“ALH-ն կդառնա կրթության նոր միջավայր”

20.09.2008 | 14:56 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

ABBYY ընկերության տնօրենների խորհրդի նախագահի, “Այբ” նախագծի նախաձեռնողներից մեկի` Դավիթ Յանի հարցազրույցը ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանն ու Banks.am պորտալին

Դավիթ Յանը ABBYY ընկերության տնօրենների խորհրդի նախագահն է, որը ստեղծել է այնպիսի հայտնի համակարգչային ծրագրեր, ինչպիսիք են Lingvo-ն եւ FineReader-ը: Այսօր աշխարհի 138 երկրներում կիրառվում են 10 լեզվական ուղղություններով 128 Lingvo բառարաններ, իսկ աշխարհի յուրաքանչյուր երկրորդ սկաները համալրված է տեքստի ճանաչման FineReader ծրագրով:

Դավիթ Յանը ծնվել է 1968 թ. հունիսի 3-ին Երեւանում: 1992 թ. նա ավարտել է Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի /ՄՖՏԻ/ ընդհանուր եւ կիրառական ֆիզիկայի ֆակուլտետը: Լինելով ՄՖՏԻ-ի չորրորդ կուրսի ուսանող` Դավիթը հիմնել է իր առաջին ընկերությունը` BIT Software-ն, որը հետագայում վերանվանվել է ABBYY:

Ս.թ. հունիսին Դավիթ Յանն ու իր համախոհները Երեւանում հանդիպեցին Հայաստանի նախագահին ու վարչապետին եւ նրանց հետ քննարկեցին Երեւանում ALH “ապագայի գիմնազիա” հիմնելու նախագիծը:

- Դավիթ, ինչպե՞ս է ծնվել “Այբ” ակումբ եւ կրթական հիմնադրամ ստեղծելու գաղափարը: Ե՞րբ է նախագիծը սկսել կյանքի կոչվել եւ ներկայումս ի՞նչ փուլում է այն գտնվում:

- Իրականում կան երեք նույնանուն կառույցներ` “Այբ ակումբ”, “Այբ կրթական հիմնադրամ” եւ Ayb Learning Hub (ALH) կրթական կենտրոն:

“Այբ”-ի բոլոր հիմնադիրները ՄՖՏԻ-ի շրջանավարտներ են, նրանցից շատերն ավարտել են Երեւանի ֆիզիկամաթեմատիկական դպրոցը: Այն ամենը, ինչին մենք հասել ենք կյանքում, հնարավոր է դարձել մեր ստացած կրթության շնորհիվ: Եվ այդ պատճառով մեր բոլոր հանդիպումներում մենք քննարկում էինք, թե ինչո՞վ կարող ենք օգտակար լինել ինչպես մեր դպրոցին, այնպես էլ Հայաստանի կրթական համակարգին:

Գաղափարն ապրում էր մեր մեջ դեռ այն ժամանակ, երբ մեր ընկերները սովորելու էին մեկնում արտասահման, ապա մեկնեցինք նաեւ մենք, իսկ հետո` մեր կրտսեր ընկերները: Բոլորը ձգտում էին ինչ-որ բանի, բոլորն ինչ-որ բանի հասան, եւ բոլորը ցանկանում էին օգնել այդ ուղով գնացողներին: Ավագների կողմից ստացածին մենք ավելացնում էինք որեւէ նոր բան եւ փոխանցում կրտսերներին, սակայն ամենակարեւորն այն է, որ մենք շատ էինք ցանկանում, որպեսզի նրանք վարվեն նույն կերպ: Բոլորս ցանկանում էինք “վերադառնալ” արմատներին եւ այնպես անել, որ “մեր ճակատագրերի անիվը” շարունակի պտտվել: Շատ կարեւոր էր ոչ թե մեկ-երկու բարի գործ կատարել, այլ հիմնել մի համակարգ, որը կմիավորեր մարդկանց, ովքեր իրենց ոչ շատ մեծ ֆինանսական ռեսուրսները ներդնում են հասարակայնորեն նշանակալի նպատակների իրագործման համար: “Այբ” ակումբը կամ հանրույթը միավորում է այդ մարդկանց, ովքեր ունեն գաղափար, դրա իրագործման համար գումար են ներդնում եւ անձնական մասնակցություն են ցուցաբերում երիտասարդ սերնդի ճակատագրերի կերտմանը:

“Այբ”-ի սկիզբը կարելի է համարել Մոսկվայում 2006 թվականի փետրվարյան մեր հանդիպումը: Հենց այդ ժամանակ գաղափարը բյուրեղացավ, ձեւավորվեց ընդհանուր պատկերը, ընտրվեց նախագծի ղեկավարը եւ որոշվեցին հետագա կոնկրետ քայլերը: Թիմը ձեւավորվեց նույն տարվա ամռան-աշնանը, իսկ դեկտեմբերին ՙԱյբ՚ կրթական հիմնադրամը պաշտոնապես գրանցվեց: 2007 թվականի մայիսին հիմնադիրների ընդհանուր հավաքում հաստատվեց կրթության կարեւորությունը գիտակցող եւ հանուն կրթության զարգացման միավորված մարդկանց հանրույթ հանդիսացող “Այբ” ակումբի կանոնադրությունը:

Ակումբի կարեւոր առանձնահատկությունը դաստիարակության ինստիտուտն է: Ակումբի յուրաքանչյուր անդամ Հիմնադրամի ծրագրերի շրջանավարտների համար իրենց ուսուցման ու կարիերայի զարգացման գործընթացում հանդիսանում է նաեւ դաստիարակ: Հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերը օրինակելի մոդելների ստեղծման նախագծեր են: Երեւանի ֆիզիկամաթեմատիկական դպրոցի հիմքի վրա մենք ստեղծել ենք ֆիզիկայի ու քիմիայի մոդելային ուսումնական լաբորատորիաներ, որոնց համարժեքը Հայաստանում չկա: Մենք մշակել եւ իրագործել ենք երեխաների ընտրության ու նախապատրաստման ծրագիրը, որի շրջանավարտներն արդեն սովորում են MIT-ում (Massachusetts Institute of Technology) եւ ՄՖՏԻ-ում:

“Այբ” կրթական հիմնադրամը հիմնվել է ֆինանսական ռեսուրսների կուտակման եւ դրանց կառավարման նպատակով: Հիմնադրամը կրթության ոլորտում իրականացնում է մի շարք նախագծեր. ֆիզիկայի ու քիմիայի լաբորատորիաների հիմնում եւ դրանց կառավարում, օլիմպիադաների եւ մրցույթների կազմակերպում, մեթոդական նյութերի մշակում, հետազոտություններ կրթության ոլորտում:

“Այբ” հիմնադրամի խոշորագույն նախագիծը Քանաքեռի Ayb Learning Hub-ն (ALH) է: ALH-ն կրթության հայեցակարգային նոր միջավայր է, որտեղ դպրոցը (ինչպես մենք ենք անվանում` ապագայի գիմնազիան) հանրույթի հիմնական դերն է խաղում: Այժմ մենք գտնվում ենք ALH-ի շինարարության համար միջազգային ճարտարապետական մրցույթի կազմակերպման փուլում:

- Հունիսին Դուք եւ Ձեր համախոհները Երեւանում հանդիպեցիք Հայաստանի վարչապետին: Վերջին ամիսների ընթացքում Տիգրան Սարգսյանը հաճախ է նշել, որ կրթական հարցերը պետք է Հայաստանի համար հիմնական առաջնահերթություն հանդիսանան: Ինչպիսի՞ն է լինելու Ձեր հիմնադրամի եւ Հայաստանի իշխանությունների գործնական համագործակցությունը:

- Հայաստանի կառավարությունը լիովին աջակցում է “Այբ” նախաձեռնությանը, ավելին, պատրասատկամություն է հայտնել անմիջականորեն մասնակցել նախագծին: Դա շատ կարեւոր է, քանի որ “Այբ” կրթական կենտրոնը կրթական միջավայրի ոչ միայն գեղեցիկ ու նոր գաղափար է, այլեւ Հայաստանի դպրոցական կրթության ազգային համակարգի մոդելի իրական հավակնորդ:

Ուրախալի է, որ այդ հարցի առաջնահերթությունը շեշտում է ոչ միայն Հայաստանի վարչապետը, կրթական հարցերը գտնվում են ոչ միայն ՀՀ նախագահի ուշադրության կենտրոնում, այլեւ հասարակությունն ընդհանուր առմամբ խորապես գիտակցում է կրթության առաջնահերթությունը` որպես նոր, ավելի լավ ապագայի կառուցման հենք: Դա արդեն տեսանելի է եւ ապագա նախագծի նկատմամբ լավատեսություն է ներշնչում:

- Ինչո՞վ է տարբերվելու 800 աշակերտի համար նախատեսված կրթական կառույցը, որը նախատեսում եք հիմնել Երեւանում, այլ միջնակարգ եւ բարձրագույն ուսումնական հաստատություններից: Ենթադրվու՞մ է արդյոք ուսուցման գործընթացում ներառել նաեւ արտասահմանյան դասախոսների:

- Մենք փնտրելու ենք տեղացի ականավոր դասախոսների, ինչպես նաեւ նպաստելու ենք նրանց ինքնադրսեւորմանը: Կհրավիրվեն նաեւ անվանի արտասահմանյան դասախոսներ: Միեւնույն ժամանակ, ALH կրթական կենտրոնի ռազմավարությունը ներառում է ինտենսիվ հաղորդակցություն աշխարհի տարբեր մասերում կրթվողների ու դասախոսների միջեւ` լիարժեք եւ ավելի արդյունավետ կրթություն տալու նպատակով: Մասնավորապես, ALH-ում նախատեսվում է ինչպես պրոֆեսորադասախոսական պայմանագրային կազմ /1-ից 5 տարի/, այնպես էլ հաճախակի կարճաժամկետ հրավերներ, ֆորումներ/համաժողովներ, վարպետության դասընթացներ եւ այլն:

Երբ մենք էինք սովորում, դասախոսների շարքում կային հսկաներ (չեմ թվարկի նրանց, քանի որ նրանք այդքան էլ շատ չէին, եւ չէի ցանկանա վիրավորել պարզապես լավ դասախոսներից որեւէ մեկին): Ամենակարեւորը այնպիսի մթնոլորտ եւ համակարգ ստեղծելն է, որտեղ կծնվեն “լուսատու դասախոսներ”: Չէ՞ որ մեզանից շատերը (այսինքն`յուրաքանչյուր մարդ) իրենց կրթությամբ պարտական են մի Ուսուցչի, որի ազդեցությունը դուրս է գալիս դասավանդման առարկայի շրջանակներից եւ անպայման կապված է դաստիարակության, անհատականության ձեւավորման ճանապարհն ընտրելու օգնության եւ բարոյական աջակցության հետ:

ALH դպրոցի տարբերությունը նաեւ այն է, որ այն ունի իր “Շրջանավարտների ակումբը”, ինչը դարձնում է այն Դպրոց` մեծատառով, քանի որ վկայում է այն մասին, որ տվյալ հաստատությունը կարող է “թողարկել” հաջողակ մարդկանց, որոնց միավորում են ընդհանուր արժեքները եւ որոնք ավարտելուց հետո օգնության են գալիս մայր բուհերին` նպաստելով իրենց նմանների վերարտադրման գործընթացին: “Այբ” դպրոցի “Շրջանավարտների ակումբը” շրջանավարտների վիրտուալ ակումբ է, բայց պակաս իրական չէ, քան աշխարհում գոյություն ունեցողներից յուրաքանչյուրը:

Դավիթ Յանի լուսանկարը` Ս. Շահիջանյանի

Դիտում՝ 6713
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW