Մարտի 26-ին «Սպայկա» ընկերությունը բացել էր պանրի եւ կաթնամթերքի այլ տեսակների գործարանը: Banks.am-ը գնացել էր գործարանի հետքերով, հոդված պատրաստել գործարանի եւ հարակից ջերմոցի մասին:Ավելի ուշ՝ ապրիլի 4-ի ուշ երեկոյան, լրատվամիջոցներում սկսեց շրջանառվել «Սպայկա»-ի տնօրեն Դավիթ Ղազարյանին ձերբակալելու մասին լուրերը: Հաջորդ օրը նրան մեղադրանք առաջադրվեց, իսկ ապրիլի 8-ին դատարանը որոշում ընդունեց նրան երկու ամսով կալանավորելու մասին: Դավիթ Ղազարյանը մեղադրվում է ավելի քան 7 մլրդ դրամի հարկերի եւ մաքսատուրքերի վճարումից չարամտորեն խուսափելու մեջ։Ստորեւ ներկայացնում ենք նախապես մեր պատրաստած հոդվածը՝ առանց փոփոխությունների:Աշխարհում կիսափակ տեխնոլոգիաներով ամենամեծ ջերմոցը, որը հիմնել է «Սպայկա» ընկերությունը Երեւանի Նորագավիթ թաղամասում, շուտով կտա առաջին բերքը։ Ջերմոցի, ինչպես նաեւ տարածաշրջանում առաջին ու միակ՝ կապույտ բորբոսով պանրի գործարանի առավելություններն ու տնտեսական ազդեցությունը պարզելու նպատակով Banks.am-ի թղթակիցը զրուցել է ընկերության նախագծերի կառավարման բաժնի ղեկավար Կարեն Բաղդասարյանի հետ։ Բարձր արտադրողականություն50 հա տարածքով ջերմոցից հնարավոր է ստանալ 25-30 հազ. տոննա բանջարեղեն։ Այն շահագործման է հանձնվել այս տարվա հունվարից, սակայն որոշակի շինարարական աշխատանքներ դեռեւս շարունակվում են։ Կիսափակ ջեմոցների հիմնական առավելությունն է համարվում ջերմոցի ներսում օպտիմալ միկրոկլիմայի ստեղծումը, որը բույսին թույլ է տալիս դրսեւորել գենետիկական ամբողջ ներուժը՝ ապահովելով առավել բարձր բերքատվություն։Այս պահին ջերմոցում լոլիկ եւ վարունգ է աճում, սակայն հետագայում նախատեսում են ընդարձակել բույսերի տեսականին։ Մեկ քառակուսի մետրից հնարավոր է ստանալ մինչեւ 50 կգ լոլիկ եւ 60 կգ վարունգ։ Լուսանկարը՝ Մեդիամաքս Ջերմոցի կլիման՝ հեշտ կառավարելիԿարեն Բաղդասարյանի խոսքով՝ կիրառված նորագույն տեխնոլոգիան հնարավոր է դարձնում ծախսերի առավել օպտիմալ կառավարումը։ «Նոր տեխնոլոգիայի աշխատանքի հիմնական սկզբունքն այն է, որ ջերմոցի կլիման կարգավորվում է առանց դրսի հետ շփման։ Կա առանձին միջանցք, որտեղ օդը նախապատրաստվում է ե՛ւ խոնավության, ե՛ւ ջերմության, ե՛ւ CO2-ի տեսանկյունից։ Օդափոխության փեղկերի բացակայության շնորհիվ ձմռանը հնարավոր է դառնում խուսափել ջերմության կորստից»,- մանրամասնում է նա։ Կարեն Բաղդասարյանը Լուսանկարը՝ Անձնական արխիվից Բացի այդ, նվազագույնի է հասցվում դրսից վնասատուների մուտքը եւ պայքարն արդեն հնարավոր է լինում կատարել բացառապես բիոլոգիական մեթոդներով։ «Կան նաեւ սնկային հիվանդություններ, որոնց դեմ պայքարում ենք քիմիական միջոցներով, սակայն այստեղ եւս վարակի ռիսկը նվազագույն է։ Ջերմոցում կլիմայի կառավարման շնորհիվ չեն առաջանում այնպիսի գոտիներ, որտեղ խոնավությունը կարող է թույլատրելիից բարձր լինել, ինչն էլ կանխարգելում է սնկային հիվանդությունների առաջացումը»,- նշում է Կարեն Բաղդասարյանը՝ հավելելով, որ այս կերպ քիմիական նյութերի օգտագործումը գրեթե 0 է դառնում։ Արտահանման նոր ուղղություններԸնկերությունն իր առջեւ խնդիր է դրել ջերմոցային բանջարեղենի արտահանման ծավալը հասցնել 50 հազ. տոննայի, ինչը, Կարեն Բաղդասարյանի խոսքով, Հայաստանի համար աննախադեպ արդյունք կլինի։ Լուսանկարը՝ «Սպայկա» Արտադրանքի իրացման հիմնական շուկան Ռուսաստանն է, սակայն արտահանման ծավալները հետզհետե ընդլայնվում են նաեւ Մերձավոր Արեւելքի երկրներում։ «Եվրոպա արտահանումը խիստ սեզոնային բնույթ է կրում։ Նպատակահարմար ժամանակահատվածը դեկտեմբերից մինչեւ ապրիլ ամիսն է, եւ արդեն հաջորդ տարի կարտահանենք նաեւ Արեւելյան Եվրոպայի երկրներ»,- հավելում է ընկերության նախագծերի կառավարման բաժնի ղեկավարը։Միջազգային շուկայում առաջատար դառնալու հնարավորությունՆորագույն տեխնոլոգիայով ջերմոցի արտադրանքը մրցունակ է մի քանի գործոնի շնորհիվ։«Առնվազն 10 տարի է անհրաժեշտ, որպեսզի այլ երկրներում եւս անցնեն այս տեխնոլոգիային, քանի որ առկա բոլոր ջերմոցները հին տեխնոլոգիայով են աշխատում։ Հնարավոր չէ պարզապես հինը քանդել եւ նորը կառուցել։ Նախ եւ առաջ, նախկինը պետք է իրեն սպառի, որից հետո միայն նոր ներդրում իրականացվի»,- կարծում է Կարեն Բաղդասարյանը։ Լուսանկարը՝ Մեդիամաքս Նա նաեւ հավելում է, որ Հայաստանում ջերմոց կառուցելն ավելի մատչելի է, քան, օրինակ, Ռուսաստանում կամ այլ երկրներում։ Բացի այդ, աշխատուժի ճիշտ կառավարումը թույլ է տալիս ունենալ ցածր ինքնարժեք, ինչն էլ արտադրանքը դարձնում է ավելի մրցակցային։Մուլտիպլիկատիվ ազդեցությունԸնդհանուր առմամբ, նախագիծն իրականություն դարձնելու համար ներդրվել է շուրջ $60 մլն, իսկ ջերմոցի շահագործումն ապահովել է մոտ 600 աշխատատեղ։Մինչեւ աշխատանքի անցնելն այգեգործները 3-6 ամիս վերապատրաստվում են արտասահմանից հրավիրված մասնագետների օգնությամբ, քանի որ հայաստանյան ոչ մի բուհ նման տեխնոլոգիաների հետ աշխատանքին տիրապետող մասնագետներ չի պատրաստում։ Բացը լրացնելու համար նախատեսում են նաեւ համագործակցություն Ագրարային համալսարանի հետ։ Լուսանկարը՝ Մեդիամաքս Ջերմոցի գործարկմամբ իրականություն է դարձել նաեւ մեկ այլ նախագիծ՝ 5 հա սածիլանոց, որն ամենամեծն է տարածաշրջանում։ «Ստեղծել ենք բույս արտադրելու դարբնոց, որտեղ կարող ենք խաչասերել լավագույն սերմերը, ունենալ դիմացկուն սորտեր եւ բարձր արտադրողականություն։ Շուտով հանդես կգանք նախաձեռնությամբ ու ֆերմերային տնտեսություններին կառաջարկենք սածիլներ ե՛ւ ջերմոցների համար, ե՛ւ բաց գրունտի՝ հնարավորություն ընձեռելով հասնել 95-100% ծլունակության, մոտ 15-25 օր առաջ ընկնել շրջանում եւ նույն հողի վրա 2 անգամ մշակություն կատարել»,- մանրամասնում է Կարեն Բաղդասարյանը։Քանի որ ջերմոցի շնորհիվ կմեծանան արտահանվող մթերքի ծավալները, ընկերության 325 բեռնատար մեքենաներն այլեւս չեն բավականացնի փոխադրումների լիարժեք իրականացման համար եւ կներգրավվի եւս 200 մեքենա՝ համագործակցելով այլ բեռնափոխադրողների հետ։ Լուսանկարը՝ Մեդիամաքս Հայաստանի նոր այցեքարտըՋերմոցային տնտեսությունը միակը չէ, որտեղ ընկերությունը ներդրել է նորագույն տեխնոլոգիաներ։ Մարտի 26-ին բացվեց «Սպայկա»-ի պանրի եւ կաթնամթերքի այլ տեսակների գործարանը։ Լուսանկարը՝ ՀՀ կառավարության մամուլի ծառայություն «Առաջին անգամ իրականություն դարձավ գերմանական եւ հոլանդական տեխնոլոգիաների համակցումը։ Նախկինում երբեւէ այդ երկու դպրոցները համատեղ ծրագիր չեն իրականացրել, զարգացել են առանձին, մինչդեռ մենք ստեղծել ենք աշխատանքային խումբ, որտեղ գերմանացի, հոլանդացի եւ հայ մասնագետները ստանում են համատեղ արտադրանք՝ հայկական բորբոսով պանիր «Սամբիել» բրենդի ներքո»,- պատմում է Կարեն Բաղդասարյանը՝ հույս հայտնելով, որ բորբոսով պանիրը կդառնա ոլորտում Հայաստանի այցեքարտը։ 26.03.2019 | 16:16 Նորաբաց պանրի գործարանի արտադրությունը տարեկան 2000 տոննա կկազմի Ընկերությունը ցանկանում է ոչ թե սեփական ֆերման հիմնել՝ կաթ արտադրելու համար, այլ համագործակցել նրանց հետ, ովքեր կկարողանան բարձրորակ հումք մատակարարել։ Կարեն Բաղդասարյանի խոսքով՝ լավագույն որակը ստանալու նպատակով արտադրողների հետ կաշխատեն մի քանի հիմնական ուղղություններով՝ անասնաբուժական, տոհմաբուծական, կերակրման եւ կաթի լոգիստիկայի տեսանկյունից։ Լուսանկարը՝ «Սպայկա» «Սամբիել» ապրանքանիշով պանրի տարեկան արտադրությունը կկազմի ավելի քան 2000 տոննա: Արտադրանքը կսպառվի Հայաստանում, ԱՊՀ եւ Մերձավոր Արեւելքի երկրներում:Շուտով պատրաստ կլինի գործարանի առաջին արտադրանքը, որը կիրացվի ինչպես արտերկրում, այնպես էլ հայաստանյան շուկայում՝ փոխարինելով ներկրվող պանրի մի շարք տեսակների։Գայանե ԵնոքյանԼուսանկարները հեղինակի եւ անձնական արխիվից Tweet Դիտում՝ 16689