HENDERSON նորաձեւության տունը 2022 թվականի հոկտեմբերից հաջողությամբ գործում է Հայաստանում եւ առաջարկում տղամարդկանց էլեգանտ ու հարմարավետ հագուստի ամբողջական տեսականի՝ ցանկացած առիթի համար: HENDERSON-ի բարձրորակ արտադրանքի գաղտնիքը երկարաժամկետ եւ արդյունավետ համագործակցությունն է իտալական լավագույն տեքստիլ ընկերությունների հետ: Այդպիսի գործընկերներից է REDA Group-ը: Հիմնադրված լինելով դեռեւս 1865 թվականին՝ այս ընկերությունը շարունակում է մնալ առաջատար կոստյումների բրդյա գործվածքների արտադրությամբ ոչ միայն իր հայրենի Իտալիայում, այլեւ ամբողջ աշխարհում՝ շնորհիվ ավանդույթների եւ նորարարության համադրման:Վերջերս REDA Group-ի թիմը ընկերության համասեփականատեր եւ 4-րդ սերնդի ներկայացուցիչ Գուլելմո Բոտո Պուալայի գլխավորությամբ ժամանել էր Հայաստան: Այցի նպատակը HENDERSON-ի թիմի հետ հանդիպումն էր եւ բրենդի սրահների աշխատակիցներին սովորեցնելը, թե ինչ նրբություններն ու յուրահատկություններ ունեն HENDERSON-ի նոր հավաքածուում օգտագործված REDA-ի գործվածքները: Ի պատիվ իտալացի հյուրերի կազմակերպված հանդիսավոր ընդունելության ժամանակ REDA-ի ներկայացուցիչները հանդիպել են նաև HENDERSON-ի ընկերներին, գործընկերներին և vip-հաճախորդներին: Banks.am-ը զրուցել է REDA Group-ի համասեփականատեր Գուլելմո Բոտո Պուալայի հետ HENDERSON-ի հետ երկար տարիների համագործակցության, որակի առաջնահերթության եւ այն արժեքների մասին, որոնք կիսում են գործընկերները: Մարդիկ եւ կիրքն աշխատանքի հանդեպԻտալիայի Բիելլա գավառում տեղակայված REDA-ն ընտանեկան ընկերություն է, որն իր հետեւում ունի 160 տարվա պատմություն: HENDERSON-ի հետ համագործակցությունը մեկնարկել է 2004 թվականից եւ հաջողությամբ զարգացել է տարիների ընթացքում: «Ինձ համար HENDERSON-ը ուղղակի գնորդ չէ, որովհետեւ մենք կիսում ենք միեւնույն արժեքները: Շատ քիչ են Ռուբեն Հարությունյանի նման մարդիկ, որոնք հետեւում են մեր փիլիսոփայությանը: Նա եւ իր թիմը մեր հավաքածուները չեն դիտարկում զուտ գնելու համար, նրանք հասկանում են այն պատմությունը, որն առկա է արտադրության հետեւում»,- ասում է Գուլելմոն: HENDERSON կոստյումներ REDA կտորից, 2023 գարուն-ամառ հավաքածու Լուսանկարը՝ HENDERSON Նրա խոսքով՝ ամենամեծ արժեքներից մեկը մարդիկ են, որոնք կանգնած են REDA-ի հավաքածուների հետեւում. «500 մարդիկ, որոնք աշխատում են մեր ընկերությունում, մեզ համար ոչ թե պարզապես աշխատակիցներ են, այլ մեր մեծ ընտանիքը: Կարելի է զուգահեռ անցկացնել նավի հետ, որն ընթանում է անեզր օվկիանոսով: Փոթորիկները հնարավոր են, սակայն երբ այս բոլոր մարդիկ իրենց աշխատանքն անում են մեկ մարդու պես, նավը շարունակում է ընթանալ իր ուղով: Նույն մոտեցումը տեսնում եմ Ռուբենի՝ իր աշխատակիցների հանդեպ վերաբերմունքում»,- հավելում է նա: Ինչպես HENDERSON-ի, այնպես էլ REDA-ի համար մեկ այլ կարեւոր արժեք է կիրքն այն ամենի հանդեպ, ինչ անում են. «Երբ դու կրքով ես լցված ինչ-որ բանի հանդեպ, նշանակում է, որ իրապես հավատում ես դրան»,- ասում է Գուլելմոն: Հումքի ընտրությունից՝ հաճախորդների սպասարկում«Եթե ցանկանում ես լավ պաստա պատրաստել պետք է ունենաս հրաշալի սպագետի եւ հրաշալի լոլիկ: Կտորի դեպքում էլ է նույն կերպ: Հումքը շատ կարեւոր է մեզ համար, այդ պատճառով էլ ընտրում ենք մարինոսի մաքուր բուրդ, որը ներկրում ենք Նոր Զելանդիայից: Այն համարվում է աշխարհի լավագույն բուրդը»,- ասում է Գուլելմոն: HENDERSON կոստյում REDA կտորից, 2023 գարուն-ամառ հավաքածու Լուսանկարը՝ HENDERSON REDA-ի բրդի գործարանը ուղղակիորեն կառավարում եւ վերահսկում է ամբողջ արտադրական շղթան՝ սկսած հումքի մանրակրկիտ ընտրությունից մինչեւ գործվածքը հյուսելու եւ հարդարելու փուլեր: Այս գործընթացն իրականացվում է արտադրության գլխամասում, որը գտնվում է Բիելլա գավառի Վալդիլանա փոքրիկ քաղաքի գեղատեսիլ լեռներում: «Արտադրության գործընթացում մեկ այլ կարեւոր բաղադրիչ է Բիելլայի յուրահատուկ ջուրը: Այն իսկապես տարբերվում է այլ երկրների եւ անգամ Իտալիայի այլ շրջանների ջրից: Եթե գործի դնենք միեւնույն մարդկանց, կիրառենք միեւնույն բուրդն ու սարքավորումները, բայց ջուրը վերցնելու համար գնանք Բիելլայից 100 կմ հեռու, միեւնույն արդյունքը չենք ստանա»,- պարզաբանում է REDA Group-ի համասեփականատերը: REDA-ն նաեւ շատ խստապահանջ է իր արտադրանքի հանդեպ՝ հնարավոր լավագույն որակին հասնելու համար: Ինչպես նշում է Գուլելմոն, որակի համապատասխանությունը ստուգվում է 4 անգամ գործվածքի յուրաքանչյուր շարքի համար, եւ եթե արդյունքը նրանց չի բավարարում, ապա արտադրանքը շուկա դուրս չի գալիս: REDA-ում «տեղում չեն նստում»HENDERSON-ի եւ REDA-ի համագործակցությունը լայնորեն ընթանում է ինչպես պատրաստի արտադրանքի, այնպես էլ անհատական կարի ծառայության ուղղություններով: Գուլելմո Բոտո Պուալայի խոսքով՝ ընկերությունները կշարունակեն ընդլայնել իրենց համագործակցությունը նաեւ կանացի հագուստի ուղղությամբ: «Շատ հեշտ է համագործակցել HENDERSON-ի հետ, որովհետեւ Ռուբեն Հարությունյանը մշտապես աջակցում է մեր որոշումներին եւ հետեւում այն ուղղությանը, որը մենք ընտրում ենք: Մենք դա շատ ենք գնահատում»,- ասում է Գուլելմոն: REDA-ի արտադրանքը բաժանվում է 3 հիմնական գծի. REDA 1865-ը ներկայացնում է հատուկ ձեւվածքների համար նախագծված բարձրորակ դասական գործվածքներ, REDA Active-ը՝ հանգստի եւ սպորտային հագուստի գործվածքներ, իսկ REDA Flexo-ն նոր «smart stretch» տեսակի գործվածք է, որը համատեղում է նորարարությունը եւ շրջակա միջավայրի հանդեպ հոգատար վերաբերմունքը: «Մեր ընկերությունը երբեք տեղում չի նստում, մենք միշտ փնտրում ենք նոր հնարավորություններ»,- հավելում է Գուլելմոն: REDA Group-ը հատուկ ուշադրության է արժանացնում կայուն զարգացման եւ շրջակա միջավայրի պահպանությանն առնչվող հարցերը: Այն ներդնում է իր բոլոր ջանքերը ավելի «կանաչ» դառնալու համար՝ զարգացնելով արտադրության շրջանաձեւ եղանակները: Սրան զուգադրվում է նորարարական տեխնոլոգիաների կիրառումը: «Երբեմն մեր գործարանի բաժիններ այցելելիս կարող եք մարդկանց չտեսնել, որովհետեւ գործընթացներն ավտոմատացված են»,- ասում է Գուլելմո Բոտո Պուալան: 2022 թվականին ընկերությունը ստացել է «B Corp» հավաստագիր, որը փաստում է՝ REDA Group-ի բիզնեսը բավարարվում է կատարողականի, հաշվետվողականության եւ թափանցիկության ամենաբարձր չափանիշներին:«Մենք առաջին իտալական տեքստիլ ընկերությունն ենք եւ աշխարհի փոքրաթիվ ընկերություններից մեկը, որն արժանացել է այս հավաստագրին»,- հավելում է REDA Group-ի համասեփականատերը: Վաճառքում լինել «արծի՞վ», թե՞ «հրեշտակ»REDA-ն ուրախ էր HENDERSON-ի՝ նախորդ տարի հայկական շուկա մուտք գործելու որոշմամբ: Ընկերության համար նոր շուկաները մշտապես խոստումնալից են բացվող հնարավորությունների տեսանկյունից: «Ուրախ եմ առաջին անգամ Երեւանում լինել: Լիահույս եմ, որ մարդիկ կհավատան HENDERSON-ին եւ REDA-ին: Իմ կարծիքով, շատ լավ կլիներ, եթե Հայաստանում ավելի շատ HENDERSON-ի խանութներ լինեին, եւ հույս ունեմ հաջորդ այցիս դրանցից ավելի շատ տեսնել»,- ասում է Գուլելմո Բոտո Պուալան: Այս պահին Երեւանում գործում է HENDERSON-ի երկու խանութ սրահ՝ «Rio mall»-ում եւ քաղաքի պատմական կենտրոնում՝ Սայաթ-Նովայի պողոտայում: HENDERSON կոստյում REDA կտորից, 2023 գարուն-ամառ հավաքածու Լուսանկարը՝ HENDERSON Այցի ընթացքում REDA-ի մասնագետները վարպետության դաս են անցկացրել HENDERSON-ի աշխատակիցների հետ եւ ներկայացրել նրանց REDA-ի հավաքածուների մասին ամբողջական տեղեկատվությունը՝ օգնելով նրանց հասկանալ արտադրանքի արժեքը: «Վաճառողների 2 տեսակ կա՝ «արծիվներ» եւ «հրեշտակներ»: «Արծիվներն» այն վաճառողներն են, որոնք ցանկանում են վաճառել ամեն ինչ, որովհետեւ դրա համար հավելավճար են ստանում, սակայն նրանց չեն հետաքրքրում հաճախորդի կարիքները: Երբ հաճախորդը մտնում է խանութ եւ դեռ կասկածներ ունի, թե ինչ պետք է գնի, արծիվ-վաճառողի մոտեցումը նրան վախեցնում է եւ նա, ի վերջո, ոչինչ չի գնում: Մենք այստեղ ենք օգնելու HENDERSON-ի աշխատակիցներին դառնալ հրեշտակ-վաճառողներ: Վերջիններս ներկայացված արտադրանքի մասին ամեն ինչ գիտեն եւ լավ պատրաստված են պատասխանելու այն բոլոր հարցերին, որոնք կարող են ծագել հաճախորդի մոտ: Երբ հաճախորդը տեսնում է այսպիսի վաճառողի, նա դառնում է հետաքրքրասեր, խորհուրդ հարցնում, ի վերջո, անպայման գնում է կատարում եւ խանութից հեռանում ուրախ տրամադրությամբ: Դրանից հետո նա իր ընտանիքի անդամներին եւ ընկերներին անպայման կպատմի իր գնած ապրանքի մասին եւ կփոխանցի այն նոր տեղեկությունը, որ վաճառողից սովորել է գործվածքի, արտադրական գործընթացի եւ որակի մասին: Սա է վաճառքների ավելացման գաղտնիքը՝ ստեղծել հավելյալ արժեք բարձրորակ սպասարկման միջոցով»,- ամփոփում է Գուլելմո Բոտո Պուալան: Գայանե ԵնոքյանԼուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի Tweet Դիտում՝ 51810