Ջերմուկը՝ էքստրեմալ տուրիզմի կենտրոն դառնալու ճանապարհին

24.07.2019 | 10:45 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#Climb Up #Վազգեն Գալստյան #ժայռամագլցում
Լեռներով, ժայռերով ու կիրճերով հարուստ Հայաստանն աղքատ է լեռնագնացներով ու ժայռամագլցողներով՝ չնայած նրան, որ Վայոց ձորում խորհրդային տարիներին կազմակերպվել են ժայռամագլցման միջազգային մրցաշարեր, իսկ Նորավանքի կիրճը հայտնի վայր է եղել ժայռերի անառիկությունը հաղթահարողների համար:

Թե ներկայում կոնկրետ ինչ քայլեր են ձեռնարկվում այս ուղղությամբ, Banks.am-ը փորձել է պարզել Climb Up ժայռամագլցման ակումբի հիմնադիր Վազգեն Գալստյանի օգնությամբ:

Երբ հոբբին դառնում է հիմնական աշխատանք

«Միայն ժայռեր ունենալով ժայռամագլցումը չի կարող ինքն իրեն զարգանալ: Անհրաժեշտ է դպրոցներ հիմնել, ժայռամագլցման ուղիներ մշակել, ճանաչելի դարձնել Հայաստանը նաեւ այս սպորտաձեւով հետաքրքրվողների համար, բրենդինգ անել: Մենք ունենք այնպիսի թաքնված ու հետաքրքրիր վայրեր, որոնց մասին նույնիսկ հայաստանցիների մեծ մասը չգիտի, ուր մնաց արտասահմանցիները»,-ասում է Վազգեն Գալստյանն ու ներկայացնում իր նախաձեռնած աշխատանքն այս ոլորտում:

Չորս տարի է՝ զբաղվում է ժայռամագլցմամբ, սիրելի զբաղմունքը փորձել է դարձնել աշխատանք՝ հետեւելով այն գաղափարին, որ լավագույն աշխատանքը հոբբին է:

Երկու տարի առաջ որոշել է ձեռք բերել ժայռամագլցման գույք ու ծննդավայր Ջերմուկի ժայռերով մագլցելու համար հրավիրել մասնագետի, որը կմշակեր ժայռերն ու կօգներ իրականացնել մտքում ծնունդ առած ծրագրերը:


«Ժայռամագլցման միջազգային որակավորում ունեցող Մեյհդի Զենդեհկարին հրավիրեցինք Պարսկաստանից: Նա Ջերմուկում 13 տարբեր բարդության ուղիներ մշակեց, ինչը լավ հնարավորություն է ժայռ մագլցողների համար»,- պատմում է Վազգենն ու տեղեկացնում, որ արդեն մեկ ամիս է՝ ժայռամագլցման ծառայություն են մատուցում Ջերմուկից 4 կմ հեռու գտնվող ժայռերում:

Պայմաններ

Ծառայության համար հարկավոր է վճարել 15 000 դրամ, որը ներառում է մարզահագուստի, պարանների ու համապատասխան սարքավորումների տրամադրում, անվտանգության պատասխանատուի վերահսկողություն եւ պրոֆեսիոնալ լուսանկարներ:

Սկսնակների համար նախապատրաստական մարզումներ են անցկացնում, սովորեցնում են հիմնական հմտությունները, մկանները տաքացնում ու օգնում բարձրանալ:


Տարբեր բարդության մինչեւ 25-մետրանոց ժայռերով կարելի է մագլցել, ուղիները նախատեսված են թե՛ սկսնակների, թե՛ պրոֆեսիոնալ մագլցողների համար:

Ժայռամագլցումն ավելի անվտանգ է, քան հեծանվասպորտը

- Բա, որ ժայռը պոկվի՞, քարը պոկվի՞, ու ընկնես:

Այս վախերին հետեւում է Վազգենի ինքնավստահ պատասխանը.

- Ժայռամագլցման ուղիներ մշակելիս վերցրել ենք մեկ ժայռաբեկոր, ու քարեր պոկվելու հավանակությունը շատ փոքր է: Ժայռամագլցումն ավելի անվտանգ է, իսկ վնասվածքներ ստանալու հավանականությունը շատ ավելի փոքր է, քան հեծանվասպորտի դեպքում: Պատճառն այն է, որ պարանն ամրացված է լինում, մինչեւ 2 տոննա քաշ կարող է պահել, ժամանակակից սարքավորումների միջոցով գործնականում ռիսկերը նվազեցված են: Բացի այդ, ժայռամագլցողներին հետեւում է անվտանգությունն ապահովող աշխատակիցը:

Ժայռամագլցումը կոփում է բնավորություն, զարգացնում է բոլոր մկանները, հավասարակշռությունը պահպանելու ու դիրքավորվելու կարողությունները զարգացնելու հնավորություն է ընձեռում: Ժայռերի վրա մագլցելով է հնարավոր հաղթահարել վախը բարձրությունից:

Վազգենը ժայռամագլցման համար հակացուցումներ չի նշում, տարիքային սահմանափակում չկա: Խոչընդոտ կարող է լինել միայն քաշը՝ 120 կգ-ից ավելի կշռողներին խորհուրդ չի տրվում ժայռեր մագլցել:


«Իջնելու համար հարկավոր է նախ բարձրանալ»

«Ժայռամագլցման համար պետք է ունենալ ամուր մկանային համակարգ, հատկապես մատները զարգացած պետք է լինեն: Սկսնակները չեն կարողանում ուղին մինչեւ վերջ հաղթահարել ու բաց են թողնում ժայռը: Մտածում են, որ կկարողանան քայլել ժայռերի վրայով կամ էլ ազատ անկում կլինի: Միանգամից սուր զգացողություն է առաջանում, բայց պարանից կախված են մնում օդի մեջ,- ժպիտով պատմում է Վազգենն ու հավելում. -Սկսնակների համար հաճելի է ոչ թե բարձրանալը, այլ իջնելը, բայց իջնելու համար հարկավոր է նախ բարձրանալ»:

Փորձը ցույց է տալիս, որ ովքեր մեկ անգամ մագլցել են, հետագայում ցանկացել են նորից կախվել ժայռի երակներից, հաղթահարել ու վերապրել նույն սուր զգացողությունները: Որքան էլ տեխնիկական միջոցներն անվտանգությունն ապահովում են, միեւնույնն է՝ ժայռին «փաթաթվողը» միշտ մկանների գերլարվածությամբ կառչում է՝ վախենալով ընկնելուց:


Վազգենը նաեւ ժայռամագլցման անվճար պարապմունքներ է կազմակերպում ջերմուկցի երիտասարդների համար: Սրանով փորձում է մատուցած նոր ծառայության սոցիալական գործոնն ապահովվել: Ընդունակները կարող են զարգացնել հմտություններն ու իրենք ծառայություն մատուցեն՝ փորձելով զարգացնել ժայռամագլցման մշակույթն ու գումար վաստակել:

«Էն ուղիները, որ մշակել ենք Ջերմուկում, մեր սեփականությունը չէ, կարող են գալ իրենց գույքով ու մագլցել»,- վստահեցնում է Վազգենն ու խոսում Ջերմուկում իր հեռահար նպատակներից:

Ջերմուկի տուրիզմն ու երիտասարդական բեկումը

Ջերմուկ հիմնականում այցելում են տարեցները՝ առողջարաններում բուժվելու, հանգստանալու եւ կենարար ջրից խմելու նպատակով:

Տեղի երիտասարդները որոշել են նոր շունչ տալ քաղաքին, բացահայտել ու ներկայացնել Ջերմուկի հնարավորություններն ու եղած հանգստի ձեւերին նորերը ավելացնել:


«Ցանկանում ենք Ջերմուկի տուրիզմի զարգացման բնագավառում բեկումնային քայլ անել եւ այս ուղղությունը դարձնել ավելի երիտասարդական: Քաղաքը շատ մեծ պոտենցիալ ունի էքստրեմալ տուրիզմի զարգացման համար՝ քայլարշավների, ավտոարշավների, ջրային ռեսուրսների օգտագործման, սառցամագլցման եւ այլն: Հետաքրքրիր մտքեր գեներացնելու դեպքում մեծ թվով տուրիստներ կարելի է բերել Ջերմուկ»,- ասում է Վազգենը:


Climb Up ակումբի անդամներն այս հարցում տարբեր ծրագրեր են իրականացնում, սակայն երիտասարդական նախաձեռնությունը ձգտում է հասնել նաեւ պետական հոգածության: Ասում են՝ հույս կա, որ 2020-ից ժայռամագլցումն ընդգրկվելու է օլիմպիական մարզաձեւերի մեջ, ու հնարավոր է՝ պետական մակարդակով հիմնվեն դպրոցներ, համապատասխան դահլիճներ:

Ի դեպ, Հայաստանում ժայռամագլցման երկու մասնագիտացված դահլիճ կա՝ ԵՊՀ-ում ու մասնավոր հաստատությունում:

Վազգենի կարծիքով՝ ժայռամագլցումը զարգացնելու համար հարկավոր են մեծ թվով ժայռ մագլցողներ ու այդ նպատակով Climp Up-ի առաջիկա նպատակներից մեկը Ջերմուկում ժայռամագլցման դպրոց հիմնելն է: Սակայն այս հարցում անհրաժեշտ է ֆինանսական աջակցություն՝ արհեստական պատեր կառուցելու համար:

Այժմ ժայռամագլցումը զարգանում է երիտասարդական տարբեր նախաձեռնությունների փոքրիկ կղզյակներում: Ժայռերի սիրահարները հանդիպում են ամեն տարի կազմակերպվող Արարատի մարզի Դժոխքի ձորում անցկացվող փառատոնին: Այն մրցութային չէ եւ երիտասարդները ձորի ժայռերն ու թաքնված ապառաժները հաղթահարում են միայն հաճույքի համար:

Անահիտ Հարությունյան
Լուսանկարները՝ Վազգեն Գալստյանի արխիվից
Դիտում՝ 6371
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW