Այս տարի «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնը (BSC) նշում է հիմնադրման 25-ամյակը: Լինելով Հայաստանում առաջին բիզնես խորհրդատվական եւ թրեյնինգային ընկերությունը՝ 25 տարիների մեծ մասը կենտրոնի ներկայացուցիչներն անցկացրել են մարզերում:BSC-ի հիմնադիր տնօրեն Սամվել Գեւորգյանը «Հայաստանի մարզերի բիզնես դեմքը» հեղինակային նախագծի միջոցով Banks.am-ում կներկայացնի Հայաստանի բոլոր մարզերում բիզնեսի նկատմամբ մոտեցումների առանձնահատկություններն ու յուրահատկությունները: Արաքսի ափերից մինչեւ ԵրեւանԱրմավիրի մարզը սփռված է Մայր Արաքսի ափին գտնվող Երվանդաշատ պատմական բնակավայրից մինչեւ քաղաքամայր Երեւանի վարչական սահմանները: Մեծամասամբ լինելով դաշտավայրային տարածք (ծովի մակերեւույթից 800-1000 մմ բարձրության վրա)՝ Արմավիրն անգնահատելի կարեւորություն ունի Հայաստանի համար՝ պատմական, հոգեւոր, սոցիալական, տնտեսական առումներով: Առաջին հերթին, այս մարզում է գտնվում պատմական Հայաստանի 12 մայրաքաղաքներից միանգամից 4-ը: Նաեւ, Արմավիրի մարզում է Էջմիածինը, որը համարվում է հայ ժողովրդի հոգեւոր կենտրոնը:Երկրորդ՝ Արմավիրում են գտնվում Հայաստանի համար կենսական եւ ռազմավարական նշանակություն ունեցող երկու օբյեկտները. ատոմակայանն ու «Զվարթնոց» օդանավակայանը: Երրորդ հերթին, ի դեմս Արարատյան դաշտավայրի, այստեղ են կուտակված Հայաստանի ամենաբերրի գյուղատնտեսական հողերը՝ մարզը դարձնելով թարմ սննդի արտադրության եւ վերամշակման առաջատարը երկրում: Ավելին, Արմավիր, Վաղարշապատ եւ մարզի այլ բնակավայրերում են կենտրոնացած մեծ թվով արտադրական ձեռնարկություններ եւ գործարաններ, որոնք կարեւոր դեր ունեն Հայաստանի տնտեսության մեջ: Նրանցից է «Արմավիրի հաստոցաշինական գործարան»-ը։ Գյուղատնտեսության առաջամարտիկը Արմավիրը, լինելով Հայաստանի՝ տարածքով ամենափոքր մարզը, կարեւորագույն դեր ունի գյուղատնտեսական արտադրանքի թողարկման ոլորտում: Հայաստանում գյուղատնտեսական համախառն արտադրանքի ամենամեծ բաժինը հենց Արմավիրի մարզինն է, որտեղ արտադրվում է երկրի գյուղատնտեսական մթերքի մոտ 19%-ը: Մարզով մեկ սփռված են մրգատու այգիներ եւ բանջարեղենի դաշտեր։ Մոտ 25 000 հա են կազմում հացահատիկի, հատիկաընդեղենի, կարտոֆիլի, տարատեսակ բանջարեղենի եւ բոստանային կուլտուրաների ցանքային տարածությունները։ Մեծ թիվ են կազմում միջին ջերմոցային տնտեսությունները եւ սեզոնային ջերմոցները, որոնք ապահովում են փոքր ֆերմերային տնեսությունների զբաղվածությունը։ Արտադրվում են թե՛ բանջարեղեն, թե՛ տարբեր տեսակի ծաղիկներ՝ ներմուծվող ապրանքները փոխարինելով տեղական արտադրությամբ։ Խոշոր արդյունաբերական նշանակության ջերմոցային տնտեսությունների թվին են պատկանում «Բիգա» եւ «Ամստեր Ֆլաուերս» հայ-հոլանդական ընկերությունները։ Մեծաթիվ ծրագրեր են իրականացվել արտասահմանյան զարգացման գործակալությունների եւ միջազգային կառույցների օժանդակությամբ՝ շեշտադրելով օրգանական գյուղատնտեսության զարգացումը։ Մասնավորապես, «Շեն» ԲՀԿ-ի ջանքերով եւ արտաքին գործընկերների ֆինանսավորմամբ Բաղրամյանի տարածաշրջանի մի շարք համայնքներում տնկվել են տասնյակ հեկտարների օրգանական այգիներ։ Մարզում գյուղատնտեսական կարեւոր ուղղություններից են անասնապահությունն ու թռչնաբուծությունը։ Մարզում խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակը կազմում է 60 000-ից ավելի։ Թռչնաբուծության եւ ձվի արտադրության ոլորտում կան ձեռնարկություններ (մասնավորապես՝ «Արաքս թռչնաֆաբրիկա»-ն), որոնք երկրում էական ազդեցություն ունեն տվյալ ոլորտի զարգացման գործում։ Սակայն կա մի ոլորտ, որտեղ մարզը բացարձակ առաջատարն է՝ խաղողագործություն: Հայաստանի խաղողի այգիների մոտ 40%-ը գտնվում է Արմավիրի մարզում՝ շուրջ 7000 հա, որտեղ արտադրվում է մոտ 90 000 տոննա տարբեր տեսակի տեխնիկական եւ սեղանի խաղող: Սննդի վերամշակումը՝ տեղում Արմավիրի մարզն առաջինն է Հայաստանում սննդի վերամշակման ձեռնարկությունների քանակի առումով: Առաջին հերթին՝ պահածոների գործարանների թվով: Հիմնական պատճառը պարզ է. այն գտնվում է հումքի աղբյուրի վրա: Ոչ միայն մարզում, այլեւ հանրապետությունում առաջատարների թվի են պատկանում Վանանդ համայնքում գործով «Եվրոթերմ» ընկերության «Նոյան» պտուղ-բանջարեղենի վերամշակման գործարանը, Արմավիրի եւ Էջմիածնի «Կոնսեր» պահածոների գործարանները։ Երկրորդ, մեծ թվով չրի արտադրության ձեռնարկությունները տարածված են մարզի ամբողջ տարածքով մեկ։ Առաջին հերթին պետք է նշել Երվանդաշատի չրագործական արտադրանքը, որը համարվում է լավագույններից։Ջրաշենի չրագործական տնտեսությունը, որը գործում է գյուղատնտեսական կոոպերատիվի հովանո ներքո, ընդլայնում է իր արտադրանքի ծավալները եւ արտահանում Ռուսաստան եւ այլ երկրներ։ Նույնը կարելի է ասել Սարդարապատ համայնքի «Նոր այգի» ՍՊԸ-ի մասին։ Երրորդ, խաղողի այգիների առկայությունը թույլ է տալիս զարգացնել նաեւ գինեգործությունն ու կոնյակագործությունը: Մարզում է գտնվում ամենամեծ եւ ամենաառաջատար տեխնոլոգիաներ կիրառող «Տիեռա դե Արմենիա» խաղողի այգին, որն արտադրում է «Կարաս» հանրահայտ ապրանքանիշով գինիները: «ՄԱՊ» գործարանը նույնպես մարզի առաջատար արտադրողներից է: Պատմական տուրիզմի հեռանկարներըՊարզվում է՝ հայկական տուրիզմի քարտեզի սահմանն անցնում է Էջմիածնով: Զբոսաշրջիկներին տանում են Զվարթնոց, հետո՝ Էջմիածին, ցուցադրում հիմնականում եկեղեցիները եւ վերջ: Դեռ լավ է, որ Էջմիածնում գործում է «Մաչանենց» արվեստի եւ զբոսաշրջության կենտրոնը, որը մշակութային տուրիզմ է ներկայացնում Էջմիածնի հնագույն փողոցներից մեկում: 19.04.2018 | 09:45 Յուրօրինակ բիզնես մոդել՝ Էջմիածնի «Մաչանենց տանը» Փողոցը, որի վրա գտնվում է զբոսաշրջիկի տեղակայանը, կոչվում է նաեւ «Ուխտավորի Ճանապարհ», քանի որ այն սկիզբ է առնում Մայր Տաճարից եւ ձգվում մինչեւ Խոր Վիրապ՝ դեպի հարավ: Իսկ դեպի արեւմուտք՝ դեպի Արմավիր, տուրիստական հոսքեր պարզապես չկան: Հնարավոր է՝ տուրիստական ընկերություններին չեն գրավում այդ տարածքները զուտ բիզնեսի արդյունավետության տեսանկյունից: Հնարավոր է, որ տուրիստական, հյուրանոցային, հանրային սննդի ոլորտներին համապատասխան ենթակառուցվածքներն են բացակայում: Փորձե՛ք «Սփյուռով» փնտրել Արմավիր+հյուրանոց տարբերակը: Ընդամենը 13 տարբերակ, որի բացարձակ մեծամասնությունը խրախճանքի վայրեր են, եւ ոչ մի առաջարկ Էջմիածին քաղաքից այն կողմ: Հնարավոր է, որ բնակիչների մտքով չի անցնում որեւէ բան առաջարկել: Սակայն փաստն այն է, որ առաջարկ չկա: Իսկ սա այն դեպքն է, երբ առաջարկն է ծնում պահանջարկ: Հիմա պատկերացրեք տուրիստական փաթեթ, որն առաջարկում է Արաքս գետի աննկարագրելի գեղեցկությունը, Երվանդաշատ հնադարյան բնակավայրը, պատմական արժեք ներկայացնող ուրարտական քաղաք Արգիշթիխինիլիի ավերակները, եզակի հուշարձան Մեծամորի բլրի լանջին պեղված հինգհազարամյա հնության (բրոնզեդարյան) մետաղաձուլարանը, որից հետո Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրը: Մեկ ուրիշ փաթեթավորված տուր՝ «Պատմական Հայաստանի 5 մայրաքաղաքները». ժամանակակից Հայաստանի Երեւան մայրաքաղաքը, Երվանդունիների թագավորության Երվանդաշատ եւ Արմավիր մայրաքաղաքները, Արշակունիների Վաղարշապատը եւ Բագրատունիների Բագավանը՝ անցնելով մ.թ.ա. 331 թվականից մինչեւ մեր օրերը՝ 2350 տարի: Ավելի գրավիչ առաջակ դժվար է պատկերացնել: Այս փաթեթները մեկ կամ երկու ամբողջական օր կարող են տեւել եւ ներառել առեւտուր, սնունդ, տարատեսակ ծառայություններ, որոնք կստեղծվեն տուրիստների հոսքի ավելացման արդյունքում: Իսկ եթե որոշ վայրերում զարգանան հյուրատնային բիզնեսները, զբոսաշրջիկները մեկ գիշեր կանցկացնեն այդ վայրերում: Զարգացումն անխուսափելի էԱրմավիրի պարագայում ակնհայտ է «Խնդիրները հանգեցնում են հնարավորությունների» բանաձեւի կիրառումը։ Երեւանին մոտ գտնվելը, գյուղատնտեսության համար նպաստավոր բնակլիմայական պայմանները, դաշտավայրային կլիման եւ այլ գործոններ թույլ են տալիս եզրակացնել, որ մարզում առկա խնդիրները, որոնք խոչընդոտում են տնտեսական զարգացումը, կարող են դառնալ բիզնես նախագծեր։ Մասնավորապես, աշխատող գաղափար է փոքր եւ միջին չափի սննդի վերամշակման արտադրամասերի հիմնադրումը։ Այս նպատակով կարող են օգտագործվել մարզում առկա չօգտագործվող, քայքայված հետինդուստրիալ տարածքները։ Աղբի վերամշակումը կարող է դառնալ մեկ այլ բիզնես նախագիծ, քանի որ մարզում առկա է կոշտ կենցաղային թափոնների կառավարման անբավարար մակարդակ։ Անսահմանափակ են տուրիզմի ոլորտի հնարավորությունները: Մարզում զարգացում է ապրում նաեւ արդյունաբերական եւ կենցաղային ապրանքերի արտադրությունները։ Առաջին արդյունքներն արդեն կան։ 2018թ. դեկտեմբերին Արմավիրի մարզի Մերձավան համայնքում «Այ Էմ Ջի գրուփ»-ը բացեց կենցաղային տեխնիկայի արտադրության գործարան: Գործարանը «Պատրաստված է Հայաստանում» մակնշմամբ արտադրում է օդորակիչներ, սառնարաններ, լվացքի մեքենաներ, չորանոցներ, միկրոալիքային վառարաններ, որոնք կվաճառվեն աշխարհի տարբեր երկրներում։ 24.12.2018 | 09:20 Կենցաղային տեխնիկա՝ «Պատրաստված է Հայաստանում» Մարզում արտագաղթի տեմպերը, մյուս մարզերի համեմատ, ավելի փոքր են, իսկ գազաֆիկացված համայնքների մեծ թիվը՝ մոտ 90%, լայն հնարավորություններ է ստեղծում նոր նախագծերի համար։ Սամվել Գեւորգյանը «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոն (BSC) խորհրդատվական ընկերության հիմնադիր տնօրենն է, «Քո սեփական բիզնեսը Հայաստանում» գրքի հեղինակը, մի քանի բիզնեսների հիմնադիր: Շարունակելի Հայաստանի մարզերի բիզնես դեմքը. ԿոտայքՀայաստանի մարզերի բիզնես դեմքը. ԱրագածոտնՀայաստանի մարզերի բիզնես դեմքը. ՍյունիքՀայաստանի մարզերի բիզնես դեմքը. ԼոռիՀայաստանի մարզերի բիզնես դեմքը. ՇիրակՀայաստանի մարզերի բիզնես դեմքը. ԳեղարքունիքՀայաստանի մարզերի բիզնես դեմքը. Տավուշ Tweet Դիտում՝ 8269