Երիտասարդ ձեռնարկատեր Նելլիի գաղափարը միավորել է յոթ երկիր

13.02.2020 | 10:15 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#Նելլի Դավթյան #ձեռնարկատեր #շախմատ

Երիտասարդ ձեռնարկատեր Նելլի Դավթյանի գաղափարը միավորել է յոթ երկիր. շախմատը հասանելի դարձնել օնլայն հարթակում լսողության խնդիրներ ունեցող երեխաների համար: «Էրասմուս երիտասարդ ձեռնարկատերերի համար» ծրագրի հայաստանյան մասնակից եւ «Լավագույն ձեռնարկատեր» միջազգային մրցույթի հաղթող Նելլի Դավթյանը Banks.am-ին պատմել է մրցանակաբաշխության ժամանակ ներկայացրած գաղափարի եւ դրա շուրջ ծավալված հետագա աշխատանքների մասին:

Առաջին ձեռքբերումը՝ մրցույթի պահին

2019-ի մարտին Բրյուսելում՝ «Էրասմուս» ծրագրի շրջանակում անցկացված մրցույթում ճանաչվեցի «Լավագույն ձեռնարկատեր»: Մրցանակաբաշխության ժամանակ, ներկայացվող նախագծից բացի, անհրաժեշտ էր երեք րոպե ելույթ ունենալ եւ ներկայացնել նաեւ այնպիսի գաղափար, որի շուրջ կցանկանաս աշխատել մրցույթից հետո:


Մրցանակը ստանալիս պարզապես կիսվեցի մի մտքով, որ ցանկանում եմ ստեղծել օնլայն հարթակ, որը շախմատի ուսուցումը հասանելի կդարձնի լսողական խնդիրներ ունեցողների երեխաների համար:

Երբ բեմից իջա, ինձ մոտեցավ ծրագրի միջնորդ կազմակերպությունների ներկայացուցիչներից մեկը՝ ռումինացի Միխայելա Վոնիկան: Նա հարցրեց՝ կցանկանա՞ս իրականացնել քո այդ միտքը՝ ծրագրի մասնակից մի քանի երկրի հետ համատեղ:

Նելլի Դավթյանը

Ես համաձայնեցի: Պայմանավորվեցինք հետագա անելիքների շուրջ, եւ վերադարձա Հայաստան:

1 նախագիծ՝ 7 երկիր

Իմ առաջարկած գաղափարը միավորեց 7 երկիր՝ Հայաստան, Ռումինիա, Հունաստան, Իռլանդիա, Թուրքիա, Լեհաստան եւ Իտալիա:

Մրցանակաբաշխությունից հետո՝ 2019-ի մարտին, նախագծի ֆինանսավորման համար դիմեցինք Եվրոպական միությանը եւ արդեն հոկտեմբերին հաստատվեց այն:

2020-ի հունվարի 1-ից սկսեցինք նախագծի իրականացման շուրջ աշխատանքները:

Մարտի 2-3-ին նախատեսվում է 7 երկրների թիմերի հանդիպումը, որի ընթացքում պլանավորելու ենք հետագա գործողությունները:

Արփի Ջիլավյանը զրուցում է Նելլի Դավթյանի հետ

Հարթակը կմեկնարկի 2022-ից՝ 7 երկրում միաժամանակ եւ բոլորի համար անվճար: Անիմացիոն վիդեոդասընթացները կթարգմանվեն մասնակից յուրաքանչյուր երկրի լեզվով, այդ թվում՝ տվյալ երկրի ժեստերի լեզվով:

Հայաստանի դերը նախագծում

Հարթակի ստեղծման գործում յուրաքանչյուր երկիր ունի իր հստակ անելիքը:
Անիմացիոն դասընթացների մեջ Հայաստանին հասել է ամենակարեւոր մասերից մեկը՝ ինտերակտիվ գրատախտակի ստեղծումը (այն տախտակը, որի վրա շախմատ են խաղալու):

Մեթոդոլոգիան ամբողջովին կմշակվի զրոյից:

Մասնագետների կներգրավենք մեր երկրից, որոնք զբաղվում են լսողական խնդիրներ ունեցող երեխաների համար տարբեր դասընթացներ մշակելով եւ վարելով: Կհամագործակցենք նաեւ շախմատի առաջատար մասնագետների հետ:

Նելլի Դավթյանը

Հայաստանը՝ որպես շախմատի երկիր, լսողական խնդիրներ ունեցող երեխաներին կարող է հնարավորություն տալ՝ դառնալու սպորտի առաջատար մասնագետներ, նաեւ մաս կազմել լսողական խնդիրներով անձանց շախմատային միջազգային ասոցիացիայի:

«Էրասմուս»-ի առավելությունները

Այս ծրագիրը գրանցած կազմակերպություն եւ բիզնես գաղափար ունեցող սկսնակներին փորձառու ձեռնարկատերերի հետ շփվելու ու կապեր հաստատելու հնարավորություն է տալիս:

Ծրագրին մասնակցությունը հաստատվելուց հետո երիտասարդ ձեռնարկատերը 3 ամսով մեկնում է եվրոպական որեւէ երկիր՝ փորձի փոխանակման նպատակով:

Նելլի Դավթյանը

Այդ ամիսների համար մասնակցին ծրագիրը որոշակի ֆինանսավորում է տրամադրում:

Տեղական միջնորդ կազմակերպությունը՝ Հայաստանի Ներդրումների աջակցման կենտրոնը (նախկինում՝ ՓՄՁ ԶԱԿ), հիմնական բոլոր հարցերում խորհրդատվություն է տրամադրում:

Հայաստանյան ձեռնարկատերերը ծրագրին կարող են դիմել մինչեւ 2022 թվականը:

Արփի Ջիլավյան
Լուսանկարները՝ Մեդիամաքսի

Դիտում՝ 8094
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW