«Կանաչ խանութը»՝ հանուն թափոնների նվազեցման

21.03.2019 | 09:30 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#Green shop 4eco #«Էկո աղբ» #Հռիփսիմե Մկրտչյան
«Էկո աղբ» հասարակական կազմակերպությունը, որը զբաղվում է պլաստիկի հավաքագրմամբ եւ տեսակավորմամբ, վերջերս հանրությանը ներկայացրել է իր նոր նախաձեռնությունը՝ Green shop 4eco-ն։ Ստեղծված հարթակում կվաճառվեն վերամշակված իրեր, իսկ հասույթը կուղղվի «Թուղթը աղբ չէ» ակցիաների կազմակերպմանը։

Banks.am-ի թղթակիցը խոսել է նախաձեռնության համահեղինակի եւ աջակցող արտադրողների հետ։

Վերամշակված արտադրանքը՝ մեկ վայրում

«Կանաչ խանութից» հնարավոր է ձեռք բերել հայկական արտադրության կենցաղային իրեր՝ վերամշակված հումքից։ Ինքնարժեքին ավելացված գումարով նախաձեռնողները կփորձեն ծածկել թափոնների հավաքման ակցիաների ծախսերը։

«Էկո աղբ» հասարակական կազմակերպության համահիմնադիր Հռիփսիմե Մկրտչյանի խոսքով՝ ակցիաներից յուրաքանչյուրի ժամանակ վարձակալում են առնվազ 5 բեռնատար մեքենա։


«Մեքենաները շրջում են քաղաքի տարբեր հատվածներով, քաղաքացիներից վերցնում թափոնները, բերում ընդունման կետ, որտեղ մեր կամավորներն իրականացնում են տեսակավորում։ Այնուհետեւ նույն բեռնատարները թափոնները հասցնում են վերամշակման գործարաններ։ Այս ամենն իրականացնելու համար անհրաժեշտ են ֆինանսներ, որի հայթայթման եղանակներից մեկը կդառնա մեր նոր նախաձեռնությունը՝ Green shop 4eco-ն»,- պատմում է նա։


Հռիփսիմե Մկրտչյանը հավելում է, որ նախաձեռնությունը կխթանի նաեւ հայկական արտադրանքի վաճառքը։

«Երեւանում շատ-շատ են վաճառվում, օրինակ, թուրքական ծաղկամաններ, սակայն արտադրվում է նաեւ հայկականը՝ վերամշակված պլաստիկից, որն ավելի մատչելի է։ Օրինակ՝ 17 լիտր տարողությամբ թուրքական ծաղկամանը վաճառվում է 1200 դրամով, իսկ հայկականը՝ 950 դրամով»,- պարզաբանում է նա։


Միջազգային փորձը՝ գաղափարի հիմք

Վերամշակված իրեր վաճառելու եւ հասույթով ավելի շատ թափոններ հավաքագրելու մտահղացումը նախաձեռնության հեղինակների մոտ ծագել է «Հանուն օվկիանոսի» (4Ocean) միջազգային ընկերության գործունեությանը ծանոթանալուց հետո։ Այն հիմնվել է 2017թ. հունվարին ամերիկացի երկու երիտասարդների կողմից։


Ընկերության աշխատակիցները օվկիանոսից դուրս են բերում պլաստիկը, վերամշակում, պատրաստում ապարանջաններ եւ վաճառում յուրաքանչուրը $20 արժեքով։ Հասույթն ամբողջությամբ ուղղվում է նախաձեռնությանը։

Համագործակցություն վերամշակողների հետ

«Էկո աղբի» նախաձեռնությանը առաջինն օգնության ձեռք մեկնեցին «ԱրմՊլաստ» ընկերության տնօրեն Արմեն Հակոբյանը եւ անհատ ձեռներեց Ռուբեն Մաթեւոսյանը։ Մոտ 10 տարի գործունեություն ծավալող «ԱրմՊլաստ» ընկերությունը զբաղվում է պլաստիկ թափոնների վերամշակմամբ։


«Պլաստիկը գնում ենք՝ հյութի շշերի դեպքում մեկ կիլոգրամի դիմաց վճարելով 100 դրամ, իսկ արկղերի, դույլերի դեպքում՝ 150 դրամ։ Գործարանում պլաստիկն անցնում է աղացի միջով, լվացվում եւ հատիկավորվում (գրանուլացիա)»,- պատմում է Արմեն Հակոբյանը։


Ստացված հումքի մի մասը վաճառվում է հայաստանյան ընկերություններին, որոշ մասն էլ օգտագործվում է տեղում կախիչներ եւ գոգաթիակներ (սավոկ) արտադրելու համար, որոնց ինքնարժեքը համապատասխանաբար 40 եւ 70 դրամ է։

Արմեն Հակոբյանի խոսքով՝ նկատելի է հումքի պակաս։ Աղբավայր գնացող պլաստիկի շատ քիչ մասն է հավաքվում եւ հասնում վերամշակողներին։ Նրա դիտարկմամբ՝ թափոնը չպետք է հասնի աղբավայր, այլ միանգամից հավաքագրվի եւ ուղղվի գործարաններ։



Անհատ ձեռներեց Ռուբեն Մաթեւոսյանը հումքը գնում է «ԱրմՊլաստ» ընկերությունից եւ արտադրում ծաղկամաններ, դույլեր, թասեր, բաժակներ եւ կախիչներ։ Թվարկված բոլոր կենցաղային իրերն արդեն հասանելի են Green shop 4eco-ում։

«Էկո աղբը» շարունակում է բանակցել նաեւ այլ արտադրողների հետ՝ «կանաչ խանութը» համալրելու համար։

Տեքստն ու լուսանկարները՝ Գայանե Ենոքյանի
Դիտում՝ 14299
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW