Banks.am-ը դիմել է ծխախոտ ներմուծող մի քանի ընկերությունների՝ խնդրելով մեկնաբանել նախորդ շաբաթ ընդունված «հակածխախոտային» օրենքը եւ դրա հնարավոր տնտեսական հետեւանքները:Ներկայացնում ենք JTI Armenia ընկերության (Winston, Camel, Sobranie, LD, Monte Carlo ապրանքանիշեր) տնօրեն Իվան Բախարեւի, Imperial Tobacco (Davidoff, P&S, West ապրանքանիշեր) ընկերության մարքետ-մենեջեր Տիգրան Խաչատրյանի եւ British American Tobacco ընկերության (Dunhill, Kent, Pall Mall, Rothmans, Lucky Strike ապրանքանիշեր) Կովկասի եւ Մոլդովայի գրասենյակի իրավական եւ արտաքին կապերի տնօրեն Զվիադ Սխվիտարիդզեի պատասխանները:Տիգրան Խաչատրյան, Imperial Tobacco Հայաստանում ինչպես եւ այլ շուկաներում, ծխախոտային արդյունաբերությունը շահագրգռված է աշխատել կանխատեսելի եւ կայուն միջավայրում, իսկ օրենքի վերջին փոփոխությունները սահմանափակելու են ընկերությունների մրցակցային հնարավորությունները: Մասնավորապես, նրանք այլեւս չեն կարողանա որեւէ ներդրում կատարել մանր եւ միջին վաճառակետերին աջակցելու համար:Մենք կարծում ենք, որ կառավարությունը պետք է գնահատի օրենքի սոցիալական եւ տնտեսական ազդեցությունը: Կասկածներ չկան, որ սույն օրենքը կհանգեցնի ծխախոտի արդյունաբերության ոլորտից ստացվող բյուջետային մուտքերի նվազմանը, կստեղծի բարդություններ եւ կորուստներ մանրածախ առեւտրի կետերի համար: Միջազգային փորձը վկայում է, որ ցուցադրության արգելքը մշտապես առաջացնում է ապօրինի առեւտրի աճ, ինչը հանգեցնելու է օրինական արտադրողների ծավալների նվազմանը Հայաստանում:Կառավարությանը կոչ ենք անում կառուցողական եւ բաց երկխոսության մեջ մտնել ծխախոտ արտադրողների հետ` թափանցիկ եւ կարգավորված շուկա ունենալու համար: Մենք ակնկալում ենք ձեռք բերել կառուցողական լուծում ՝ Եվրասիական տնտեսական միության պայմանագրի համաձայն:Իվան Բախարեւ, JTI Armenia Դժբախտաբար, Հայաստանի խորհրդարանի կողմից քվեարկված հակածխախոտային նախագիծը հակասում է ԵՏՄ պայմանագրին: Օրինագիծը հստակ գրված չէ եւ տեղ է տալիս լայն մեկնաբանությունների համար: Մենք մտավախություն ունենք, որ օրենքի կիրառումը կհանգեցնի ապօրինի առեւտրի ծավալի կտրուկ աճի եւ լուրջ տնտեսական ազդեցություն կունենա Հայաստանում մանրածախ առեւտրի կետերի վրա եւ ընդհանուր առմամբ բացասական ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության վրա: Եվ սա այն դեպքում, երբ ծխախոտային ընկերությունները խոշոր հարկատուներ են (առաջին տասնյակում երկու խոշոր տեղական արտադրող եւ երկու խոշոր ներմուծող է ներկայացված):Մեկ այլ բացասական զարգացում է կանխատեսելիության եւ գործընթացի հետեւողականության բացակայությունը: Մեզ համար, որպես Հայաստանում գործող միջազգային ընկերություն, սա չափազանց կարեւոր հարց է, եւ երբ տեսնում ենք, որ շատ հաճախ պետական պաշտոնյաների կողմից հայտարարությունները եւ գործողությունները իրար հակասում են՝ սա շատ լուրջ բացասական ուղերձ է ուղղում գործարար հասարակությանը եւ պոտենցիալ ներդրողներին: Իվան Բախարեւը Օրենքում նաեւ առկա են մի շարք իրավական խնդիրներ, մասնավորապես, տեխնիկական կանոնակարգման մասը հակասում է ԵԱՏՄ պայմանագրի կետերին։ Ամենավիճահարույց խնդիրներից է միատեսակ փաթեթավորման դրույթը։ Ավստրալիայի օրինակը, որը միատեսակ փաթեթավորումը կիրառած առաջին երկիրն էր, վկայում է, որ տվյալ միջոցն անարդյունավետ եւ վնասակար է բոլոր շահագրգիռ կողմերի համար՝ բացառությամբ հանցավոր խմբերի: Միատեսակ փաթեթավորումը չի նվազեցնի ծխելու ծավալները, սակայն մեծ վնաս կհասցնի տնտեսությանը:Միատեսակ փաթեթավորումը ճնշում է գործադրում գների վրա եւ սահմանափակում է սպառողների՝ իրազեկ որոշումներ կայացնելու եւ ընտրություն կատարելու հնարավորությունները: Այն նաեւ խոչընդոտում է արտադրողների կողմից նոր ապրանքանիշերի ստեղծման եւ շուկա ներմուծելու հնարավորությունները:Բացի դրանից, միատեսակ փաթեթավորման պահանջը հակասում է Եվրասիական Տնտեսական Միության պայմանագրի 51, 52 եւ 53-րդ կետերի հիմնական սկզբունքներին, որոնք պարտադիր են միության անդամ-պետությունների համար: Մենք համոզված ենք, որ միատեսակ փաթեթավորման պահանջը անիմաստ միջոց է, որը չի նպաստի ծխողների թվի նվազեցմանը, այլ էականորեն կվնասի Հայաստանում ծխախոտային ոլորտին եւ լուրջ բացասական հետեւանքներ կունենա տնտեսության համար:Միեւնույն ժամանակ, ծխախոտային արտադրատեսակների ցուցադրման արգելքը շատ լուրջ ազդեցություն է ունենալու մանրածախ խանութների վրա: Ամենահամեստ հաշվարկներով, խանութները ծխախոտային ընկերություններից ցուցադրման համար տարեկան ստանում են միջինը 8-10 մլրդ դրամ: Այս խնդրի մասին Ազգային Ժողովին ուղղված իրենց դիմումում գրել էին ավելի քան 3500 խանութների ներկայացուցիչներ, սակայն նրանց կարծիքը եւս հաշվի չի առնվել։ Կոչ ենք անում կառավարությանը բաց երկխոսության մեջ մտնել ծխախոտ արտադրողների եւ ներմուծողների հետ եւ շուկան կարգավորել Տնտեսական Համագործակցության եւ Զարգացման Կազմակերպության կողմից կիրառվող կարգավորումների բարելավման սկզբունքները հաշվի առնելով: Մեր կարծիքով, կարգավորումները պետք է լինեն համաչափ եւ չլինեն միակողմանի, որոշումները պետք է կայացվեն թափանցիկ եւ ներառական սկզբունքների հիման վրա: Մենք դեռ հույս ունենք, որ որոշումը կվերանայվի եւ կգերակշռեն արդար եւ տրամաբանական մոտեցումները, ինչն ի վերջո, կհանգեցնի մի իրավիճակի, երբ պետությունը եւ տնտեսվարողները կշահեն փոխադարձ համագործակցությունից: Զվիադ Սխվիտարիդզե, British American TobaccoՄենք խորապես մտահոգված ենք Հայաստանի խորհրդարանի որոշմամբ: Չկշռադատված եւ չհիմնավորված կանոնակարգերն ընդունվել են՝ առանց օրենսդրության վրա կարգավորիչ ազդեցության գնահատման: Այս գործընթացը հրահրվել է այսպես կոչված առողջապահական ոլորտի հասարակական կազմակերպությունների կողմից, որոնք լուրջ խնդիրներ են առաջացնում երկրների տնտեսությունների համար: Զվիադ Սխվիտարիդզե Վրաստանը վառ օրինակ է, երբ ոչ ողջամիտ կանոնակարգերի պատճառով պետական բյուջեն միայն մեկ տարվա ընթացքում կորցրել է ավելի քան 200 միլիոն դոլար: Հուսով ենք, որ բանակցությունների համար դեռ տեղ կա, որպեսզի իրականացվի սահուն իրականացում պատշաճ անցումային ժամանակաշրջաններով: Tweet Դիտում՝ 26717