ԳրքԱրկղը՝ Ամանորի նորույթ եւ անակնկալ ընթերցողին

19.12.2018 | 08:40 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#Գլխավոր նկար
Հայաստանյան գրքի շուկան, Ամանորին ընդառաջ, իր ընթերցողներին է ներկայանում նոր առաջարկով: Օրեր առաջ հիմնադրված «ԳրքԱրկղ» նախաձեռնությունն առաջարկում է մեկ արկղում համադրել գիրքը, սյուժեի հետ կապված խորհրդանշական իրերն ու ամանորյա այլ նվերներ: Banks.am-ը փորձել է պարզել գրքային արկղերի ներկա եւ ապագա ծրագրերը:

Ի՞նչ կա արկղում

Հասմիկ Մելիքսեթյանն ու Համլետ Մուրադյանը միասին են մշակել ԳրքԱրկղ ստեղծելու գաղափարը: Ասում են՝ Հայաստանում առաջին անգամ գրքի սիմվոլիկան դուրս է գալիս գրքից եւ դրվում տուփի մեջ:

«Հիմնական նպատակն այն է, որ գրքի հետ ներկայացնենք այն սիմվոլիկան, որի շուրջ կառուցված է գիրքը: Այն իրերը, որոնք դրված են արկղի մեջ, առաջին հայացքից կարող է թվալ, թե գրքի հետ կապ չունեն, սակայն անմիջականորեն կապված են սյուժեի հետ»,- ընդգծում է Հասմիկը:


Թեպետ տարիներ առաջ հենց Հասմիկն ու Համլետն են հեղինակել շատերին հայտնի «Գրքամոլ» նախաձեռնությունը, սակայն խոստովանում են, որ այս մեկը դրա հետ կապ չունի: Ամեն դեպքում, գնորդին արկղը տրվում է «Գրքամոլ» մակագրությամբ տոպրակով:

«Արկղն ինքնին գրական արժեք է ներկայացնում, քանի որ վրան տվյալ գրքից մեջբերում է տպագրված»,- ասում է Համլետը:

Համլետը

Ի՞նչ արժեն

ԳրքԱրկղի գինը տատանվում է 7000-20 000 դրամի սահմաններում: Համլետի խոսքով՝ արկղը նույնպես կարող է ազդել ընդհանուր գնի վրա, քանի որ այն պատրաստվում է գրքի չափսերին համապատասխան:

Ընթերցողը կարող է պատվիրել իր նախընտրած գրքԱրկղը, եւ այն պատրաստ կլինի 3 օրվա ընթացքում: Հասմիկի փոխանցմամբ՝ եթե ցանկանում ես ինքդ դասավորել գիրքն ու սիմվոլները, կարող ես ձեռք բերել միայն տուփն ու տոպրակը:


Ֆինանսական միջոցներ

ԳրքԱրկղի մեջ թեպետ կան տարբեր ապրանքանիշերի արտադրանքներ, սակայն հեղինակների խոսքով՝ իրենք գործընկերներ չունեն.

«Մենք ինքնաֆինանսավորվում ենք: Սա մեր առաջին կոմերցիոն նախագիծն է, որը «Գրքամոլի» հետ անմիջական կապ չունի»:

Հասմիկն ու Համլետը որոշել են հասույթն ուղղել նոր գրքԱրկղեր ստեղծելուն:

Համլետն ու Հասմիկը

Ապագա ծրագրերը

Համլետն ու Հասմիկը ներկայացնում են նաեւ գրքԱրկղերից մի քանիսի պարունակությունը.

«Օրինակ, «Մեծն Գեթսբիի» գրքԱրկղի մեջ կա ճրագ, որը խորհրդանշում է գրքում հիշատակվող կանաչ լույսը, կա նաեւ խորհրդանշական մեքենան: Ներառված են նաեւ ամանորյա մի քանի նվերներ՝ սուրճ, կոնֆետ: Ունենք «Տափաստանի գայլը»՝ տուփի մեջ գայլի դիմակով, կամ «Վարպետն ու Մարգարիտան»՝ Վոլանդի խաղաքարտերով եւ մոմերով»:


Թեպետ «ԳրքԱրկղը» ստեղծվել է Նոր տարվան ընդառաջ, սակայն գաղափարը շարունակական է լինելու:

Հասմիկն ու Համլետը վստահեցնում են՝ նպատակն ընթերցողին գրքի հետ կապելն է: Առաջիկայում, Սիրահարների տոնի կապակցությամբ, խորհրդանշական գրքԱրկղեր են պատրաստելու: Հետագա տոները եւս իրենց գրքերն ու արկղերը կունենան:

Տեքստն ու լուսանկարները՝ Նելլի Պետրոսյանի
Դիտում՝ 8325
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW