Revolut-ը Հայաստանում «արգասաբեր աճի» հույս ունի

14.08.2023 | 01:05 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
2023թ. հուլիսին Revolut ֆինտեխ ընկերությունը հայտարարեց Revolut Lite-ը՝ Revolut հավելվածի օպտիմիզացված տարբերակը Հայաստանում գործարկելու մասին։

Banks.am-ը զրուցել է Revolut Lite-ի ղեկավար Դոմինիկ Զինսի հետ Հայաստանի օգտատերերին առաջարկվող հնարավորությունների մասին։

Եթե չկա լուծումը, ստեղծիր ինքդ

Երիտասարդ էնտուզիաստներ Նիկ Ստորոնսկին եւ Վլադ Յացենկոն փնտրում էին միջոցներ, թե ինչպես կարելի է խուսափել արժույթի փոխանակման ժամանակ բանկերի կողմից կիրառվող բարձր միջնորդավճարներից։ Շուտով հասկացան, որ իրենց փնտրած լուծումը գոյություն չունի, ուստի որոշեցին ստեղծել այն։ Հենց այսպես էլ 2015 թվականին Մեծ Բրիտանիայում հիմնադրվեց Revolut-ը։

«Revolut-ը ծնվել է որպես բազմարժութային հաշիվ, որն առաջարկում է դրամական փոխանցումներ եւ փոխանակում մրցակցային գներով։ Ի տարբերություն շատ ավանդական բանկերի՝ այն չունի թաքնված վճարներ»,-ասում է Դոմինիկ Զինսը։

Նրա խոսքով՝ տարիների ընթացքում հավելվածը կատարելագործվել է ու դարձել մի հարթակ, որտեղ կարելի է գտնել դրամի վերաբերյալ ամեն տեսակի ծառայություն՝ սկսած վերլուծական եւ բյուջետային գործիքներից մինչեւ քեշբեք եւ բազմաթիվ հայտնի ապրանքանիշներից գնումներ կատարելու առավելություններ։



Այսօր Revolut-ն ունի ավելի քան 30 միլիոն հաճախորդներ 40-ից ավել երկրներում։ Ընկերությունը մտադիր է շարունակել իր հասանելիության սփռումն աշխարհով մեկ՝ ավելի շատ մարդկանց հնարավորություն ընձեռելով հեշտությամբ կառավարելու իրենց գումարը։

Հնարավորություններ հայ օգտատերերի համար

Revolut Lite-ից այսօր օգտվում են նաեւ Հայաստանում։

«Շատ հայեր ապրում են արտերկրում, ուստի Revolut-ը կարող է օգտակար լինել արտերկրից դեպի Հայաստան փոխանցումներ կատարելու համար։ Իհարկե, նաեւ տեղական փոխանցումներն են առավելություն տալիս իրենց մրցակցային գնի շնորհիվ»,- ասել է Դոմինիկ Զինսը։

Հայ օգտատերերը Revolut Lite-ի միջոցով կարող եք 3 տեսակի փոխանցումներ կատարել՝ peer-to-peer, բանկային եւ քարտային փոխանցումներ։

«Revolut-ի հաճախորդների միջեւ peer-to-peer փոխանցումներն ապահով են եւ առանց միջնորդավճարի։ Հնարավոր է դառնում փոխանցել եւ ստանալ գումար հաշված վայրկյանների ընթացքում աշխարհի 40-ից ավել երկրներից, ինչիպիսիք են Մեծ Բրիտանիան, Եվրոպական տնտեսական տարածքի երկրները, ԱՄՆ, Ճապոնիան, Սինգապուրը, Նոր Զելանդիան, Բրազիլիան եւ այլն»,- հավելել է Revolut Lite-ի ղեկավարը։

Հաճախորդները նաեւ կարող են օգտագործել Revolut Lite-ը նաեւ ցանցից դուրս գտնվող բանկային հաշիվների եւ քարտերի փոխանցումներ կատարելու համար։ Այդ պարագայում գանձվում է համապատասխանաբար 1% եւ 3% տոկոս միջնորդավճար՝ նվազագույնը 1 դոլարի չափով։ Ցանկացած փոխանցումից գանձվող միջնորդավճարի չափը հնարավոր է տեսնել հավելվածում։

Դոմինիկ Զինսը


Revolut Lite-ի՝ Հայաստանում մեկնարկի առթիվ մինչեւ օգոստոսի 30-ը փոխանցումներ կատարելիս այս միջնորդավճարները չեն գանձվի։

Դոմինիկ Զինսի խոսքով՝ թեեւ կարճ ժամանակ է, ինչ մուտք են գործել հայկական շուկա, արդեն իսկ նկատում են հետաքրքրության աճ պրոդուկտի նկատմամբ.

«Մենք հույս ունենք, որ սա միայն նախնական քայլն է հետագա արգասաբեր աճի համար»:

Գայանե Ենոքյան
Դիտում՝ 28698
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW