Արմեն Տեր-Տաճատյան. «KARAS-ը չի նույնականացվում իր հայերեն իմաստի հետ»

16.07.2018 | 09:19 Գլխավոր էջ / Նորություններ / Հարցազրույցներ /
Banks.am-ի հարցազրույցը «Տեր-Տաճատյան» իրավաբանական եւ բիզնես խորհրդատվական ՓԲԸ հիմնադիր տնօրեն, «Տիեռաս դե Արմենիա» ՓԲԸ արտաքին իրավաբան Արմեն Տեր-Տաճատյանի հետ

- «Զորահ» բրենդի հիմնադիր Զորիկ Ղարիբյանը պնդում է, որ ինքը պայքարում է ոչ թե ձեր ընկերության դեմ, այլ «կարաս» բառը «մոնոպոլիզացնելու» դեմ: Եկեք հստակեցնենք՝ դատարանի որոշումը արդյոք նշանակո՞ւմ է, որ այլեւս միայն ձեր ընկերությունը կարող է Հայաստանում օգտագործել «կարաս» բառը:

- Ձեր հարցի  մեջ օգտագործված «Զորահ» բրենդ հասկացության մասին պարտադիր եմ համարում նկատել, որ չկա այդպիսի ապրանքային նշան, այն գոյություն չունի նաեւ որպես ընկերության ֆիրմային անվանում: «Զորահ» բառը, որպես համակցված ապրանքային նշանի մի մասնիկ կիրառվում է «Սակի ընդ Սանս» ՓԲԸ-ի կողմից արտադրված գինիների մակնշման համար: Հետևաբար` այդ բառի առանձին օգտագործումը, առավել եւս, որպես բրենդ՝ ապրանքային նշան, չի կարող:


Դատական ակտերի հիման վրա անվավեր է ճանաչվել «Սակի ընդ Սանս» ՓԲԸ-ի անվամբ գրանցված «Զ Կարասի Զորահ» ապրանքային նշանի գրանցումը, քանի որ այն շփոթության աստիճան նման է ավելի վաղ առաջնություն ունեցող «Կարաս» ապրանքային նշանին: «Կարաս» ապրանքային նշանի համար գործում է դիմումի առաջնություն, այսինքն, այն գրանցելու հայտը ներկայացվել է ավելի վաղ ամսաթվով: Հետագայում գրանցված այն ապրանքային նշանները, որոնք կունենան այդ նշանին շփոթության աստիճան նման նշան, ապա «Կարաս» ապրանքային նշանի սեփականատիրոջ պահանջով կարող է արգելվել դրանց օգտագործումը: Սա բառի «մոնոպոլիզացիա» չէ, այլ միայն ապրանքային նշանի նկատմամբ իրավունքի կիրառում, ինչը նախատեսված է «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքով:

Հատկապես կարեւոր եմ համարում ընդգծել, որ ապրանքային նշանը մեկ արտադրողի ապրանքն այլ արտադրողի ապրանքից զատելու հիմնական եւ գլխավոր գործիքն է, սա տվյալ արտադրողի շուկան է, եւ դա է պատճառը, որ որեւէ ապրանքային նշան պաշտպանվում է օրենքով: Զարգացնելով ապրանքային նշանը, արտադրողը զարգացնում է իր շուկան, դրա վրա կատարում է ներդրումներ՝ իր արտադրանքը ճանաչելի դարձնելու համար, հետեւաբար պետք է ունենա եւ ունի օրենքով այդ շուկան եւ դրա ներդրումները պաշտպանելու իրավունք: Այս իրավունքի իրացումը չի կարող որակվել որպես «բառի» «մոնոպոլիզացիա»:

- Դուք ասում եք, որ «կարաս»-ը դիտարկում եք որպես առեւտրային նշան: Այդ տրամաբանությամբ տարբեր ընկերություններ կարող են որպես առեւտրային նշան գրանցել, օրինակ, «կաթսա» կամ «շիշ» բառերը եւ արգելեն մնացածին օգտագործել դրանք: Չե՞ք կարծում, որ այս հարցում ձեր մոտեցումը փոքր-ինչ խոցելի է:

- Ես պետք է կրկնեմ, որ «Կարասը» գրանցված եւ «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով պաշտպանվող ապրանքային նշան է: Մենք ոչ միայն այն դիտարկում ենք, այլ հենց այդպիսին կա:

Տարբեր ընկերությունների կողմից կոնկրետ Ձեր նշած բառերի գրանցման եւ արգելելու մասին կարող եմ ասել հետեւյալը. որեւէ ընկերություն կարող է որպես ապրանքային նշան գրանցելու համար հայտարկել իր նախընտրած եւ իր շուկային ներդաշնակ նիշը: Գրանցող մարմինը այն գրանցում է օրենքով սահմանված կարգով, եւ ենթարկում իրավական պահպանության: Օգտագործման ժամանակ տվյալ ընկերությունը պետք է այն օգտագործի այնպես, որ չառաջացնի շփոթություն այլ նշանների հետ, այսինքն պահպանելով ապրանքային նշանը՝ օրենքը պաշտպանում է տվյալ արտադրողի շուկան: Սա անչափ կարեւոր է նաեւ երկրի ապրանքային շուկայի համար:

Հայաստանում կան գրանցված եւ պահպանվող ապրանքային նշաններ, որոնք Ձեր մատնանշած ընդհանուր նշանակությունն ունեն, օրինակ, «Տակառ», «Մառան», «Կուժ», «Հայաստան», «Ոսկի», «Երազ»: Մասնավորապես, «Տակառն» ու «Մառանը» կարող ենք նույնացնել գինու արտադրական տեխնոլոգիայի հետ այնպես, ինչպես «Կարասը»: Բայց դրանք որպես ապրանքային նշաններ կիրառվում են եւ արդեն ձեւավորել են իրենց ուրույն շուկաները եւ չի կարելի դրանց նկատմամբ որեւէ մեկնաբանությամբ հանրությանը շփոթեցնել, դրանք ապրանքային շուկաների հստակ գործիքներ են:

Հետևաբար` մոտեցման խոցելիության մասին խոսք չի կարող լինել: Ես վստահ եմ, որ հակառակ մոտեցումն է առավել քան խոցելի:  

Նաեւ պետք է հիշել, որ «Տիեռաս դե Արմենիա» ՓԲԸ-ն գրանցել է ոչ թե միայն «Կարաս» բառային ապրանքային նշանը, այլ համակցված ապրանքային նշան, որն այդ բառից բացի ունի նաեւ պատկեր, եւ այդ ապրանքային նշանը գրանցվել է կոնկրետ դասում, կոնկրետ ապրանքի համար՝ գինի։ Նույն «Կարաս» բառն օգտագործվում է որպես ապրանքային նշան այլ տնտեսվարող սուբյեկտի կողմից այլ դասի՝ սննդամթերքի ծառայությունների համար։  Այսինքն «Կարաս» բառի օգտագործումն ապրանքային նշանի տարրի համար չի կարելի գնահատել որպես բացառիկ երեւույթ։ Այստեղ է հենց դրսեւորվում ապրանքային նշանի իմաստը՝ կոնկրետ ապրանքը կամ ծառայությունը տարբերակել այլ նմանատիպ ապրանքներից եւ ծառայություններից։

- Դեռեւս 2018թ. փետրվարին 14 հայկական գինեգործական ընկերություններ հանդես եկան միասնական դիմումով՝ «Տիեռաս դե Արմենիա» ՓԲԸ-ին կոչ անելով հրաժարվել «կարաս» բառի նկատմամբ պահպանությունից: Որեւէ կերպ արձագանքե՞լ եք այդ կոչին:

- Անշուշտ, արձագանքել ենք: Վստահ եմ, գիտեք Հայաստանի գինեգործության եւ խաղողագործության զարգացման բնագավառում «Տիեռաս դե Արմենիայի» աննախադեպ ներդրումների մասին: Դրանք լոկ ֆինանսական ներդրումներ չեն, դրանում հոգի է դրված, այդ ներդրումներով վերհանվել են հայկական գինու լավագույն հնարավորությունները, խաղողագործության լավագույն մշակույթ է ստեղծվել Հայաստանում, ինչն իր հետ բերել եւ զարգացրել է հայկական գինիների հսկայական տեսականի, որոնք շատ լավն են իրենց համային հատկանիշերով:  


Մենք մշտապես հայտնել ենք, որ որեւէ արտադրող` կարասում գինին արտադրելու մասին ոչ միայն կարող է, այլ պարտավոր է իր արտադրական տեխնոլոգիայի մասին ծանուցել շուկային եւ սպառողներին: Դա մակնշվում է գինու շշի հակառակ կողմին: Ի դեպ, այդպիսի մակնշում ունի նաեւ «Սակի ընդ Սանս» ՓԲԸ-ն, իր գինու շշի հակառակ կողմի պիտակին, ուր գրված է, որ գինին արտադրված է կարասում: Այդպիսի մակնշմանը որեւէ խոչնդոտ չկա եւ չի կարող լինել:

Շատ կարեւոր է մեկ ընդ միշտ հասկանալ, որ ապրանքային նշանը արտադրության տեխնոլոգիային չի վերաբերվում, դա ունի այլ իրավական նշանակություն, այն միայն եւ միայն տվյալ արտադրողի արտադրանքը մեկ ուրիշ արտադրողի արտադրանքից տարբերելու նպատակ ունի եւ ոչ ավելին:

- Շատ է խոսվում նաեւ այն մասին, որ «Տիեռաս դե Արմենիան»՝ իր գինին «Կարաս» անվանելով, այն կարասներում չի պատրաստում: Ի՞նչ կասեք այս առնչությամբ:

- Նախորդ հարցին պատասխանելով՝ արդեն ասացի, որ ապրանքային նշանը տեխնոլոգիային չի առնչվում եւ այլ նշանակություն ունի: Եթե մի գինի մակնշված է, օրինակ, «Նորավանք» բառով, դա չի նշանակում, որ այն արտադրվել է Նորավանք եկեղեցում կամ եթե գինին մակնշված է «Ոսկի» բառի կիրառմամբ, դա չի նշանակում, որ այդ գինին պատրաստված է ոսկու մեջ, կամ «Երազ» բառի զետեղումը ապրանքային նշանի վրա չի նշանակում, որ այդ գինին պատրաստված է երազում եւ այսպես շարունակ:

Ապրանքային նշանի նշանակությունը այլ է եւ դա ոչ մի դեպքում չպետք է այլափոխել: Ի դեպ, ոսկի եւ երազ բառերը կիրառվում են հենց «Սակի ընդ Սանս» ՓԲԸ-ի ապրանքային նշանների պատկերի մեջ:

- Արդյոք պատրա՞ստ եք քննարկել որեւէ փոխզիջումային լուծում, որը թույլ կտա համատեղ օգտագործել «կարաս» բառը՝ չխախտելով որեւէ մեկի առեւտրային շահերը: Օրինակ, գնալ Վրաստանի օրինակով, որտեղ հատուկ կարգ են մշակվել քվեվրիի համար:

- Ինչպես արդեն ասացի, Կարաս բառը «Տիերաս դե Արմենիա» ՓԲԸ-ի կողմից օգտագործվում է ինչպես ապրանքային նշան եւ դրանով Ընկերությունը՝արտադրողը, ներկայանում է հայկական եւ օտարերկրյա շուկաներում, դրա առաջխաղացման համար կատարվում են շուկայավարման բավական պատկառելի ծախսեր, նշանն այլեւս պատմություն ունի եւ անհատականացվում է «Տիեռաս դե Արմենիա» ՓԲԸ-ի հետ ամբողջ աշխարհում:

Ընկերությունը որեւէ այլ անձի չի արգելի կարաս բառի այնպիսի օգտագործում, որը չի նույնացվի կամ շփոթության աստիճան չի նմանեցվի «Կարաս» ապրանքային նշանին: Ընկերության նպատակը պատշաճ մրցակցային պայմաններում հայկական գինու նոր շուկաների ստեղծումն է եւ եղած շուկաների զարգացումը թե Հայաստանում, թե Հայաստանից դուրս: Դրա համար կան շատ մեծ հնարավորություններ:

Վրաստանի օրինակի կիրառությանը գնահատական տալը մեր խնդիրը չեմ համարում, քանի որ յուրաքանչյուր պետություն կոնկրետ ժամանակահատվածում եւ կոնկրետ պայմաններում իր առջեւ դնում է խնդիրներ եւ դրանց լուծում է տալիս: Բայց մի շատ կարեւոր հանգամանք կնշեմ, որ այդ թվում Վրաստանում, օգտվելով քվեվրիի լուծումից, որեւէ արտադրող պարտադիր կիրառում է իր առանձին՝ ինքնուրույն, ապրանքային նշանը: Քվեվրին չի կարող լինել բոլորի ապրանքային նշանը, առանց այլ տարբերակիչ անհատականացվող նիշի:

Այս առումով մեկ առանձնահատկություն եւս. Կարասը հայերեն բառ է, միջազգային շուկաներում լատինատառ KARAS-ը չի նույնականացվում իր հայերեն իմաստի հետ, քանի որ դա այլ լեզուներում այլ անվանում ունի, օրինակ, Քվեվրի: Ամբողջ աշխարհում, որտեղ որ Կարաս ապրանքային նշանով գինին ներկայացված է, KARAS-ը բացառապես ընկալվում է որպես ապրանքային նշան եւ մեր գլխավոր խնդիրը՝ մեր ապրանքային նշանի պահպանությունն է, դրանով մեր շուկայի պահպանությունն է:

- Զորիկ Ղարիբյանը հայտարարել է, որ պատրաստ է պայքարը շարունակել միջազգային դատարաններում: Դուք պատրա՞ստ եք այդպիսի սցենարի:

- Ես կարծում եմ, որ ցանկացած գործարար սուբյեկտ պետք է գործի բարեխիղճ մրցակցության միջավայրում: Այն պնդումը, որ Կարասը պետք է լինի բոլորինը, արդեն նշանակում է, որ շուկայում շփոթությունը ակնհայտ գոյություն է ունեցել եւ հենց դա էլ հիմք է հանդիսացել շփոթության աստիճանի նման ապրանքային նշանի գրանցման անվավերության: Մնացածը բառեր են, որոնք այլ անձանց եւ արտադրողների համար հաճախ վիրավորական են: Ինչ վերաբերվում է պայքարին եւ այն շարունակելուն, ապա պետք է պայքարել միմյանց նկատմամբ պարկեշտ վերաբերմունքի ձեւավորման, ճշմարիտ գործելու համար: Հայկական գինիները՝ այդ թվում «Սակի ընդ Սանս» ընկերության արտադրանքը բավական լավն են, պետք է պայքարել դրանց որակի բարձրացման, միջազգային եւ հայկական շուկայում մեր գինիների առաջխաղացման համար:

Արմեն Տեր-Տաճատյանի հետ զրուցել է Արա Թադեւոսյանը
Դիտում՝ 19465
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW