Արթուր Խաչատրյան. «Կրթված քիմիկոս-տեխնոլոգը կարող է շատ լավ ապրել»

19.06.2023 | 18:08 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի ուսանողներն այս սեպտեմբերից կկարողանան պրակտիկա անցնել ավտոկոսմետիկայի, ավտոխնամքի եւ կենցաղային քիմիայի նյութեր արտադրող «Խաչատրյան Մոբիլսերվիս» ընկերությունում։

Կենցաղային քիմիայի, քիմիայի եւ այլ ոլորտներում գիտահետազոտական աշխատանքներ կատարելու եւ կրթական ծրագրեր իրականացնելու համար ընկերության եւ Մայր բուհի միջեւ 5 տարի ժամկետով համագործակցության համաձայնագիր է կնքվել։

Banks.am-ի հետ հարցազրույցում «Խաչատրյան» ընկերությունների խմբի հիմնադիր տնօրեն Արթուր Խաչատրյանը խոսել է ԵՊՀ հետ համագործակցության, նոր կադրեր պատրաստելու, արտադրության ընդլայնման եւ Վրաստանում կառուցված նոր գործարանի մասին։

Ընդլայնումն ու մասնագետների պակասը

«Խաչատրյան Մոբիլսերվիս»-ը հիմնադրել ենք եղբորս՝ Կարեն Խաչատրյանի հետ՝ 2005 թվականին։ Սկզբում արտադրությունն անում էինք իտալացի գործընկերների հետ։ Իտալիայում ունենք տեխնոլոգ, նրանից վերցնում ենք պատրաստի բանաձեւերը եւ այստեղ արտադրում ավտոկոսմետիկայի եւ ավտոխնամքի նյութերի սեղմ տեսականի։ Երբ տեսականին ընդարձակվեց, կարիք եղավ մտնել նաեւ կենցաղային քիմիայի ոլորտ, ստեղծեցինք մաքրող միջոցների «Կաթիլ» բրենդը։ Քանի որ իտալացի գործընկերների հետ առցանց աշխատանքի ժամանակ բարդություններ են լինում, տեղում մեր տեխնոլոգն ունենալու կարիքն առաջացավ։ Գտանք «հին դպրոցի» մասնագետ, որն իր գործը բավական լավ է անում, բայց, քանի որ արտադրական ծավալներն անընդհատ մեծանում են, նոր, երիտասարդ կադրերի անհրաժեշտություն է լինում։

Արթուր Խաչատրյանը


Հայաստանում այս ոլորտում երիտասարդ եւ պատրաստված աշխատակիցներ գտնելը բարդ է, այդ պատճառով որոշ ժամանակ առաջ սկսեցինք մտածել մեզ համար կադրեր պատրաստելու մասին։ Համագործակցության համար դիմեցինք Մայր բուհին եւ ստացանք դրական արձագանք։ «Երեւանի Պետական Համալսարան» հիմնադրամի, ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի անօրգանական եւ անալիտիկ քիմիայի ամբիոնի ու մեր կազմակերպության միջեւ վերջերս ստորագրվեց եռակողմ համագործակցության համաձայնագիր։ Հուշագիրը փոխադարձ իրար հնարավորություններ օգտագործելու, կենցաղային քիմիայի, քիմիայի եւ այլ ոլորտներում գիտահետազոտական աշխատանքներ կատարելու եւ կրթական ծրագրեր իրականացնելու համար ջանքերը միավորելու մասին է։

Պրակտիկ աշխատանքների մեկնարկը

Հուշագրի ստորագրմամբ ավարտեցինք պաշտոնական մասն ու մեկնարկեց պրակտիկ աշխատանքը։ Այժմ մեծացնում ենք արտադրամասը, Համալսարանի օգնությամբ եւ չափորոշիչներով ստեղծում ենք նոր լաբորատորիա, որպեսզի քիմիայի ֆակուլտետի ուսանողները մեզ մոտ անցնեն պրակտիկա, զարգացնեն գործնական եւ լաբորատոր հմտություններն ու կարողությունները։ Վստահ եմ՝ շինարարական աշխատանքները մինչեւ սեպտեմբեր կավարտենք եւ պրոցեսը կմեկնարկի։



Մայր բուհի համար այս հուշագրի դրական կողմն այն է, որ ուսանողները կարող են հստակ պատկերացում ունենալ քիմիական նյութերի արտադրության մասին։ Բուհում հնարավոր է փոքր փորձարկումներ անել, բայց արտադրական պրոցեսը բոլորովին այլ է։ Մի բան է, երբ ուսանողը կոլբայի մեջ է որեւէ նյութ է սարքում, այլ բան, երբ աշխատում է տոննաների հետ։ Արտադրամասում ուսանողներն ավելի լավ կպատկերացնեն իրենց հետագա աշխատանքը եւ երկու տարի անց, նրանցից ոմանք աշխատանքի կանցնեն մեզ մոտ։ Սա նաեւ խթան կլինի, որ այսօրվա ուսանողն իմանա՝ եթե ամեն ինչ լավ անի, ապագայում կունենա երաշխավորված աշխատանք։ Մեզ համար էլ դրական է այն, որ ի սկզբանե արդեն կպատրաստենք մեզ անհրաժեշտ մասնագետներ։

Պայմանավորվածության համաձայն՝ երեք ամսվա ընթացում բուհն արագացված կարգով մեզ կտրամադրի տեխնոլոգ, երկու տարվա ընթացքում ուսանողները մեզ մոտ կանցնեն պրակտիկա, կմասնակցեն արտադրական պրոցեսներին, որից հետո նրանցից կընտրենք ավելի խորը գիտելիք ունեցող աշխատակիցներ։

Արթուր Խաչատրյանը


Թե որ կուրսի ուսանողները, նրանցից քանիսը եւ երբ մեզ մոտ պրակտիկայի կգան, կորոշի Համալսարանը։ Մեր դռները նրանց առաջ միշտ բաց են։ Պատրաստ ենք նաեւ աջակցել, որ ուսանողները կարողանան մասնակցել միջազգային սեմինարների, ֆորումների, փորձի փոխանակման ծրագրերի։

«Խաչատրյան Մոբիլսերվիս» ընկերությունն այս համաձայնագրով երեք ուսանողի համար սահմանել է կրթաթոշակ՝ տարեկան մոտ 500 հազար դրամ ուսման վարձի չափով։ Որեւէ ուսանողի կրթաթոշակ տրամադրելը դեռ չի նշանակում, որ երկու տարի հետո հենց նա է անցնելու մեզ մոտ աշխատանքի։ Պետք է մրցակցություն լինի, նախնական պլանավորում ենք աշխատանքի ընդունել 1-2 աշխատակցի, բայց եթե երեքի հարցում էլ սխալված չլինենք եւ ունենան մեզ անհրաժեշտ գիտելիքներ ու որակ, ապա չի բացառվում, որ բոլորն էլ մեզ մոտ աշխատանքի անցնեն։ Հուշագիրը կնքվել է 5 տարով, բայց, կարծում եմ, կերկարի եւ բուհ-բիզնես հետաքրքիր համագործակցությունը կշարունակվի։ Եթե այս համագործակցություն ճիշտ ընթանա, կարելի է նաեւ փորձն այլ ուղղություններով օգտագործել, համագործակցել բուհի այլ ֆակուլտետների հետ։ Մեր օրինակով կարող եմ ասել, որ բուհը բոլոր առումներով պատրաստ է համագործակցության, մնում է՝ բիզնեսն ընդառաջ գնա։

«Կրթված քիմիկ-տեխնոլոգը կարող է շատ լավ ապրել»

Քիմիկ-տեխնոլոգի աշխատանքը մեզ մոտ բավական ծավալուն է, արտադրական պրոցեսում մի քանի փուլ է կառավարում՝ ստուգում է նյութերի համապատասխանությունը, կառավարում արտադրական պրոցեսը, իրականացնում հետարտադրական ստուգում եւ այլն։ Մեր արտադրամասն այս պահին ունի որակյալ քիմիկ-տեխնոլոգ, բայց սերնդափոխության եւ ծավալների մեծացման առումով կարեւոր է երիտասարդ, պատրաստված աշխատակիցների ներգրավումը։ Արտադրամասում շուտով չորս հարիչ կունենանք եւ յուրաքանչյուրը պետք է ղեկավար ունենա՝ պրոցեսները ճիշտ կառավարելու համար։



Հայաստանում քիմիական արդյունաբերությունը զարգացած է եղել, բայց երբ սկսեցինք մտածել Մայր բուհի հետ համագործակցելու մասին, կարծիքներ լսեցինք, որ բուհում քիմիայի ֆակուլտետը «կիսահիվանդ» վիճակում է, համագործակցությունն իմաստ չունի, բայց դա իրականությանը չի համապատասխանում ընդհանրապես։ Այս ոլորտում ուսանողների հետաքրքրության պակասը, հավանաբար, նաեւ աշխատանքի դիմաց ցածր վարձատրությունն է։ Անգամ մասնագիտական կրթություն ստանալուց հետո շատերն իրենց չեն տեսնում այս աշխատանքում, այլ ուղղվածության գործերով են զբաղվում։ Մենք փորձում ենք փոխել պատկերացումները, ասել՝ կարեւոր է մտածել միայն լավ սովորելու, այնուհետեւ՝ աշխատանքը լավ վերահսկելու մասին, մնացածի մասին կմտածի այն հիմնարկը, որտեղ դուք աշխատում եք։ Պետք է մարդիկ հասկանան՝ կրթված քիմիկ-տեխնոլոգը կարող է շատ լավ ապրել։ Մեր ընկերության կոնցեպտը սա է։ Մեզ մոտ միջին աշխատավարձը բավական բարձր է։ Որպես ղեկավար՝ կարծում եմ՝ մարդը պետք է աշխատանքի գա ուրախ, վաղվա օրվա մասին չպետք է մտահոգվի, որպեսի կարողանա կենտրոնանալ աշխատանքի վրա։ Նաեւ չեմ ընդունում մի քանի աշխատանքով զբաղվելը, մեկ վայրում աշխատելով՝ մարդը պետք է կարողանա իր բոլոր պահանջմունքները բավարարել։



Մեր աշխատակիցները զրկված չեն ազատությունից, ինքս էլ աշխատանքային օրվա ընթացքում ազատ ժամանակ եմ ունենում։ Հաճախ հարցնում են՝ «ինչպե՞ս է, որ այսքան գործի մեջ ազատ ես», պատասխանում եմ, որ այստեղ ամեն մարդ իր շահն ունի, իր ապագան կապել է այս աշխատանքի հետ, կարիք չկա, որ կանգնեմ նրա գլխին ու վերահսկեմ։ Ստիմուլային առումով էլ, յուրաքանչյուր երկու տարին մեկ մեզ մոտ աշխատավարձի բարձրացում է լինում՝ հաշվի առնելով գնաճը, կյանքի թանկացումը եւ այլ հարցեր։

Քիմիական արտադրության ուղղությունները

«Խաչատրյան Մոբիլսերվիս»-ն արտադրում է ավտոքիմիայի գրեթե ողջ սեգմենտը՝ մեքենայի մաքրող, լվացող, փայլեցնող նյութեր։ Այս տարվա հունվարից նաեւ կենցաղային քիմիայի արտադրություն սկսեցինք, ողջ սեգմենտը դեռ չենք փակում, բայց, ի վերջո, դա էլ կանենք։ Հաջողությամբ մտանք շուկա, այս պահին մեր արտադրողականությունը երկու օրը 7 տոննա է, բայց, պահանջարկը հաշվի առնելով, ուզում ենք հասցնել 20 տոննայի։ Հետագայում, գուցե, կոսմետիկ քիմիայի դաշտ մտնենք, զարգացումը ցույց կտա։



Միկրոֆիբրայի լաթերի մեջ բավական առաջատար դիրքերում ենք, շուկայում ներկայացված ենք տարբեր բրենդներով։

Առաջատար դիրքերում ենք նաեւ ավտոլվացման կետերի հավաքման ոլորտում։ Մարդիկ կարող են տրամադրել միայն տարածքը եւ ստանալ ամբողջական պատրաստ ավտոլվացման կամ ինքնասպասարկման ավտոլվացման կայան։ Ֆերմաներում նաեւ ախտահանման սարքեր ենք տեղադրում։ Կարճ ասած՝ բազմապրոֆիլ գործունեություն ենք ծավալում։

էդ-բլյույի արտադրություն ունենք, որը նախատեսված է եվրո-4,5,6 ստանդարտով աշխատող դիզելային շարժիչների համար։ Այն բավական հաջող վաճառվում է նաեւ վրացական շուկայում։ Վրաստանը Հայաստանի համեմատ ավելի մեծ եւ ավելի քաղաքակիրթ շուկա է, պետական վերահսկողությունն ավելի ուժեղ է։ Հաջողությամբ հաղթում ենք Վրաստանի պետական կառույցների հայտարարած տենդերներում, այնտեղ նաեւ գործարան ենք կառուցել, աշխատանքները գրեթե ավարտել ենք եւ սեպտեմբերին տեղի կունենա բացումը։



Առաջիկայում Հայաստանում եւս նոր գործարան կկառուցենք։ Աշխատանքը մի փոքր ձգձգվում է, որովհետեւ ուզում ենք տարածաշրջանի մակարդակով ունենալ միջազգային բոլոր ստանդարտներին համապատասխան քիմիական գործարան։ Մեր գլոբալ նպատակն այս պահին սա է։

Անի Խչոյան
Դիտում՝ 18644
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW