Գեւորգ Պողոսյան. ՓՄՁ-ները մեծ ակնկալիքներ ունեն նոր կառավարությունից

06.06.2018 | 09:33 Գլխավոր էջ / Նորություններ / Հարցազրույցներ /
#Գեւորգ Պողոսյան #ՓՄՁ
Կիրառել տնտեսական զարգացման այնպիսի մոդել, որն «իրապես կփոխի մարդկանց կյանքը, կդառնա գործազրկության եւ աղքատության կրճատման իրական գործիք»՝ խոստանում է Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը:

Ի՞նչ սպասելիքներ ունեն ՓՄՁ-ները նոր ձեւավորված կառավարությունից, ի՞նչ խնդիրների լուծում են ակնկալում տեսնել. թեմայի շուրջ Banks.am-ը զրուցել է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) կողմից ֆինանսավորվող Գործարարության աջակցման գրասենյակի տնօրեն Գեւորգ Պողոսյանի հետ:

- Պրն Պողոսյան, ըստ Ձեզ՝ ինչպիսի՞ն է ՓՄՁ-ների տրամադրվածությունը նոր կառավարության նկատմամբ: Ի՞նչ սպասումներ են առկա գործարար շրջանակներում:

- ՓՄՁ-ների համար չափազանց կարեւոր է կառավարության գործելաոճի կանխատեսելիությունն ու թափանցիկությունը, որն իրենց հնարավորություն կտա գործելու օրինական դաշտում: Խոշոր կազմակերպությունները, ունենալով պրոֆեսիոնալ անձնակազմ եւ ավելի լայն հնարավորություններ, կարող են իրենց թույլ տալ «խաղալ» որոշակի օրենսդրական հակասությունների վրա՝ հօգուտ իրենց: Մինչդեռ ՓՄՁ-ները մշտապես տուժելու են նման «երկիմաստություններից», իսկ օրենսդրությանը չհամապատասխանելու դեպքում, բնականաբար, նրանց նկատմամբ սահմանվելու են տուգանքներ՝ չկարողանալով պատշաճ կերպով պաշտպանել իրենց շահերը:

Բիզնեսը հարկային դաշտում լիարժեք գործելու ձգտում կունենա այն ժամանակ, երբ պետական կառույցներն աջակցելու պատրաստակամություն ցույց տան: Հաճախ ՓՄՁ-ները բողոքում են՝ երբ իրենք այս կամ այն հարցի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով դիմում են պետական մարմիններին, որպեսզի վերջիններն ուղղորդեն իրենց, ստանում են խուսափողական կամ թերի պատասխաններ. նման պայմաններում օրենքով աշխատելը դժվարանում է:

Նոր կառավարությունն այս կարճ ժամանակահատվածում հասցրել է մի քանի անգամ շեշտել, որ թափանցիկությունն իրենց հիմնական սկզբունքներից է լինելու: Սա արդեն ՓՄՁ-ների շրջանում դրական սպասումներ է ձեւավորել:  

Բացի այդ, առանցքային նշանակություն ունի վստահության հարցը: Նախկին բոլոր կառավարությունների հանդեպ միշտ եղել է հանրության եւ բիզնեսի վստահության պակաս, իսկ նոր կառավարությունն ի սկզբանե եկել է մեծ վստահությամբ: Սա ենթադրում է, որ շատ ՓՄՁ-ներ, որոնք գտնում էին, որ պետք է հարկեր քիչ վճարեն կամ շրջանառություն թաքցնեն զուտ այն պատճառով, որ, իրենց համոզմամբ, անարդար վերաբերմունքի էին արժանանում, հետզհետե կփոխեն իրենց կարծիքը: Նման միտում արդեն նկատելի է. ՓՄՁ-ների շրջանում մեծ ոգեւորվածություն եմ տեսնում:

- Դուք մշտապես կապի մեջ եք ՓՄՁ-ների հետ եւ տեղյակ եք նրանց խնդիրներից: Պատրաստվո՞ւմ եք առաջարկներ ներկայացնել կառավարությանը:

- Մենք արդեն իսկ առաջարկել ենք նոր կառավարությանը՝ ձեւավորել մեխանիզմներ ՓՄՁ-ների համար՝ լիարժեք իրագործելու իրենց իրավունքների պաշտպանությունը:

Նախկին եւ, նաեւ, դրանից առաջ գործող կառավարության հետ անընդհատ քննարկում էինք բիզնես օմբուդսմենի անհրաժեշտությունը: Այժմ մեր կառույցը գտնում է, որ այս հարցն ավելի արդիական է, քանի որ, նախ, հանրության մեջ կոտրվում է այն կարծրատիպը, թե պահանջելով կամ բողոքարկելով չես կարողանա հասնել արդարությանը: Տարբեր վայրերում մենք պարբերաբար ականատես ենք լինում տարատեսակ բողոքի ակցիաների, մի դեպքում արդարացված, մյուսում՝ ոչ, կազմակերպված կամ չկազմակերպված, ինչը նշանակում է, որ հանրության մոտ արթնացել է պետության հանդեպ պահանջատիրական մոտեցում: Սա ենթադրում է, որ եթե այսօր բիզնես օմբուդսմենը հիմնվի, այն ավելի մեծ պահանջարկ կունենա:

Իրավունքների պաշտպանությունը ՓՄՁ-ների շրջանում նոր թափ է հավաքում:

- Նոր հարկային օրենսդրությունը ՓՄՁ-ների շրջանում որոշակի մտահոգություններ էր առաջացրել: Ըստ Ձեզ՝ կառավարությունը նախատեսո՞ւմ է շտկումներ նախաձեռնել արդեն ներդրված Հարկային օրենսգրքում:

- Հարկային օրենսգիրքը վերջերս է ներդրվել, հետեւաբար՝ անհրաժեշտ է որոշակի ժամանակ՝ կլինի դա 6, 8 ամիս կամ տարի՝ ուսումնասիրելու եւ քննարկելու, թե իրականում այն ինչ խնդիրներ է առաջ բերում, որպեսզի վերանայվեն խնդրահարույց կետերը:


Ես վստահ եմ, որ ինչպես նախորդ, այնպես էլ նոր կառավարության համար սա լինելու է առաջնահերթություն՝ հասկանալ, թե գործնականում ինչ խնդիրներ են ծագում եւ քայլեր ձեռնարկել դրանց լուծման ուղղությամբ:

- Ինչպես նշեցիք՝ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ՓՄՁ-ների մոտ դրական սպասումներ է ձեւավորել: Իսկ արդեն նկատելի՞ են այդ սպասումների արդյունքները՝ բիզնեսի ընդլայնման, նոր ներդրումների տեսքով:

- Կարծում եմ՝ դեռ շուտ է արդյունքներ ակնկալելու համար: Այս պահին դեռեւս նկատվում է որոշակի ոգեւորություն, ինչը կարելի է տեսնել նաեւ սոցցանցերում. բոլոր այն հարթակներում, որտեղ ՓՄՁ-ները քննարկում էին իրենց խնդիրները, այժմ  անընդհատ խոսվում է գովելի բացահայտումների մասին, ինչը, բնականաբար, առաջիկայում կբերի գործարար հետաքրքրության աճի:

Եթե այսօրվա կառավարությունը կյանքի կոչի այն ամենը, ինչ խոստացել է հանրությանը՝ վերացնել կոռուպցիան, վերականգնել սոցիալական արդարություն ու լայն հնարավորություններ ստեղծել ներդրումների համար, մենք կտեսնենք այդ ոգեւորության իրական արդյունքները: Եթե նաեւ վերանան այն լրացուցիչ ծախսերը, որոնք ՓՄՁ-ները ստիպված էին իրականացնել նախկինում հանդիպող արգելքների պատճառով, խնայված միջոցները կուղղվեն բիզնեսի զարգացմանը:

Գեւորգ Պողոսյանի հետ զրուցել է Սիրանուշ Սիմոնյանը
Դիտում՝ 18339
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW