«Երեւանի գինու օրերը» այս տարի կլինեն ավելի ընդլայնված ու անկանխիկ

01.06.2021 | 17:36 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
«Երեւանի գինու օրեր» միջոցառումը 2021-ի համար մի շարք նորություններ է խոստանում՝ ավելի մեծ թվով գինեգործներ, երկու բեմահարթակ, Սարյան ու Մոսկովյան փողոցներից բացի՝ Թումանյան փողոցը։ Այս տարվա նորություններից է նաեւ միջոցառման կտրոնների եւ փաթեթների անկանխիկ նախավաճառքը, որն իրականացվում է միայն Idram&IDBank հավելվածով։ Իդրամը հանդիսանում է՝ հունիսի 4-ին եւ 5-ին կայանալիք «Երեւանի գինու օրեր» միջոցառման անհպում վճարումների գործընկերը։

«Երեւանի գինու օրեր» միջոցառման կազմակերպիչ, EventToura ընկերության համահիմնադիր եւ տնօրեն Մերի Բադալյանը եւ Իդրամի մարքեթինգի ղեկավար Գոռ Ամիրյանը պատմում են «Գինու օրեր»-ի կազմակերպման ու նոր առաջարկների մասին:

Հինգերորդ անգամ

Մերի. «Երեւանի գինու օրեր»-ի հինգերորդ տարին է: Մենք այն շարունակաբար ասում ենք հինգ, չնայած 2020-ին համավարակի պատճառով միջոցառումն անցկացրել ենք առցանց (յոթ ժամ տեւողությամբ ու շատ հետաքրքիր բովանդակությամբ):

Ի տարբերություն նախորդ տարիների՝ այս տարվա «Երեւանի գինու օրեր»-ն ավելի ընդլայնված են, Սարյան ու Մոսկովյան փողոցներից բացի ավելացրել ենք Թումանյան փողոցը՝ մինչեւ Փարպեցի խաչմերուկ: Մեզ միացել են անհավանական մեծ թվով գինեգործներ. ամեն տարի էլ ունեցել ենք շատ հայտեր, բայց կարողացել ենք ընդունել միայն 25 գինեգործի, այս տարի թիվը հասել է 41-ի:

Հունիսի 4-ին եւ 5-ին լինելու են նաեւ մի շարք նոր գինիներ։ «Երեւանի գինու օրեր»-ը գինեգործի համար այն կարեւոր հարթակն է, որտեղ ինքն անմիջապես կարողանում է շփվել հաճախորդի հետ ու իր նոր արտադրանքի համար ֆիդբեք ստանալ: Այս միջոցառման նպատակն է զարգացնել գինու տուրիզմը Հայաստանում, ինչի արդյունքում շղթայական զարգանալու են հարակից ճյուղերը՝ գինեգործություն, խաղողագործություն, HoReCa սեգմենտը, փոքր եւ միջին ձեռնարկատիրությունը, ներդրումներ… Այս ամենի միասնությունն է «Երեւանի գինու օրեր»-ը դարձնում գինեգործության զարգացման կարեւորագույն միջոցառումներից մեկը:

Նորությունների շարքից

Ամեն տարի «Երեւանի գինու օրեր» միջոցառումը նվիրված է լինում որեւէ հոբելյանի։ Այս տարի այն նվիրված է Առնո Բաբաջանյանի 100-ամյակին, ինչի կապակցությամբ միջոցառման երկու բեմերից մեկում ամբողջովին հնչելու է Առնո Բաբաջանյանի երգ-երաժշտությունը:

Մերի Բադալյանը


Կարեւոր նորություններից է նաեւ տոմսերի անկանխիկ վճարումը, այժմ նախավաճառքը կատարվում է միայն Idram&IDBank հավելվածի միջոցով, միջոցառման ժամանակ նույնպես հնարավոր է լինելու տոմսերը գնել Իդրամի անհպում վճարային համակարգով։

Տոմսերը՝ նախապես ու անկանխիկ

Գոռ. EventToura-ի հետ Իդրամի համագործակցությունը մեկնարկել է դեռեւս երկու տարի առաջ, հասցրել ենք համատեղ երկու միջոցառում կազմակերպել:

Գոռ Ամիրյանը


Շատ էինք ցանկանում միասին աշխատել նաեւ «Երեւանի գինու օրեր» միջոցառման շրջանակում։ Ցավոք, 2020-ին համավարակի պատճառով մեր համագործակցությունը չստացվեց, բայց այս տարի այն իրականանում է, եւ Իդրամը հանդիսանում է «Երեւանի գինու օրեր»-ի անհպում վճարման գործընկերը:

Միջոցառման տոմսերի եւ փաթեթների նախավաճառքը կատարվում է միայն Idram&IDBank հավելվածի միջոցով, նախավաճառքի համար գործում է 5% քեշբեք: Միջոցառման օրը նույնպես հյուրերը կկարողանան Idram&IDBank հավելվածով ձեռք բերել գինու համտեսի փաթեթները, բացի այդ՝ ներկայացված տաղավարներում էլ հնարավոր կլինի վճարում կատարել Idram&IDBank հավելվածով: Անհպում վճարումը խթանելու համար որոշ գինեգործների հետ նաեւ համատեղ քեշբեք ենք նախատեսել:



Երկու տարուց ավելի Իդրամը համագործակցում է նման միջոցառումների հետ՝ նպատակ ունենալով նպաստել անկանխիկ վճարումների զարգացմանը ու մարդկային կուտակումների կրճատմանը: Մենք առաջարկում ենք հյուրերին տոմսերը կա՛մ նախապես, կա՛մ տեղում էլեկտրոնային փողի միջոցով գնել, ինչը հարմար է եւ՛ հերթում սպասողների, եւ՛ դրամարկղում աշխատողների համար: Համավարակի ընթացքում եւ հետո անկանխիկ վճարումը նաեւ քեշի միջոցով տարածվող հնարավոր մանրէների եւ վարակների տարածումից է ձերբազատում, այսպիսով՝ Իդրամն այստեղ էլ է կարեւոր խնդիր լուծում։  

Նույնիսկ եթե այդ պահին գումար չկա

Idram&IDBank հավելվածով վճարման տարբերակը նպատակահարմար է այսպիսի միջոցառումների համար, քանի որ առաջարկում ենք նաեւ Rocket Line թվային ապառիկը՝ գնել այդ պահին, վճարել հետո։ Որքան էլ մարդիկ միջոցառումներին նախապես պատրաստվում ու որոշակի գումար են առանձնացնում, երբեմն եղած գումարը սպառվում է, եւ որպեսզի ոչինչ չխանգարի անհոգ վայելել տոնը, մեր հաճախորդները կարող են օգտվել Idram-ի եւ IDBank-ի համատեղ Rocket Line սահմանաչափից։

Rocket Line-ով կարող եք գնումից հետո, որոշակի տոկոսագումարի ավելացմամբ, վճարել 1, 2, 3 կամ 6 ամիս անց։ Ունենք նաեւ բազմաթիվ գործընկերներ, որտեղ թվային ապառիկը 0%-ով է գործում, այսինքն՝ կատարելով գնումներն այդ պահին, մի շարք գործընկերների մոտ նույնիսկ վեց ամսից կարելի է ճիշտ այնքան գումար վճարել, որքան տվյալ ապրանքն արժեր գնման պահին։

Մեկը մյուսով

Մերի. Ցանկացած մեծ միջոցառման համար անհպում վճարման լուծումը կենսական նշանակություն ունի, քանի որ այն բազմաթիվ հոգսերից ու հսկայական մարդկային կուտակումներից ազատում է եւ՛ կազմակերպչին, եւ՛ մասնակիցներին, եւ՛ այցելուներին։

Մերի Բադալյանը եւ Գոռ Ամիրյանը


Որպես փառատոնային ոճի միջոցառումներ կազմակերպող ընկերություն՝ մենք միտված ենք ինտեգրելու անհպում վճարային համակարգը փառատոնային ոլորտում։ Մենք ուզում ենք, որ «Երեւանի գինու օրեր»-ը դառնա այն հարթակը, որտեղ տեխնոլոգիաները կսկսեն ակտիվ օգտագործվել ու կբարելավեն ընդհանուր աշխատանքի որակը՝ զբոսաշրջիկների աչքերում Հայաստանը դարձնելով թվանայնացված (դիջիթըլ) երկիր։

Ամեն տարի մենք հարցումներ ենք անցկացնում ու պարզում, որ զբոսաշրջիկներն այդ օրերին մի շարք գինիներ են գնում ու իրենց հետ տարբեր երկրներ տանում։ Հետագայում էլ այս նույն զբոսաշրջիկները հայկական գինիներն արտասահմանյան խանութներում տեսնելիս ավելի վստահ են դրանք գնում, քանի որ մեր միջոցառմանը տեսել ու համտեսել են։

Ամալի Խաչատրյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
Դիտում՝ 3742
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW