2016թ. հոկտեմբերի 4-ին ՀՀ Ազգային ժողովի ընդունած Հարկային օրենսգիրքն ուժի մեջ է մտել 2018 թ. հունվարի 1-ից՝ իր հետ բերելով հարկային օրենսդրության էական փոփոխություններ։ «Գրանթ Թորնթոն Հայաստան» ընկերության հարկային մասնագետները ուսումնասիրություններ են կատարել օրենսդրության կարգավորումների եւ լրացումների վերաբերյալ եւ Banks.am-ին են տրամադրել հարկային փոփոխությունների հիմնական դրույթների հակիրճ տարբերակը:Հարկային տեղեկագրում ներառված են եկամտային հարկի, ավելացված արժեքի հարկի, շահութահարկի եւ տրանսֆերային գնագոյացման հետ կապված էական փոփոխությունները։Եկամտային հարկում տեղ գտած հիմնական փոփոխությունը վերաբերում է նոր դրույքաչափերի կիրառմանը, մասնավորապես՝ աշխատավարձի եւ դրան հավասարեցված այլ եկամուտների հարկման նվազագույն դրույքաչափը ամսական մինչեւ 150 000 դրամ աշխատավարձ ստացողների համար նվազեցվել է՝ սահմանելով այն 23%, մինչդեռ ամսական մինչեւ 2 մլն աշխատավարձ ստացողների եկամտային հարկը բարձրացվել է 26%-ից 28%։ Եկամտային հարկի սահմանային դրույքաչափը ամսական 2 մլն դրամից ավել աշխատավարձի դեպքում կազմում է 36%: Որոշակի փոփոխություններ են կատարվել նաեւ հաշվետվությունների ներկայացման ժամկետներում եւ ներդրվել է հաշվետվության նոր տեսակ։Հարկային օրենսգրքում տեղ գտած մյուս էական փոփոխությունը վերաբերում է ամորտիզացիոն հատկացումներին եւ սկսած 2018թ. հունվարի 1-ից՝ հարկատուները պետք է հետադարձ կատարեն մաշվածության հաշվարկման ուղիղ գծային մեթոդին։ Հարկ է նշել, որ ուղիղ գծային մեթոդը կիրառելի էր նաեւ մինչեւ 2013թ., սակայն 2014-ից անցում կատարվեց մաշվածության հաշվարկման խմբային մեթոդին։Մյուս կարեւոր փոփոխությունը վերաբերում է ոչ ռեզիդենտ իրավաբանական անձանց շահաբաժինների հարկման մեխանիզմի փոփոխությանը, մասնավորապես, ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողներին վճարման ենթակա շահաբաժինների գծով աղբյուրի մոտ շահութահարկի հաշվարկման պարտավորությունը հարկային գործակալի համար ծագում է, իսկ ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի համար շահաբաժինների տեսքով եկամտի ստացման իրավունքը համարվում է ձեռք բերված՝ հարկային գործակալի բաժնետերերի ժողովի կողմից հաշվետու տարվա գործունեության արդյունքներով ստացված շահույթից շահաբաժինների բաշխման մասին որոշման ընդունման օրը:Հարկ է նշել, որ սույն դրույթը կիրառելի է միայն 2017թ. հունվարի 1-ից հետո ընկած ժամանակահատվածներին վերագրվող շահաբաժինների համար:Շահութահարկի եռամսյակային վճարումները ներկայում պետք է կատարվեն նախորդ հարկային տարվա շահույթի 20%-ի չափով մինչեւ տվյալ եռամսյակի վերջին ամսվա 20-ը ներառյալ, եթե տվյալ հարկ վճարողը չի ընտրել շահութահարկի կանխավճարների կատարման այլընտրանքային եղանակը: Անհրաժեշտ է նշել, որ համաձայն «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի դրույթների, որոնք ուժի մեջ էին մինչեւ 2018թ. հունվարի 1-ը, շահութահարկի կանխավճարները պետք է կատարվեին մինչեւ տվյալ եռամսյակի վերջին ամսվա 15-ը ներառյալ նախորդ հարկային տարվա շահութահարկի գումարի 18.75 տոկոսի չափով։Տրանսֆերային գնագոյացումը (ՏԳ) հատկապես վերաբերում է միջազգային գործարքներում ներգրավված կազմակերպություններին։ Հայաստանում ՏԳ կարգավորումները ուժի մեջ մտան 2018թ. հունվարի 1-ից՝ հարկային օրենսգրքի ուժի մեջ մտնելու հետ մեկտեղ։ Կարգավորումները սահմանում են ՏԳ հսկողությունը, պարզած ձեռքի հեռավորության սկզբունքները եւ ՏԳ մեթոդները, ՏԳ վերլուծության համար տեղեկատվության աղբյուրները, ՏԳ փաստաթղթավորմանը ներկայացվող պահանջները եւ այլ կարեւոր դրույթներ։ Հայաստանը հանդիսանում է Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) անդամ եւ ՏԳ կարգավորումները հիմնականում հիմնված են ՏՀԶԿ ուղեցույցի սկզբունքների վրա։ Նոր կարգավորումներն էականորեն ավելացնում են փաստաթղթավորման բեռը այն կազմակերպությունների համար, որոնք ներգրավված են 200 մլն դրամը գերազանցող վերահսկվող գործարքներում։««Գրանթ Թորնթոն Հայաստան»-ի հարկային բաժինը ջանքեր չի խնայում օրենսդրության խրթին դրույթների, դրանցում կատարված փոփոխությունների եւ լրացումների ըմբռնման հարցում եւ օգնում է բացահայտել, թե ինչպիսի հետեւանքներ կարող են ունենալ վերջիններս տնտեսվարող սուբյեկտների գործունեության առնչությամբ՝ միաժամանակ ներկայացնելով ուղիներ հարկային օրենսդրության փոփոխությունների հետ կապված ռիսկերը նվազեցնելու կամ բացառելու ուղղությամբ»,- նշել են ընկերությունում։Ուսումնասիրության արդյունքներին ավելի մանրամասն կարելի է ծանոթանալ այստեղ: Tweet Դիտում՝ 35707