Կանայք «օդերում»՝ Fly Arna-ի հետ

07.03.2023 | 21:43 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
Fly Arna հայկական ազգային ավիաուղիներում կարիերայի աճի եւ երազանքների աշխատանքն ունենալու հնարավորություն շատ կանայք ունեն: Ազգային ավիաուղիների 121 աշխատակցից 61-ը կին են, որոնցից մի քանիսի հետ Banks.am-ը զրուցել է ազգային ավիաուղիներին միանալու, աշխատանքային հնարավորությունների եւ հեռանկարների մասին:

Վերա Ավետյան, ավագ բորտուղեկցորդուհի

Տուրիզմի մասնագետ եմ, ոլորտում 7 տարվա աշխատանքային փորձ ունեմ: Ոլորտից դուրս գալուց հետո միշտ ցանկացել եմ այնպիսի աշխատանք ունենալ, որն ինչ-որ զուգահեռներ կունենա մասնագիտությանս հետ: Fly Arna-ն բորտուղեկցորդի հաստիքի համար ընդունում է ինքնակենսագրականներ. սա լավագույն հայտարարությունն էր, որ կարդացի ամիսներ առաջ:

Առաջին աշխատակիցներից մեկն եմ, ով միացել է Fly Arna-ի թիմին: Մինչ այդ չէի էլ պատկերացնում, որ մի օր ավիացիայի ոլորտում կաշխատեմ: Բորտուղեկցորդի աշխատանքի համար հայտարարությունը տեսա եւ անմիջապես դիմեցի, բայց, չգիտեմ ինչու, վստահ էի, որ չեմ ընդունվի, քանի որ ոլորտում աշխատանքային փորձ չունեի: Այնուամենայնիվ, դիմեցի եւ պատկերացրեք զարմանքս որքան մեծ էր եւ հաճելի, երբ հրավիրեցին հարցազրույցի: Դասընթացների եւ քննությունների ողջ փուլը հաջողությամբ անցնելուց հետո մասնակցեցի առաջին թռիչքին եւ իրականացրեցինք պրակտիկ թռիչքներ Air Arabia-ում:

Վերա Ավետյանը


Առաջին օրից ընկերության հետ եմ եւ նրա քարը քարին դնելու, աշխատանքային մշակույթը ձեւավորելու մասնակիցներից մեկն եմ, ով հնարավորություն ունի ընկերության հետ միասին աճելու, ինչն արդեն հասցրել եմ վայելել՝ ամիսներ անց ավագ բորտուղեկցորդուհի դառնալով: Իրականում դա տքնաջան աշխատանքի արդյունքում է եղել, բայց երբ աշխատում ես մի միջավայրում, որտեղ քեզ օտար չես զգում եւ հարմարվելու խնդիր չունես, ավելի մեծ եռանդով եւ նվիրումով ես աշխատում:

Աիդա Գաբրիելյան, Fly Arna-ի թռիչքային գործունեության ադմինիստրատոր

Ես այն եզակի երջանիկ մարդկանցից եմ, ով սիրելի ոլորտում արդեն 20 տարվա աշխատանքային փորձ ունի: 22 տարեկանից ավիացիայի ոլորտում եմ, գործունեությունս սկսել եմ այն ժամանակ «Արմավիա» ավիաընկերությունում, հետո շարունակել տարբեր ավիաընկերություններում:

2014 թվականից սկսեցի աշխատել Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունում եւ գործունեությունս մինչեւ նախորդ տարի այնտեղ էր: Այնուհետեւ հրավեր ստացա Fly Arna-ից, ինչը մեծ սիրով ընդունեցի: Ազգային ավիաուղիներում աշխատանքս կապված է թռիչքային անձնակազմի փաստաթղթաշարժի հետ, ինչը սերտ կապ ունի թռիչքային անվտանգության հետ: Ոլորտի տարբեր ճյուղերում եմ աշխատել, հիմա գործունեությունս թռիչքների հետ է կապված, ինչը բավականին հետաքրքիր է եւ բազմաշերտ, քանի որ գործ ունենք միջազգային ստանդարտների հետ:

Աիդա Գաբրիելյանը


Fly Arna-ի մասնագիտական թիմում հավաքվածներից շատերն իմ նախկին կոլեգաներն են, որոնք եւս տարիների փորձ ունեն: Կարող ենք փաստել, որ այստեղ միաձուլվել է հինը նորի հետ, ժամանակակիցը՝ փորձառության հետ, ինչը մեզ նոր շունչ է տալիս՝ շատ սպասված ազգային փոխադրողին երկար տարիների կյանք եւ անխափան թռիչքներ ապահովելու համար:

Անի Մաթեւոսյան, Fly Arna-ի Cozmo travel վաճառքի գլխավոր գրասենյակի ղեկավար

Ավիացիոն ոլորտում աշխատանքս սկսել եմ 2008թ.-ից․ աշխատել եմ ամենատարբեր օղակներում եւ տարբեր ավիաընկերությունների գրասենյակներում: Երբ առաջարկ ստացա միանալ Fly Arna-ի թիմին, միանգամից համաձայնեցի, քանի որ նախկինում ունեցել եմ փորձ հայկական ավիաուղիներում աշխատելու եւ գիտակցում եմ ազգայինն ունենալու կարեւորությունը: Ազգային ավիաուղիները ներկայացնելն ընդհանրապես շատ ավելի պատասխանատու է, ինչը հաստատուն կերպով նստած է թիմում․ դա նաեւ այն շարժիչ ուժն է, ինչին բոլորս հավատում ենք:

Արդեն 8 ամիս է այստեղ եմ աշխատում, եւ կոնկրետ ինձ համար մեր թիմի առաջնային հավաքական ձգտումը հաճախորդներին մշտապես բարձր որակի սպասարկում ապահովելն է։

Անի Մաթեւոսյանը


Ավիացիան այն ոլորտն է, որտեղ քո նվիրումի դիմաց ամեն օր ինչ-որ նոր բան ես սովորում: Չնայած, որ ես ոլորտի տարիների փորձով եմ եկել, բայց յուրաքանչյուր ավիաընկերություն ունի իր աշխատաոճն ու կանոնները, այն կարծես կենդանի օրգանիզմ լինի, անընդհատ առաջ է գնում՝ աշխատակիցներին հնարավորություն տալով դառնալ միջազգային ստանդարտներին համապատասխան մասնագետ:

Ջուլիա Բադալյան, Fly Arna-ի վաճառքների պատասխանատու

Այն փաստը, որ աշխատում եմ նորաբաց ազգային ավիաուղիներում, որը երկար տարիներ չենք ունեցել եւ իմ փոքրիկ ներդրումն եմ ունենում նորի ստեղծմանն ու առաջխաղացմանը, անչափ հաճելի է: Ահա այս տրամադրությամբ է իմ աշխատանքային ամեն օրը սկսվում Fly Arna-ում:

Ջուլիա Բադալյանը


Մինչ այս՝ 2 տարի աշխատել եմ Air Arabia խմբի հայաստանյան գրասենյակում, որն ինձ բավականին փորձ ու գիտելիք էր արդեն փոխանցել ավիացիոն ոլորտում աշխատելու եւ արդեն 2022թ.-ի հուլիսին՝ Fly Arna-ի բացվելուն պես միանգամից տեղափոխվեցի այստեղ՝ որպես վաճառքների աջակցող: Air Arabia-ում ունեցածս փորձն ինձ շատ օգնեց կարճ ժամանակում ինտեգրվել աշխատանքին եւ ամիսներ անց արդեն առաջընթաց ունենալ՝ դառնալով վաճառքների պատասխանատու:

Գայանե Անտոնյան, Fly Arna-ի մամուլի խոսնակ

Հանրային կապերի ոլորտում իմ կարիերայի պատմությունը սկսեց այն պահին, երբ մի օր իմ կարողություններին հավատացին ավելի շատ, քան ինքս երբեւէ հավատացել եմ։ Սա, իհարկե, ոգեշնչեց, սակայն միեւնույն ժամանակ պարտավորեցրեց ինձ անել ավելին եւ արդարացնել այդ սպասումները։ Միշտ սիրել եմ աշխատել ետնաբեմում, չլինել ուշադրության կենտրոնում եւ, հատկապես, խուսափել եմ քննարկումների սեղանի շուրջ հայտնվելուց։ Հստակ հիշում եմ, որ ամեն ինչ սկսեց հենց նման քննարկումների սեղաններից մեկի շուրջ նստելու հրավերից։

Գայանե Անտոնյանը


Հայկական ազգային ավիաուղիներում աշխատելու առաջարկը մեծ ոգեւորությամբ եմ ընդունել, քանի որ հատուկ վերաբերմունք ունեմ հայկականի եւ ազգայինի նկատմամբ։ Գրեթե մեկ ու կես տարի առաջ նախաձեռնեցի «Made in Armenia» նախագիծը, որի շրջանակում տարբեր իրազեկման արշավներ էինք իրականացնում հայկական արտադրության ապրանքների, ծառայությունների համար։ Միայն այն միտքը, որ պետք է աշխատեմ ազգայինի հաջողության համար, բավական էր մեծ ոգեւորությամբ առաջարկն ընդունելու համար։

Մինչ այսօր նույն ոգեւորությամբ շարունակում եմ աշխատանքս ազգային ավիաուղիներում, որտեղ հավատում եւ վստահում են կին աշխատակիցներին՝ հնարավորություն տալով աճել ու զարգացնել իրենց կարիերան։ Մեր ավիաընկերությունն այս պահին ունի 121 աշխատակից, որոնցից 61-ը կին են։ Հպարտությամբ եմ նույն թիմում աշխատում 61 հիանալի կին մասնագետների հետ։

Արփի Ջիլավյան

Լուսանկարները` Էլեն Գասպարյանի
Դիտում՝ 18933
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW