Կոճակե աչքերով արջուկից մինչեւ անթերի մշակված բրենդ

16.09.2016 | 10:32 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

Մինչ երեխաների ձեռքի աշխատանքներն էի դիտում, շնչակտուր ներս է մտնում միջին տարիքի ժպտադեմ մի կին՝ ձեռքին շագանակագույն արջուկ: Տիկին Գայանեն է՝ Տավուշի մարզի Բերդ քաղաքի կանանց ռեսուրս կենտրոնի աշխատակիցներից: Արջուկը դնում է սեղանին, պայուսակից հանում փոքրիկ կապույտ շրջազգեստը եւ ձեռքի արագ շարժումներով հագցնում արջուկին: «Այ հիմա պատրաստ է»,- գոհունակությամբ ժպտում է տիկին Գայանեն եւ արջուկին նստեցնում սեղանին:

Պոտենցիալ միգրանտից՝ հիմնադրամի ղեկավար

Պրպտուն աչքերով, երիտասարդ, գործունյա Անահիտ Բադալյանը ծնունդով Բերդից է, մասնագիտությամբ՝ լրագրող: Մի քանի տարի Երեւանում ապրելուց հետո վերադարձել է ծննդավայր եւ ակտիվորեն փորձել աշխատանք գտնել:

«2011թ. Խաղաղության կորպուսում աշխատելու տարիներին այնտեղի կամավորներից մեկի հետ որոշեցիք հիմնադրամ բացել, որը կզբաղվի կանանց խնդիրներով»,- պատմում է Անահիտը: Օգնության խնդրանքով դիմել են Հայաստանում Ֆինլանդիայի եւ Նորվեգիայի պատվավոր հյուպատոս Թիմաթի Սթրեյթին, որի մասին գիտեին՝ նմանատիպ ծրագրեր է իրականացնում:

«Առաջին պոտենցիալ միգրանտը ես էի, բայց մնացի, որովհետեւ գտա իմ աշխատանքը,- սիրում է կրկնել Անահիտը: -Երբեք չեմ մտածել, որ ես ղեկավարում եմ, մտածել եմ, որ աշխատում եմ: Ի՜նչ լավ է, որ աշխատանք ունեմ»:

Դժվարությունների մասին խոսել չի սիրում խոսել: Նրա խոսքով՝ եթե մի գործ սկսում ես ու անընդհատ վախենում, որ ինչ-ինչ բաներ կխանգարեն, ապա այն արդեն ի սկզբանե տապալված է:  



«Ես հավատում եմ՝ եթե մի բանի ձգտում ես, հաստատ ստացվում է: Եթե նույնիսկ ցանկանաս տիեզերք թռչել, կթռչես. այսօր չստացվի՝ վաղը, միեւնույնն է, թռչելու ես»,- վստահ է երիտասարդ գործարարը:

«Կոճակե» աչքերով մոխրագույն արջը

Կանանց հետ առաջին հանդիպումն իրենից ներկայացնում էր փոքրիկ ցուցահանդես: Ինչպես Անահիտն է պատմում, մութ ու ցուրտ մի դահլիճում հավաքել էին շուրջ 40 կին, ամեն մեկը տնից բերել էր նախկինում արված իր աշխատանքները՝ ով ինչ ուներ:

«Կանանցից մեկն իր հետ մի մեծ մոխրագույն արջ էր բերել, կարծես Միստր Բինի արջուկը լիներ. թեւի մեկը չկար, աչքերը՝ կոճակից էին, ոտքերն անխնամ ամրացված,- պատմում է Անահիտ Բադալյանը: -Մենք հերթով մոտենում էինք սեղաններին եւ դիտում: Եկանք, հասանք այդ արջուկին ու մնացինք կանգնած: Թիմը (HDIF-ի հիմնադիր Թիմաթի Սթրեյթը-խմբ.) բարձրացրեց արջուկը, ցույց տվեց մեզ ու ասաց՝ կսկսենք սրանից»:

Արջուկի հեղինակը 40-ամյա Թամարա Մուշեղյանն է: Նա պատմում է, որ խաղալիքը գործել է գերմանացի միսիոներուհի քույր Հաննայի օգնությամբ, որը դեռ 2000-ականներին Բերդում մի խումբ կանանց գործել էր սովորեցնում:

«Երբ իմացա ցուցահանդեսի մասին, տանը հավաքեցի՝ ինչ ունեի: Երկար ժամանակ մտածում էի՝ արջը վերցնել, թե՝ ոչ: Վերջին պահին մեղքս եկավ, դրեցի պայուսակիս վրա եւ տարա»,- պատմում է Թամարան:

Բրենդի մշակումը

Անպիտան թելերից գործած, կոճակ-աչքերով եւ ջարդված թեւով արջուկն այսօր վերածվել է անթերի մշակված բրենդի:

«Մենք սկսեցինք աշխատել ավելի շատ հագուստի, փաթեթավորման, պիտակավորման ու գույների վրա, եւ այդ ամենը տեւեց շուրջ մեկ տարի,- պատմում է Անահիտ Բադալյանը: -Այդ ընթացքում փորձել ենք ամենաանհեթեթ բաները՝ տարազով արջուկ, բանտապետ արջուկ, արջուկ-զինվոր, արվեստագետ արջուկ եւ անգամ արջուկ-ծովահեն»:



Երկարատեւ փորձարկումներից հետո Բերդի արջուկներն այսօր արտադրվում են արջին «հարիր» 4 գույներով (մոխրագույն, տերակոտա, մուգ շագանակագույն եւ բեժ) եւ ունեն իրենց ստանդարտ հագուստը՝ կապույտ-սպիտակ կամ կարմիր-սպիտակ գծերով:

Հանգանակություն-վաճառք

Անահիտ Բադալյանի խոսքով՝ ամեն ինչ սկսել են զրոյից. երբեք կառավարությունից որեւէ օժանդակություն չեն ստացել, վարկեր չեն վերցրել, դրամաշնորհների չեն դիմել: Անգամ անհրաժեշտ նախնական գումարն ինքնուրույն են ձեռք բերել, որպեսզի որեւէ մեկից կախվածություն չունենան:

«Երբ ամեն ինչ պատրաստ էր, բրիտանական Kickstarter օնլայն հարթակում հանգանակություն կազմակերպեցինք, ավելի ճիշտ՝ առցանց սկսեցինք վաճառել արջուկները»,- պատմում է նա՝ հավելելով, որ առանձին մարդիկ խաղալիքը գնելուց բացի, որոշակի գումար էին հանգանակում: Արդյունքում վաճառվում է 186 արջուկ, որից ստացված եկամուտն էլ հենց ներդրվում է գործի մեջ:

Այսօր արդեն 5 տարվա հիմնադրամն ունի կահավորված գրասենյակ, կայք եւ էլեկտրոնային խանութ:

Արտադրություն եւ սպառում

Տիկին Ժաննան Բերդի կանանց ռեսուրս կենտրոնում խաղալիքների արտադրության մեջ աշխատում է ավելի քան 4 տարի. հելյունագործների խմբի պատասխանատուն է: Աշխատանքը համատեղում է 3 երեխաների խնամքի հետ: Խաղալիք գործելը նրա ընտանիքի եկամտի միակ աղբյուրը չէ, բայց գործը հաճույքով է անում, իսկ «կողքից եկամուտը երբեք չի խանգարում»:

Ընդհանուր առմամբ, Բերդի արջուկների արտադրության մեջ ներգրավված է 18-60 տարեկան 50-60 կին Բերդից, Մովսեսից, Չինարիից, Նավուրուց եւ Վերին Կարմիրաղբյուրից: Նրանց մի մասն աշխատում է պայմանագրային հիմունքներով, մյուսների հետ կնքվում են սեզոնային կարճաժամկետ պայմանագրեր. նրանք ձեւակերպվում են որպես «անկախ արհեստագործներ», եւ իրենք են վճարում իրենց հարկերը:

Արջուկների արտադրության վրա աշխատում է 3 խումբ. շյուղագործների խումբը գործում է դետալները, մյուս խումբը դրանք հավաքում է, համապատասխան տեսքի բերում, երրորդ խումբն աշխատում է հագուստի վրա: Յուրաքանչյուր խումբ ունի իր պատասխանատուն, որը հետեւում է, որպեսզի արտադրանքը լինի անթերի:  

Մեկ արջուկի պատրաստման համար գործում է հստակ ժամաքանակ՝ 16 ժամ, որից 11 ժամը հատկացվում է շյուղերով գործելուն, 5 ժամը՝ կարել-հավաքելուն:

Հագուստները հելյունագործ են, պատրաստվում են մոտ 2,5 ժամում:

Անահիտը պատմում է որ արտադրության ծավալները 5 տարվա ընթացքում անհամեմատ աճել են: Ավելին, այս տարի HDIF հիմնադրամը դարձել է Արդար առեւտրի համաշխարհային կազմակերպության (WFTO) անդամ, որի միջոցով էլ մեծ քանակությամբ պատվերներ են ստանում Եվրոպայից եւ երբեմն ներսում վաճառելու կամ պահեստային ոչինչ չի մնում:

Ինչ վերաբերում է սպառմանը, Անահիտը կես-ցավով, կես-ոգեւորությամբ նշում է, որ  իրենց արջուկներն ավելի մեծ ճանաչում ունեն հենց արտասահմանում, քան Հայաստանում:



Պատրաստի արջուկները հիմնականում ուղարկվում են ԱՄՆ (Նյու Յորք, Նյու Ջերսի), Ռուսաստան, Ֆրանսիա, Շվեյցարիա, Նիդեռլանդներ, Իտալիա, իսկ Հայաստանում դրանք հնարավոր է ձեռք բերել HDIF-ի գրասենյակից եւ «Գրին Բին» սրճարանների ցանցից կամ պատվիրել էլեկտրոնային խանութի միջոցով:

Ոչ թուրքական թելերին

Արջուկների արտադրության համար պահանջվող հումքը ներկրվում է Չինաստանից: Անահիտը պատմում է, որ սկզբում ցանկանում էին հայկական թելերով գործել, սակայն երկար ջանքերից հետո արդյունքի չեն հասել, քանի որ հայկական թելերը կոշտ են, իսկ խաղալիքի միջազգային ստանդարտներին համապատասխանեցնելու համար անհրաժեշտ է դրանք 7 աստիճան ջերմային մշակման ենթարկել, ինչը նկատելիորեն բարձրացնում է թելի ինքնարժեքը: Ինչ վերաբերում է թուրքական արտադրության թելերին, կտրուկ պատասխանում է. «Թուրքական թելերը որակով շատ լավն են, բայց մենք սկզբունքորեն Թուրքիայից չենք գնում»:

Ի դեպ, Ջինիշյան հիմնադրամի աջակցությամբ արջուկը թեստավորում է անցել Շրի Լանկայում եւ համապատասխանում է խաղալիքի համար անհրաժեշտ բոլոր չափանիշներին:

Մենք բոլորս կախված ենք խաղաղությունից

Մայրաքաղաքից ավելի 200 կմ հեռավորության վրա գրեթե մշտական կրակոցների տակ գտնվող Բերդի տարածաշրջանում բիզնեսի դժվարությունները, Անահիտ Բադալյանի խոսքով, ավելի շատ հոգեբանական են:

«Մովսես գյուղից 5-հոգանոց խումբ ունենք: Երբ որ չեն գալիս, գիտեմ՝ կրակել են, ճանապարհները փակ են: Տրամադրությունդ միանգամից ընկնում է, աշխատունակությունդ հավասարվում զրոյի, ոչինչ չես ուզում անել, ուզում ես պարզապես դուռը փակել ու գնալ: Դա է մեզ մոտ խնդիրը. մենք բոլորս էլ կախված ենք խաղաղությունից: Ինչքան էլ լավ գաղափարներ ու ներուժ ունենաս, որքան էլ ձգտես դրանց, ամեն ինչ մեկ վայրկյանում կարող է զրոյի հավասարվել»,- ցավով ասում է Անահիտ Բադալյանը:

Վիկտորյա Անդրեասյան
Լուսանկարները՝  HDIF-ի, Բերդի կանանց ռեսուրս կենտրոնի եւ Վիկտորյա Անդրեասյանի

Դիտում՝ 23080
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW