Մակրո ազատություն միկրոբիզնեսին

05.11.2019 | 12:16 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#Գեւորգ Պողոսյան #միկրոբիզնես #հարկեր
2020թ. հունվարի 1-ից ինքնազբաղված անձանց եւ ընտանեկան ձեռնարկատիրության հարկման համակարգերի փոխարեն կներդրվի մեկ միասնական՝ միկրոձեռնարկատիրության հարկման համակարգը: Ի՞նչ է այն ենթադրում, ո՞վ եւ ինչպե՞ս կարող է համարվել միկրոձեռնարկատեր. Banks.am-ի հետ զրույցում այս հարցերին պատասխանել է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) կողմից ֆինանսավորվող Գործարարության աջակցման գրասենյակի ղեկավար Գեւորգ Պողոսյանը:

Ի՞նչ է ենթադրում նոր համակարգը

Միկրոձեռնարկատիրության հարկման համակարգը թույլ է տալիս կազմակերպություններին կամ անհատ ձեռնարկատերերին, կոնկրետ դեպքերում՝ նաեւ ֆիզիկական անձանց, մինչեւ 24 մլն դրամ շրջանառություն ունենալու պարագայում ազատվել բոլոր բիզնես հարկերից:

Կարելի է ասել, որ նոր համակարգն աննախադեպ է նաեւ միջազգային փորձի տեսանկյունից: Նման աջակցություն միկրոբիզնեսին շատ քիչ երկրներում կարելի է գտնել:

Օրինակ՝ Վրաստանում հարկերի ազատում ստանում են միայն ֆիզիկական անձիք եւ կարող են ունենալ փոքր շրջանառություն՝ տարեկան մոտ $10 000-ին համարժեք:

Նոր հարկազատման համակարգը փոխարինելու է ընտանեկան ձեռնարկատիրության, ինքնազբաղված անձանց, եւ որոշ դեպքերում նաեւ՝ արտոնագրային հարկի համակարգերին:


Նախկինում ընտանեկան ձեռնարկատիրության դեպքում ձեռներեցը պարտավոր էր գործունեությունն իրականացնել միայն ընտանիքի անդամների միջոցով, այժմ հնարավոր է որպես աշխատակից ներգրավել ցանկացած անձի՝ 5000 դրամ ամսական եկամտահարկով:

Ընտանեկան ձեռնարկատիրության համար միակ բացասական ազդեցությունը թերեւս այն է, որ ընտանիքի անդամին այժմ հարկ կլինի որպես աշխատակից ձեւակերպել: Մյուս կողմից՝ ընդլայնվում է իրացման շրջանառությունը, որը նախկինում 18 մլն դրամ էր:

Ո՞վ կարող է համարվել միկրոձեռնարկատեր

Միկրոձեռնարկատիրությամբ կարող են զբաղվել նրանք, ովքեր ունեն մինչեւ 24 մլն դրամ շրջանառություն: Դրանք են արտադրողներն ու ծառայություն մատուցողները՝ բացառությամբ խորհրդատվական եւ ֆինանսական ծառայությունների:

Խորհրդատվական ծառայություններ ասելով հասկանում ենք բոլոր տեսակի հաշվապահական, մարքեթինգային, բրենդինգային, իրավաբանական խորհրդատվություն տրամադրող կազմակերպությունները: Ֆինանսականի դեպքում դրանք ֆինանսավարկային գործունեություն կամ վիճակախաղեր իրականացնողներն են:

Երեւանում առեւտրի ոլորտում գործող ձեռնարկատերերը եւս չեն կարող հարկվել այս համակարգով, մինչդեռ Երեւանից դուրս կարող են համարվել նրանք, ովքեր իրենց գործունեությունը չեն իրականացնում տոնավաճառներում կամ առեւտրի կենտրոններում: Կարեւոր է շեշտել նաեւ այն, որ այս դեպքում խանութները չեն կարող վաճառք իրականացնել կազմակերպությունների հետ, արտադրանքը պետք է վաճառվի բացառապես բնակիչներին:

Ազգային ժողովը հոկտեմբերի 24-ին առաջին ընթերցմամբ ընդունեց նաեւ մարզերում հանրային սննդի ոլորտի ձեռնարկատերերին միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարելու նախագիծը, որի վերջնական ընդունման դեպքում տվյալ տնտեսվարողները եւս կկարողանան օգտվել համակարգի արտոնություններից:

Սարքերի միջոցով սուրճի, սննդի վաճառքները եւս չեն կարող ընդգրկվել համակարգում:

Փոխկապակցվածության տեսանկյունից՝ միկրոձեռնարկատերը չի կարող ունենալ 20%-ից ավելի փայաբաժին այլ կազմակերպությունում:

Եթե տարվա ընթացքում ՀԴՄ մեքենայի տուգանքի 3 դեպք գրանցվի, ընկերությունը կամ անհատը կդադարի լինել այս համակարգի հարկ վճարող:
 


Կարեւոր է հիշել

Սովորաբար մարդիկ կարծում են, թե տարին անցնելուց հետո իրենք ինքնաբերաբար համարվում են այդ նույն համակարգի հարկ վճարող, բայց կարեւոր է հիշել՝ ամեն տարի մինչեւ փետրվարի 20-ը պետք է հարկային մարմնին համապատասխան դիմում ներկայացնել:

Միկրոձեռնարկատիրության համակարգում գործող անձիք պետք է տարեկան հաշվետվություն ներկայացնեն տարվա ավարտից հետո մինչեւ փետրվարի 20-ը, իսկ եթե ունեն վարձու աշխատող՝ ամսական եկամտային հարկի հաշվետվություն՝ մինչեւ հաջորդ ամսվա 20-ը:

Օգտակար խորհուրդներ բիզնեսից առաջ

Նախ եւ առաջ, անհրաժեշտ է պլանավորել բիզնեսը, հասկանալ՝ որքանով կարող եք իրականացնել այն, հատկապես, եթե պատրաստվում եք օգտվել ֆինանսական գործիքներից՝ փոխառություն, ներդրում ստանալ, վարկ վերցնել եւ այլն: Փորձը ցույց է տալիս, որ սովորաբար չեն հաջողում այն բիզնեսները, որոնք պլանավորված չեն:

Ձեռներեցները հաճախ են խնդիրների բախվում նաեւ աշխատաշուկայում: Չեն գտնում իրենց նախատեսած աշխատավարձով ու համապատասխան գիտելիքով աշխատակցի: Սա եւս նախապես պետք է հաշվարկել:

Ձեռներեցների մեծ մասը կարծում է, թե իրենք լավատեղյակ են բոլոր ոլորտներից, ինչը սխալ մոտեցում է: Եթե ֆինանսական հնարավորությունները թույլ են տալիս, շատ կարեւոր է ներգրավել հաշվապահի, մարքեթինգային փորձագետի, SMM մասնագետի, իսկ եթե չկա նման հնարավորություն, ապա առնվազն ստանալ համապատասխան խորհրդատվություն:


Մուլտիպլիկատիվ ազդեցություն

Այս համակարգի ներդրումը կնպաստի նրան, որ շատ անձիք կսկսեն նախաձեռնել ձեռնարկատիրական գործունեություն, որը մինչ այս չէին պլանավորում:

Հայաստանում ունենք մոտ 3 մլն բնակչություն, իսկ ակտիվ գործող բիզնես՝ մոտ 100 000: Վրաստանի բնակչությունը մոտ 3,7 մլն է, բայց այնտեղ գրանցված է մոտ 600 000 բիզնես:


Չվճարելով հարկեր՝ ձեռներեցները կկարողանան այդ գումարը ներդնել բիզնեսում ու ընդլայնել գործունեությունը:

Հանրությանը նոր համակարգին ծանոթացնելու համար մենք տարեվերջին պլանավորում ենք ՓՄՁ Զարգացման ազգային կենտրոնի հետ համատեղ մարզերում իրազեկման արշավներ իրականացնել:

Գեւորգ Պողոսյանի հետ զրուցել է Գայանե Ենոքյանը
Դիտում՝ 8486
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW