Կենցաղային տեխնիկա՝ «Պատրաստված է Հայաստանում»

24.12.2018 | 09:20 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#Այ Էմ Ջի գրուփ #Նիկոլաս Թաուիլ #կենցաղային տեխնիկա
Արմավիրի մարզի Մերձավան համայնքում «Այ Էմ Ջի գրուփ»-ը դեկտեմբերի սկզբին բացեց կենցաղային տեխնիկայի արտադրության գործարան: Հայ-լիբանանա-սիրիական ներդրումային ծրագրի մանրամասներին ծանոթանալու նպատակով Banks.am-ը զրուցել է գործարանի համասեփականատեր Նիկոլաս Թաուիլի հետ։

Ինչու Հայաստանը

«Մոտ մեկ ամիս առաջ սիրիահայ գործընկերս շուկան ուսումնասիրելուց հետո ինձ եւ լիբանանցի այլ գործարարների առաջարկեց այստեղ կենցաղային տեխնիկա հավաքող եւ արտադրող գործարան հիմնել։ Նախագիծն ինձ շատ հետաքրքրեց, եւ մենք համատեղ ներդրում կատարեցինք»,- պատմում է Նիկոլաս Թաուիլը, որը նաեւ «Սանիթեք» ընկերության գործադիր տնօրենն է։

Գործարարի կարծիքով՝ զարգացման վաղ փուլում գտնվող երկիրը շատ գրավիչ է ներդրողների համար.

«Հայաստանն ունի բարենպաստ աշխարհագրական դիրք՝ տնտեսական ռազմավարության առումով, եւ այն ձեռնտու է նաեւ Ռուսաստանի հետ հարաբերությունների տեսանկյունից։ Վրաստանը եւ Իրանը եւս պոտենցիալ շուկաներ են»։


Գործարկման հաջորդական փուլեր

Օդորակիչներ, սառնարաններ, լվացքի մեքենաներ, չորանոցներ, նաեւ միկրոալիքային վառարաններ. ահա այն արտադրատեսակները, որ շուտով կվաճառվեն աշխարհի տարբեր երկրներում՝ «Պատրաստված է Հայաստանում» մակնշմամբ։

Կենցաղային տեխնիկայի գործարանի աշխատանքը կընթանա մի քանի փուլով։ Սկզբում նախատեսվում է միայն տեխնիկայի հավաքում՝ Հարավային Կորեայից եւ Չինաստանից ներկրված մասերով։ Երկու տարի անց գործարանը կսկսի արտադրել տեխնիկայի մեխանիկական հատվածները, ավելի ուշ՝ նաեւ էլեկտրական բաղադրիչները։ Եթե ընթացքը հաջող լինի, ամբողջական արտադրության կազմակերպումը Հայաստանում հնարավոր կդառնա արդեն 4 տարի անց։


Գործարանի նախնական կապիտալը եւ գործառնական ծախսերը կազմել են $4,5 մլն: Այն սկզբնական փուլում կապահովի 70-80 աշխատատեղ, հետագայում աշխատակիցների թիվը կավելանա։

Գործարանի աշխատանքն արդեն իսկ մեկնարկել է, սակայն անձնակազմը դեռեւս վերապատրաստման փուլում է։ Այն լիարժեքորեն կսկսի գործել փետրվարի սկզբին։

Նոր բրենդ եւ շուկա

Նիկոլաս Թաուիլի խոսքով՝ արտադրանքի իրացման առաջնային շուկան հենց Հայաստանն է, որտեղ վաճառքն իրականացնելու համար կօգտագործեն 3 հիմնական բրենդներ։

«Թե ինչ բրենդով կներկայացնենք արտադրանքը միջազգային շուկային, դեռեւս չենք որոշել, սակայն Հայաստանում կօգտագործենք «Ադամյան» անունը՝ ի պատիվ գունավոր հեռուստացույցի գյուտի հեղինակ Հովհաննես Ադամյանի, ինչպես նաեւ կարճ ու հիշվող երկու այլ անուններ՝ «Ահա» եւ «Այո»»,- նշում է գործարանի համասեփականատերը՝ վստահեցնելով, որ արտադրանքը կլինի միջազգային չափանիշներին համապատասխան, բայց եւ մատչելի հայ սպառողների համար։

Արդեն հունվարի կեսերից որոշ արտադրատեսակներ հասանելի կլինեն Երեւանի մի շարք խանութներում։


Ապագայի տեսլականը

«2014-ից ի վեր՝ ես եւ իմ գործընկերները Հայաստանի տարբեր ոլորտներում մոտ $30 մլն-ի ներդրում ենք կատարել։ Այժմ ունենք եւս 2-3 ծրագիր, որոնցից մեկը $25 մլն դոլարի ներդրում կբերի»,- ասում է Նիկոլաս Թաուիլը՝ չշտապելով ներկայացնել ապագա ծրագրի մանրամասները։

Գործարարը վստահ է՝ ՀՀ կառավարության հետ համատեղ աշխատանքի շնորհիվ Հայաստանում շատ շուտով «տնտեսական վերելք» կարձանագրվի։

Գայանե Ենոքյան
Դիտում՝ 10832
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW