ՀՀ կառավարությունը պետք է աշխատանքներ կատարի՝ նվազեցնելու ռուսաստանաբնակների եւ ռուսաստանյան կազմակերպությունների կենտրոնացումը Երեւանում՝ Ռուսաստանից ժամանումների հոսքն ուղղելով դեպի մարզեր։ Այս տեսակետն է հայտնել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) ասպիրանտ Արաքսյա Բարսեղյանը «Ամբերդ» տեղեկագրում հրապարակված հոդվածում։ Հեղինակն ընդգծել է, որ Ռուսաստանից Հայաստան ժամանողների գերակշիռ մասը նախընտրում է Երեւանը։ Այս մասին վկայող հանգամանքներից մեկը՝ Երեւանի անշարժ գույքի շուկայում բնակարանների վարձակալության գների կտրուկ աճն է։«Բնակարանների վարձակալության գների աճը հիմնականում կազմում է 20-30%, իսկ որոշ դեպքերում՝ նույնիսկ ավելի: Դա, նախ եւ առաջ, պայմանավորված է մեծ պահանջարկով, որը շուկան պատրաստ չէ բավարարելու, ուստի արձագանքում է գների բարձրացմամբ։ Այս երեւույթն արտացոլում է Երեւանում առկա բնակարանային անբավարարության խնդիրը, որը Ռուսաստանից մեծ ներհոսքի պայմաններում էլ ավելի է սրվել»,- գրել է Արաքսյա Բարսեղյանը։ Banks.am-ի հետ զրույցում նա հավելել է, որ այստեղ կա նաեւ արհեստական թանկացում: Շատ դեպքերում բնակարանների սեփականատերերը՝ օգտվելով ռուսաստանաբնակների առավել գնողունակ լինելու հանգամանքից, արհեստականորեն բարձրացրել են բնակարանների գները՝ հաճախ նաեւ հայ վարձակալներին դուրս բերելու հաշվին։ 10.05.2022 | 14:18 «Ռուս-ուկրաինական հակամարտություն. հայացք Երեւանից»՝ «Ամբերդ»-ի նոր համարում Ըստ հոդվածի հեղինակի՝ ուսաստանաբնակների եւ ռուսաստանյան ընկերությունների Երեւան տեղափոխվելը հանգեցրել է նաեւ տրանսպորտային, երթեւեկության համակարգի ծանրաբեռնմանը, ավելացրել տրանսպորտային հոսքերի քանակը։ Երեւանն առանց այդ էլ գերբնակեցված է․ 2021 թվականի տարեսկզբի դրությամբ մայրաքաղաքում է կենտրոնացած Հայաստանի բնակչության 36,8%-ը։ Արաքսյա Բարսեղյանը Լուսանկարը՝ Անձնական արխիվից «Վերջին շրջանի թանկացումները պայմանավորված են ինչպես ընդհանուր գործոններով, այնպես ռուս-ուկրաինական պատերազմի ազդեցությամբ: Պետք է ընդգծել, որ թանկացել են ինչպես ծառայությունները, այնպես էլ մի շարք ապրանքատեսակները: Կարծում եմ, որ ռուսաստանաբնակների մեծ ներհոսքը դեպի ՀՀ նույնպես որոշ չափով կարող է նպաստել գնաճին, սակայն հստակ գնահատական տալ դեռեւս չենք կարող, պատկերը երկարաժամկետում առավել ակնառու կլինի։ Այս համատեքստում հարկ է նշել, որ ինչպես բնակարանների վարձակալության պարագայում, ծառայությունների որոշ տեսակների մասով եւս արհեստական թանկացումներ առկա են»,- Banks.am-ին ասել է Արաքսյա Բարսեղյանը։ Նա նաեւ հնարավոր է համարել որոշակի գնանկումը պատերազմի ավարտից հետո ՌԴ քաղաքացիների՝ հայրենիք վերադառնալու պարագայում։ Դեպի Երեւան նման հոսքն ունի նաեւ դրական կողմեր, որոնց մասին հեղինակը չի մոռանում․ «Ռուսաստանաբնակների տեղափոխվելը Երեւան նպաստում է սպառման, ինչպես նաեւ հարկային եկամուտների ավելացմանը, բնակչությանը մատուցվող ծառայությունների ընդլայնմանը: Եթե հաշվի առնենք այն փաստը, որ Երեւան տեղափոխվածների մեջ մեծ թիվ են կազմում ՏՏ ոլորտի կազմակերպությունները եւ մասնագետները, ապա կարող ենք նաեւ հավաստել, որ դա դրականորեն կանդրադառնա քաղաքում ՏՏ ոլորտի զարգացման վրա»,- պարզաբանել է նա։ Լուսանկարը՝ Photolure Այդուհանդերձ, երկարաժամկետում ռուսաստանաբնակների կենտրոնացումը Երեւանում կարող է սրել մայրաքաղաքում առկա հիմնախնդիրներն ու նոր դժվարություններ առաջացնել։ Դրանից խուսափելու ճանապարհը Արաքսյա Բարսեղյանը տեսնում է ռուսաստանցիների հոսքը դեպի մարզեր ուղղելու մեջ։ Հարցին, թե ինչպես է պատերացնում դրա իրագործումը, Արաքսյա Բարսեղյանը պատասխանել է․«Այս հարցի պատասխանը մեծապես կախված է նրանից, թե ինչ նպատակներով են ռուսաստանաբնակները ժամանել Երեւան: Եթե նպատակը առավելապես ժամանակավոր հարմար բնակավայր գտնելն է, ապա առավել հավանական է, որ նրանք կնախընտրեն քաղաք Երեւանը, որտեղ օրվա ցանկացած ժամի կարող են ցանկացած տեսակի ծառայությունից օգտվել, այլցելել մշակութային, ժամանցի, տեսարժան վայրեր: Այս պարագայում լավ այլընտրանք կարող են լինել Երեւանին մոտ գտնվող քաղաքները, ինչպես նաեւ ՀՀ երկրորդ եւ երրորդ խոշոր քաղաքները, որտեղ նրանք քիչ թե շատ կարող են հարմար պայմաններ գտնել: Իսկ, ահա, այն ռուսաստանաբնակները, որոնք Երեւան են ժամանել աշխատանքի համար, հատկապես ՏՏ ոլորտի մասնագետները, կարող են որպես հարմար այլընտրանք դիտարկել Երեւանից հեռու գտնվող բնակավայրերը։ Նրանք հիմնականում աշխատում են հեռավար, ուստի հնարավոր է պակաս նշանակություն տան, թե երկրի որ հատվածում են գտնվում։ Այստեղ մարզեր տեղափոխվելու օգտին է նաեւ վարձակալության գների մատչելիությունը»,- պարզաբանել է նա։ Գայանե Ենոքյան Tweet Դիտում՝ 45456