Հայկական DANZ ակնոցներ՝ մանրակրկիտ աշխատանքի արդյունք

04.07.2020 | 08:21 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
Ձեռքի մանրակրկիտ աշխատանք, որակյալ հումք ու բարձրորակ տեխնիկա՝ հենց այս պարտադիր պայմաններում են ստեղծվում DANZ հայկական ակնոցները:

Banks.am-ն այցելել է ընկերության գործարան, հետեւել արտադրական գործընթացին, ինչպես նաեւ զրուցել DANZ-ի հիմնադիր-տնօրեն Հարություն Հուլունյանի հետ հայկական ապրանքանիշի պատմության ու միջազգային շուկան նվաճելու ձգտումների մասին:

Արտադրության մեկնարկ

Ակնոցների արտադրություն հիմնելու համար ընկերությունում աշխատանքները մեկնարկել են դեռ եւս 2016 թվականից՝ շարունակաբար ուսումնասիրելով միջազգային փորձն ու փնտրելով լավագույն լուծումները:


«Հայաստանում ակնոցների արտադրությունն այնքան էլ զարգացած չէր: Թեեւ չունեինք մի նախատիպ, որից կկարողանայինք օրինակ վերցնել, ցանկանում էինք սկսել հայկական ակնոցների արդյունաբերական արտադրություն: Հետզհետե փորձ հավաքելով հասկացանք, որ ամբողջական գործընթացում պետք է ցույց տանք մեր հայ լինելն ու ընդգծենք հայի ձեռքի շնորհքը: Կարող ենք ասել, որ այժմ մեր արտադրական շրջափուլն իր գործողությունների հաջորդականությամբ ու աշխատանքով յուրօրինակ գործընթաց է»,- պատմում է Հարություն Հուլունյանը:

Հարություն Հուլունյանը

Նրա խոսքով՝ իտալական հումք ու սարքավորումներ ձեռք բերելուց մոտ մեկ տարի անց՝ 2019 թվականին DANZ-ն արդեն ներկայանում է հայ սպառողի դատին:

Ձեռքի աշխատանքը՝ գերակշռող

DANZ-ում ընտրել են ակնոցների պատրաստման այն ձեւը, որն առավել շատ է ձեռքի մանրակրկիտ աշխատանք պահանջում: Բրենդի հիմնադիրը նշում է, որ արտադրական գործընթացում գլխավորը յուրաքանչյուր մանրուքին ուղղված ուշադրությունն է: Այս հարցում Հարությունին հատկապես օգնում է իր առաջին մասնագիտությունը՝ ատամնաբույժ լինելը:


«Իմ աչքից ոչինչ չի վրիպում, տեսնում եմ անգամ ամենաաննշան թերությունն ու ուղղում: Մեզնից մոտ մեկ ու կես տարի ժամանակ է պահանջվել, որ թիմին սովորեցնենք այս ակնոցների արտադրությունը: Այդ ընթացքում ինքս որպես ղեկավար եւս շատ մեծ փորձ ձեռք բերեցի՝ հասկանալով, որ անգամ շատ պարզ թվացող գործողությունն առավելագույն ուշադրություն ու մանրակրկիտ աշխատանք է պահանջում»,- նշում է նա:


Արտադրության ընթացքը՝ քայլ առ քայլ

DANZ-ի կողմից արտադրվում են ինչպես արեւային, այնպես էլ օպտիկական ակնոցներ: Շրջանակները պատրաստվում են ցելյուլոզային ացետատից (ֆրեզերնից), որը ճկուն է, թեթեւ, ջերմադիմացկուն ու հակաալերգիկ։


Հումքից մինչեւ ակնոցի ստացում շրջափուլը 30-40 օր է տեւում, որովհետեւ յուրաքանչյուր ակնոց հատ առ հատ անցնում է բոլոր հաստոցներով ու ենթարկվում ձեռքով մանրակրկիտ մշակման:


Նախապատրաստական փուլում գծագրի հիման վրա ընտրվում են գույները, հումքը կտրվում է եւ ուղարկվում առաջնային մշակման: Դրանից հետո առանձին պատրաստվում են ակնոցի դիմային հատվածն ու պոչերը:


Յուրաքանչյուր հաստոց հատուկ գործողության համար է: 12 հաստոցների միջով անցնելուց հետո ակնոցի մասերը հատ առ հատ ձեռքով կոշտ մշակում են անցնում, իսկ տաքացման եղանակով երկաթե մասնիկների տեղադրումից հետո նորից են ձեռքով մշակվում՝ արդեն ավելի մանրակրկիտ ու նրբորեն:  


Ակնոցի փայլը հաղորդվում է փայտե հատիկներով լցված փայլեցնող թմբուկ (полировочный барабан) սարքի միջոցով: Միայն այս գործընթացը 5 օր է տեւում՝ բացառելով որեւէ խազ:


Թմբուկից ակնոցի հատվածները հանելուց հետո դրանք ձեռքով հավաքվում են ու կրկին փայլեցվում: Վերջին՝ պիտակավորման փուլում ակնոցները ստանում են DANZ - Made in Armenia մակնշումն ու գեղեցիկ փաթեթավորմամբ ուղեւորվում են խանութներ:


Դեպի միջազգային շուկա

Ապրանքանիշի հայկականությունը փորձել են ընդգծել նաեւ բրենդի անվանումի միջոցով՝ ազգանվանակերտ –անց ածանցին միացնելով ակնոցի շրջանակի տեսքին նմանեցված D տառը:


Այս պահին առկա 40 մոդելները ներկայացված են առնվազն 5 տարբեր գույներով, իսկ տեսականին անընդհատ համալրվում է նոր առաջարկներով:


Արտադրանքը կարելի է գնել առցանց՝ այցելելով DANZ.am կայք, ինչպես նաեւ Երեւանի շուրջ 30 տարբեր խանութ-սրահներից: Ակնոցների գինը տատանվում է 21-29 հազար դրամի միջակայքում, որն արտադրողների պնդմամբ գին-որակ լավագույն հարաբերակցությունն է:

Ընկերության հիմնական նպատակն է դուրս գալ միջազգային շուկա ու ցույց տալ, որ հայկական ակնոցներն առավել քան մրցունակ են:


«Ռուսաստանում օպտիկական եւ արեւային ակնոցների ցուցահանդեսի մասնակցելուց հետո հասկացանք, որ մեր արտադրանքը նորություն է նաեւ ռուսական շուկայի համար: Մեզ հաճախ էին զարմացած հարցնում՝ իսկապե՞ս այս ակնոցները Հայաստանում են արտադրվում: Եթե ինքս չլինեի այս գործընթացում, գուցե ես էլ չհավատայի»,- ասում է Հարություն Հուլունյանը:

Հարություն Հուլունյանը

Նա հավելում է, որ արդեն իսկ ունեն արտադրանքի պատվերներ ռուսական շուկայում վաճառք սկսելու համար, ինչպես նաեւ պայմանավորվածություններ Ղազախստանում եւ Ուկրաինայում:

Գայանե Ենոքյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
Դիտում՝ 13586
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW