Տուրիզմի զարգացման Լոռու բանաձեւը

18.11.2019 | 10:19 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#Լոռի #տուրիզմ
Պատմամշակութային հարուստ ժառանգությունից բացի, Լոռիում զբոսաշրջիկներին ցույց տալու շատ բան կա։ Մարզի այցելուների մեծ մասը, սակայն, հեռանում է՝ իրական Լոռին չբացահայտած։ Դրա հիմնական պատճառը տեղեկատվության պակասն է։

Վանաձորում արդեն մեկ տարի է՝ գործում են Լոռու տուրիզմի զարգացման եւ հետազոտության կենտրոնն ու Լոռու այցելուների տեղեկատվական կենտրոնը, որոնց նպատակն ինֆորմացիոն բացը լրացնելն է եւ մարզի զբոսաշրջային պրոդուկտը ինչպես հարկն է ներկայացնելը։

Banks.am-ը պարզել է կենտրոնների գործունեության հիմնական ուղղություններն ու ծանոթացել կատարվող աշխատանքներին:

Հետազոտություն, տուրիզմի զարգացում, գովազդ

Կենտրոնները հիմնվել են «Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Ռուսաստանի եւ իրականացվում՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից՝ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ։


«Մենք  զբաղվում ենք հետազոտությամբ ու տուրիզմի զարգացմամբ։ Ուսումնասիրում ենք նոր վայրեր, բացահայտում այն խնդիրները, որոնք կարող են խոչընդոտել տուրիզմի զարգացումն ու փորձում ենք դրանց համար լուծումներ գտնել։ Նաեւ գովազդով ենք զբաղվում, այսինքն՝ այն ուղղությունները, որոնք այնքան էլ հայտնի չեն թե՛ տեղացիներին, թե՛ զբոսաշրջիկներին, փորձում ենք ավելի հայտնի, ճանաչելի դարձնել։ Բացի հիմնական՝ Հաղպատ, Սանահին ուղղություններից, փորձում ենք նոր վայրեր ներգրավել։ Մենք մշակում ենք պրոդուկտը, ուսումնասիրում, ներկայացնում, իսկ ինֆոկենտրոնը մատուցում է»,- պատմում է Լոռու տուրիզմի զարգացման եւ հետազոտության կենտրոնի հանրային կապերի պատասխանատու Աննա Բալայանը:

Զբոսաշրջիկի հետ վարվելու, խոսելու ձեւից սկսած՝ մինչեւ սպասարկման ոլորտի խնդիրներ. այս ամենը կենտրոնի տեսադաշտում է:

Աննա Բալայանը

Մարզում՝ մասնավորապես Վանաձորում, հյուրատնային բիզնեսը դեռեւս զարգացման փուլում է։ Դա է պատճառը, որ զբոսաշրջիկին քաղաքում պահելը դժվար է լինում ու ստիպված արդեն հենց այցելության օրը նրան ուղղորդում են մարզի այլ վայրեր։ Ցուցանակների եւ տեղեկատվական վահանակների բացակայությունը նույնպես լուրջ խնդիր է քաղաքին անծանոթ այցելուների համար։


Քաղաքային տուրեր

Լոռու այցելուների տեղեկատվական կենտրոնում վստահեցնում են, որ չնայած բազմաթիվ խնդիրներին՝ Վանաձորում տուրիզմը զարգացնելու մեծ պոտենցիալ կա: Ներկայում էլ ամենապահանջված պրոդուկտը քաղաքային տուրերն են:


«Քաղաքային տուրերը խմբավորել ենք՝ ըստ վայրերի: Մի դեպքում զբոսաշրջիկին ցույց ենք տալիս քաղաքի տեսարժան վայրերը, իսկ մյուսում՝ Վանաձորի արդյունաբերական անցյալը՝ Քիմիական մանրաթելերի, «Ավտոմատիկա», «Էլեկտրոն», «Ջերմաէլեկտրոն», «Ավտոգենմաշ» գործարանները, նաեւ՝ խորհրդային ժամանակների նմուշ-կոթողներ, ինչպիսին, օրինակ, քիմիագործների այգու զինվորի արձանն է, ու պատմում ենք դրանց մասին:

Քաղաքին ծանոթացնելը սկսում ենք Հայքի հրապարակից՝ Ղարաքիլիսայի պատմությամբ, հետո ուղղվում ենք դեպի Տիգրան Մեծի պողոտա, ապա՝ Գեղագիտական կենտրոն: Սա զբոսաշրջիկների ամենասիրելի վայրն է, որտեղ ազգային մշակույթի բոլոր ճյուղերը կան: Այստեղ նրանք վարպետաց դասերի են մասնակցում: Ճանաչողական տուրն ընդգրկում է  նաեւ Վանաձորի պատկերասրահը, քանդակագործ վարպետ Մեհրաբի տունը, Լճերը, Թթու ջուրը, Գուգարաց թեմի առաջնորդարանը, հայկական ու ռուսական եկեղեցիները»,- պատմում է Լոռու այցելուների տեղեկատվական կենտրոնի համակարգող Անի Մալոյանն ու ավելացնում, որ տուրերը երբեք չեն կրկնվում, ամեն անգամ նոր բան են ավելացնում։

Անի Մալոյանը

Ինչ արժե

Վանաձորին ծանոթանալը 2-3 ժամ է պահանջում:

Քաղաքը ճանաչում են՝ քայլելով: Ի դեպ, այս տուրերն անվճար են: Իսկ, այսպես կոչված, գործարանային տուրերի դեպքում հարկավոր է զբոսավարին 8000 դրամ վճարել, գումարած՝ տրանսպորտի ծախսը:

Կազմակերպիչները վանաձորյան շրջագայությունները համեմում են Լոռվա հումորով, պատմում նաեւ քաղաքի հայտնի մարդկանց մասին՝ փորձելով փոխանցել Վանաձորի ամբողջ կոլորիտը։

Կապեր Դիլիջանի ու Գյումրիի հետ
 
Լոռու տուրիզմի զարգացման եւ հետազոտության կենտրոնն ու Լոռու այցելուների տեղեկատվական կենտրոնն ակտիվ համագործակցում են Դիլիջանի եւ Գյումրիի ինֆոկենտրոնների հետ, միմյանց փոխանցում տեղեկատվության անհրաժեշտ բազան:


«Մեր գործառույթը նաեւ քաղաքի, մարզի տարածքում անցկացվող միջոցառումների մասին մարդկանց տեղեկացնելն  ու նրանց ներգրավելն է։ Մենք նույնպես կազմակերպում ենք տարբեր միջոցառումներ։ Ամանորի տոնավաճառին, օրինակ,  5 օր շարունակ մարզի արտադրողները ներկայացրել ու վաճառել են իրենց արտադրանքը, նաեւ՝ նոր կապեր հաստատել: Իսկ սեպտեմբերի 27-ը՝ Զբոսաշրջության միջազգային օրը, նշանավորեցինք մարզի զբոսաշրջային  ոլորտում գործունեություն իրականացնող մարդկանց պարգեւատրելով»,- կենտրոնի կազմակերպած միջոցառումներն է ներկայացնում Աննա Բալայանը:


Նոր պրոդուկտներ, կայք, տուր-փաթեթներ

Տուրիզմի զարգացման եւ Տեղեկատվական կենտրոնները ներկայացնում են ապագա անելիքները.

- Ամեն հնարավոր բան դարձնելու ենք պրոդուկտ՝ քաղաքային տուրիզմը զարգացնելու նպատակով: Տուրերի ընթացքում քայլելիս նկատել ենք, որ շատ հուշարձաններ կան Վանաձորում, որոնց մասին ինքներս էլ չգիտենք: Ու փորձում ենք իմանալ, պարզել, թե օրինակ՝ ինչ քանդակ է, ով է հեղինակը եւ այլն:

- Մեր կենտրոնները կայք են ունենալու: Երբ տարածաշրջանի մասին ամբողջ ինֆորմացիան եւ տուր փաթեթները պատրաստ կլինեն, այդ ժամանակ արդեն կներկայանանք նաեւ օնլայն հարթակում:

- Տուր փաթեթները հետագայում նաեւ կվաճառենք: Նախատեսում ենք նաեւ հուշանվերների վաճառք: Մեր կենտրոնների ծրագիրը ֆինանսավորում ստանալու է մինչեւ 2020-ի դեկտեմբեր, հետեւաբար՝ պետք է անցնել ինքնաֆինանսավորման:

Կլինի նաեւ Guide Book

Լոռու տուրիզմի զարգացման եւ հետազոտության կենտրոնի համակարգող Գեւորգ Վարդանյանի խոսքով՝ զբոսաշրջային սեզոնը թեեւ ավարտվել է, սակայն անելիքները  շատ են:

Գեւորգ Վարդանյանը

Մարզի եւ Վանաձորի համար տեղեկագիրք (Guide Book) են կազմում, միաժամանակ՝ աշխատում մարզի զբոսաշրջության զարգացման ռազմավարության վրա՝ առաջիկա 5 տարիների կտրվածքով։

Ինչպես գտնել

Կենտրոնները գործում են Լոռու մարզպետարանի շենքում։ Նրանց հետ կարելի է կապ հաստատել նաեւ ֆեյսբուքյան էջերի միջոցով:

Տաթեւիկ Ճուղուրյան
Լուսանկարները՝ հեղինակի եւ կենտրոնների արխիվից
Դիտում՝ 14409
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW