունը: Մեր հավելվածի «stories» բաժնում հաճախ հրապարակում ենք տարբեր հիմնադրամների տվյալներ, որպեսզի օգտատերերը կարողանան ուղղակիորեն մտնել հիմնադրամների էջեր ու նվիրատվություն կատարել: Հետագայում նախատեսում ենք այլ նորություններ, որոնք էլ ավելի կպարզեցնեն բարեգործելը:

Յանա Շախրամանյան

Լուսանկարներն՝ Էմին Արիստակեսյանի
Դիտում՝ 4261
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW