Իդրամի նոր նախագիծը՝ երեխաների համար․ կգործարկվի Idram Junior բջջային հավելվածը

24.10.2022 | 15:05 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
Հայաստանում առաջին անգամ կգործարկվի ֆինանսական հավելված 8-14 տարեկան օգտատերերի համար։ Իդրամ ընկերությունը ներկայացնում է «Idram Junior» բջջային հավելվածը, որը երեխաներին հնարավորություն է տալու անկանխիկ գումար ունենալ եւ անհպում վճարումներ կատարել, իսկ ծնողներին՝ վերահսկել երեխաների ֆինանսական գործողությունները։



Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ մանկական ամենամյա խոշոր ցուցահանդես-տոնավաճառը՝ «MOM&KID EXPO 2022»-ը, որտեղ էլ Իդրամ ընկերությունը ներկայացված էր իր բրենդավորված տաղավարով։ Հոկտեմբերի 21-ից 23-ն այստեղ Իդրամի աշխատակիցներն իրենց մեծ ու փոքր այցելուներին ծանոթացրին նոր հավելվածի մանրամասներին, բոլոր հնարավորություններին ու առավելություններին։



«Երեխաներ, ֆինանսներ, գրագիտություն»՝ այս խորագրով էլ ընկերությունը ներկայացնում է իր նոր նախագիծը, որի հեղինակները Banks.am-ի հետ զրույցում պատմել են ստեղծման գաղափարի, դրա անհրաժեշտության ու կարեւորության մասին։



«Հավելվածի գաղափարը դեռ տարեսկզբից է եղել, բայց քանի որ մեզ համար շատ կարեւոր է մեր փոքրիկ օգտատերերի եւ նրանց ծնողների կարծիքները, Idram Junior-ը դեռ թեստավորման փուլում է։ Ուստի բոլոր կամավոր թեստավորողների ներդրումը շատ մեծ ու օգտակար գործ կլինի մեզ համար, որովհետեւ նրանց դիտարկումներն ու առաջարկներն անպայման հաշվի են առնվելու։

Սեւակ Շիրաչյանը


Շուտով ունենալու ենք օնլայն հարթակ, որտեղ մարդիկ կարողանալու են գրանցվել ու միանալ մեր թեստ-խմբին։ Նաեւ ընդգծեմ, որ հավելվածի ստեղծման հենց առաջին փուլից սկսած մինչեւ այժմ ու նաեւ հետագայում էլ աշխատելու ենք հոգեբանների խմբի հետ, որովհետեւ մեր նպատակը միայն հավելված թողարկելը չէ, այլեւ այն, որ հավելվածը հարմար, կիրառելի ու անվտանգ լինի մեր փոքրիկ օգտատերերի համար»,- լրագրողների հետ զրույցում ասաց Իդրամ մարքեթինգի նախագծերի ղեկավար Սեւակ Շիրաչյանը։



Այսպես, Idram Junior հավելվածով երիտասարդ օգտատերերը կարողանալու են անհպում QR-վճարումներ կատարել բոլոր այն կետերում, որտեղ առկա է Իդրամով վճարման հնարավորություն։ Այս պահի դրությամբ հավելվածի հիմնական գործառույթներն են.
 
- անհպում QR-վճարումների կատարումը,
- փոխանցումների ստացումն ընտանիքի անդամներից,
- փոխանցումների կատարումը ընտանիքի անդամների Իդրամ հաշիվներին,
- հավելվածի ծառայությունների դաշտից հեռախոսահամարի լիցքավորումը։

Նախագծի հեղինակներն ասում են՝ հետագայում այս գործառույթներին կավելանան նորերը, բայց սկզբնական փուլում շեշտը դրված է անվտանգության բաղադրիչի վրա։ Փոքրիկ օգտատիրոջ դրամապանակը լիցքավորվում է փոխանցումներով․ անհրաժեշտ է նշել, որ երեխան դեռեւս միայն իր ընտանիքի անդամներից կարող է փոխանցումներ ստանալ։ Այս սահմանափակումը դրվել է լրացուցիչ անվտանգություն ապահովելու համար՝ խուսափելու օտար մարդկանց հետ գումարային հարաբերություններից։ Ստացվում է, որ ծնողը, ինչպես նախկինում, ինքն է որոշում՝ ինչ գումար տրամադրել երեխային, սակայն նույնը տեղի է ունենում նորարար ձեւով՝ երեխային տալով ֆինանսական անկախության զգացողությունը։ Ստացվում է՝ երեխան ստեղծում է սեփական հաշիվը, որը մշտապես ծնողի հսկողության տակ է։



Բացի այդ, կարեւորվում է երեխաների ֆինանսական գրագիտության բարձրացումը, նրանք սովորում են ինքնուրույն լինել ու պատասխանատվություն կրել ֆինանսական միջոցների տնօրինման հարցում։ Իդրամ ընկերության մարքեթինգի ստորաբաժանման  ղեկավար Տաթեւիկ Հովհաննիսյանն իր խոսքում նկատում է՝ Idram Junior-ը ֆինանսական նոր աշխարհ է, որը հետաքրքիր երկխոսության եւս մեկ հարթակ է լինելու ծնողի ու երեխայի միջեւ․ «Անհրաժեշտ է չափավոր, հավասարակշռված մոտեցում՝ երեխային աստիճանաբար սովորեցնելու համար, թե ինչ է փողը, ինչպես տնօրինել, ինչպես խնայել, առհասարակ՝ ինչպես է շրջանառվում դրամը»,- ասում է նա։



Իդրամի հասարակայնության հետ կապերի ստորաբաժանման ղեկավար Տաթեւիկ Վարդեւանյանն էլ հավելեց, որ առաջիկայում նախատեսվում է հավելվածում ավելացնել մի շարք այլ օգտակար գործառույթներ՝ դարձնելով դրանք հնարավորինս զվարճալի եւ հետաքրքիր կրտսեր օգտատերերի համար։



Նա նշեց, որ մոտակա ամիսներին Idram Junior հավելվածը հասանելի կդառնա թե՛ Android, թե՛ iOS օպերացիոն համակարգերի օգտատերերի համար, եւ իրենք համոզված են, որ այն մեծ պահանջարկ ու հետաքրքրություն է վայելելու երեխաների եւ նրանց ծնողների կողմից։

Ծրագրի մանրամասներին ու առաջիկա նորություններին ծանոթանալու համար կարող եք հետեւել Իդրամ ընկերության պաշտոնական էջերին՝

https://www.facebook.com/idramjunior

https://instagram.com/idramjunior?igshid=YmMyMTA2M2Y=

https://www.idram.am/

https://www.facebook.com/idram.am

https://www.instagram.com/idram.am/

Աստղիկ Իսկանդարյան

Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի
Դիտում՝ 20579
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW