Ստեփանավանի «Քարահունջը»՝ կապող օղակ մարզային ձեռներեցների միջեւ

04.02.2020 | 10:15 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#Ստեփանավան #«Քարահունջ» #Մանանա Մելքոնյան
Մայրաքաղաքից դուրս աշխատանք գտնելու դժվարությունները շատ երիտասարդների է հիասթափեցնում, սակայն Երեւանից Ստեփանավան մշտական բնակության տեղափոխված 29-ամյա Մանանա Մելքոնյանն իր օրինակով հակառակն է ապացուցում:

Նա աշխատում է տեղի «Քարահունջ» ռեստորանում՝ որպես մարդկային ռեսուրսների կառավարիչ:

Banks.am-ին Մանանան պատմել է իր աշխատանքի, Ստեփանավանին նոր գույն տվող «Քարահունջ»-ի ու միջին բիզնեսի ներկայացուցիչների հետ ռեստորանի համագործակցության մասին:

Աշխատանք՝ մարզում

Ավելի քան 4 տարի առաջ բնակվելու նպատակով Ստեփանավան տեղափոխվելուն պես սկսեցի աշխատանքի փնտրտուքը:

Մանանա Մելքոնյանը

Ստեփանավանում հարցուփորձ էի անում ծանոթ-անծանոթներին, Զբաղվածության պետական ծառայության տարածքային կենտրոնն էի փնտրում, որին, ցավոք, շատերը տեղում «չաշխատողների կենտրոն» էին անվանում: Հենց այդ կենտրոնում էլ ինձ հայտնեցին, որ քաղաքում նոր բացվող ռեստորանն աշխատող է փնտրում:

Դիմեցի, եւ կարելի է ասել, որ իմ ու «Քարահունջ»-ի աշխատանքը Ստեփանավանում սկսվեց միաժամանակ (ժպտում է - հեղ.):

Ստեփանավանի մասնիկ դարձած ռեստորանը

Սկզբում ոչ միանշանակ ընդունվեց «Քարահունջ»-ը, ու ամենաառաջինը հենց տեղացիների կողմից: Ոչ բոլորն էին հավատում, որ ռեստորանը կմնա: Ասում էին՝ «այստեղ չի աշխատի, մի քանի ամսից կփակվի»: Սակայն այն ոչ միայն չփակվեց, այլեւ դարձավ քաղաքի անբաժանելի մասնիկը: Ավելին, մի քանի ամիս անց «Քարահունջ» բացվեց նաեւ Դիլիջանում:


Այսօր «Քարահունջ»-ի այցելուների թվում մեծ թիվ են կազմում նաեւ Լոռի եկած զբոսաշրջիկները:

Ի դեպ, ռեստորանում առանձին երաժշտական օրեր են լինում՝ մայրաքաղաքից ժամանած խմբերի մասնակցությամբ:


Փոքր ռեստորանի մեծ համագործակցությունը

«Քարահունջ»-ը բացման օրվանից այսպիսի գաղափար է ունեցել հիմքում՝ թեկուզ փոքր թվով, բայց աշխատատեղեր ստեղծել տեղացիների համար եւ համագործակցել փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչների հետ:

Այսօր ունենք տեղացի 7 աշխատող, բայց աշխատողների կարիք էլի ունենք:

Բացման օրվանից սկսվել է համագործակցությունը թե՛ Լոռու, թե՛ այլ մարզերի արհեստավորների հետ: Ցանկանում ենք աջակցել այն մարդկանց, որոնք իրենց ձեռքի աշխատանքով փորձում են գումար վաստակել: Անհրաժեշտ իրերը գնում ենք նրանցից եւ նրանց ձեռքի աշխատանքը վաճառքի հանում հենց ռեստորանում:


Համագործակցում ենք Տավուշի մարզում գործող «Բերդի արջուկներ» ապրանքանիշի ու Կողբի գեղարվեստի դպրոցի «Երեքնուկ» սոցիալական նշանակություն ունեցող կազմակերպության հետ:

   
Նրանց ձեռագործ արջուկները, նկարազարդ դրամապանակները, պայուսակները, վզնոցները, հուշանվերները վաճառվում են ռեստորանում:


Բայց սրանով համագործակցությունը չի ավարտվում: Ռեստորանի սեղան-աթոռները պատրաստում են տեղացի արհեստավորները:


Ամբողջությամբ կավից սպասքը պատրաստվում է Սիսիանում, իսկ ուռենու ճյուղերից հյուսված հացամանները՝ Վայոց ձորում: Այս ամենը գնում ենք մարզերի արհեստավորներից:


Ճաշատեսակների եւ աղանդերի մեջ օգտագործվող մթերքների գնման համար եւս նախապատվությունը տրվել է տեղացիների հետ համագործակցությանը:

Մեզ մոտ, բացի հիմնական ճաշատեսակներից, պատրաստվում են թխվածքաբլիթներ, մուրաբաներ, կոմպոտներ, թթվի տեսականի, որոնց մեջ օգտագործվող բանջարեղենն ու մրգերը գնում ենք հարակից գյուղերի բնակիչներից:

Հաճախ լինում է, որ իրենք են կապվում մեզ հետ ու առաջարկում իրենց բերքը:


Այստեղ կարելի է գնել «ամեն ինչ»

Ռեստորանում ոչինչ հենց այնպես չի հայտնվում, ամեն մի անկյունում կարելի է գտնել վաճառքի ենթակա իր, հուշանվեր, արծաթյա զարդ կամ գիրք: Կարելի է գնել անգամ ռեստորանի սպասքը:


Եթե ինչ-որ բան եք հավանում՝ կարող եք գնել, պղպեղի ու աղի փոքրիկ ամաններից սկսած՝ մինչեւ ռեստորանը զարդարող դեկորները, որոնց վրա հիմնականում Քարահունջի շրջանում հանդիպող ժայռապատկերներն են ներկայացված:

Այստեղ հայտնվող ամեն մի դետալ «սթորիթելինգ» է բերում իր հետ, ինչն էլ Հայաստանի մասին ինչ-որ նոր բան է ներկայացնում զբոսաշրջիկներին:

Արփի Ջիլավյան
Լուսանկարները՝ «Քարահունջ»-ի
Դիտում՝ 11550
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW