Պարզվում է՝ պատահական զրույցը կարող է հետաքրքիր բիզնես գաղափարի առիթ հանդիսանալ։ Հենց այդպես եղավ Գյումրիում՝ 1,5 տարի առաջ, երբ ի հայտ եկավ «Իմ ֆռռիկը»։ Այսօր այն դարձել է Գյումրիի այցեքարտերից մեկը։ Բիզնեսը ներառում է 4 ապրանքանիշ՝ «Իմ ֆռռիկը», «Տեյմորտակ», «Կդորմ Գյումրի» եւ «Անուշ էղնի»:Հոլ կամ ֆռռիկԳյումրեցի ընկերներ Արսեն Վարդանյանը եւ Գագիկ Մխիթարյանը միասին են մշակել գաղափարը՝ դարձնելով այն հարազատ քաղաքի բրենդը:«Զրուցում էինք Արսենի հետ, ասացի՝ ֆռռիկ գտիր, բեր խաղանք։ Մի շաբաթ հետո հազիվ 2 հատ շուկայից գտավ, բերեց։ Խաղացինք, մեր մանկության հուշերը վերապրեցինք ու զգացինք, որ պետք է այդ ավանդույթին նոր կյանք տալ։ Որպես խաղ դժվար կլիներ այն հետ բերել շուկա, դրա համար էլ որոշեցինք հայկական զարդանախշերով պատկերազարդել եւ որպես հուշանվեր ներկայացնել»,- պատմում է Գագիկը։ Խաղն ավելի հայտնի է որպես «հոլ», սակայն Գյումրվա բարբառով «ֆռռիկ» են անվանում։ Գագիկն ու Արսենը Լուսանկարը՝ Մեդիամաքս Զարդանախշերով ֆռռիկը՝ Վաշինգտոնի սրտում«Իմ ֆռռիկը» հիմնականում պատկերազարդում են հայկական զարդանախշերով՝ վերցված գորգարվեստից, մանրանկարչությունից։ Հենց պատկերների բարդությունն էլ որոշում է ապրանքի գինը՝ 2000-3500 դրամ:Հեղինակները նշում են, որ էսքիզներն իրենց նկարիչ ընկերներն են անում։ Անհատական պատվերների դեպքում պատրաստվում է 3-4 օրում։ Ապրանքանիշն այս տարի ամռանը ներկայացվել է ԱՄՆ-ի Վաշինգտոն քաղաքում՝ Սմիթսոնյան «Ֆոլկլայֆ» փառատոնում։ Տարածաշրջանի երկրներից միայն Հայաստանն է մասնակցության հնարավորություն ունեցել: Արսենը պատմում է, որ փառատոնի միջոցով կարողացել են ԱՄՆ-ում հայերի համար ներկայանալու առիթ ստեղծել.«Ստեղծված ապրանքանիշներն ինքնանպատակ չեն։ Բիզնես գաղափար լինելուց բացի, դրանք նպատակ ունեն տարածել մշակութային արժեքները»: Լուսանկարը՝ Մեդիամաքս Ֆռռիկ խաղալու կանոնները Արսենին եւ Գագիկին բիզնեսի առաջխաղացման հարցում օգնում է նրանց մյուս ընկերը՝ գյումրեցի Դավիթ Սիմոնյանը: Հաճախ անձամբ է պատվերները Գյումրիից Երեւան հասցնում, տեղի ընկերների շրջանում էլ ճանաչելի է դարձնում հարազատ քաղաքի բրենդը: Գագիկը, Դավիթը, Արսենը Լուսանկարը՝ Անձնական արխիվ Նա կարոտով է հիշում մանկության տարիների սիրելի խաղը.«Ֆռռիկի վրա մատիտով կնկարեինք, որ մերը սիրուն եղներ, քիթը սուր եղներ, որ լավ խաղար: Թելը կգործեինք (ղայթան կըսենք) ու երկու հոգով կկանգնեինք: Պիտի փորձեիր խփել հենց ֆռռացող ֆռռիկին ու էնպես, որ երկաթե ծայրը հարվածեր փայտին ու փոս առաջացներ: Խաղի իմաստն էն է, որ էնքան ուժեղ խփես, մինչեւ մեկի ֆռռիկը մեջտեղից կիսվի: Վերջում երկու կես եղած ֆռռիկի փայտերը մնում էր տիրոջը, իսկ մեջտեղից դուրս եկած ձողն ու երկաթը վերցնում էիր քեզ՝ որպես հուշ: Ով որ շատ ուներ էդպես հավաքած ֆռռիկի քթեր, ուրեմն ինքը «գոնչ» խաղացող էր, իր ֆռռիկն էլ՝ գոնչ ֆռռիկ»:«Տեյմորտակ» կամ «մինչեւ վերջ»Տղաներն այսքանով չեն սահմանափակվել։ Ֆռռիկից հետո որոշել են ընդլայնվել եւ արդյունքում վերականգնել են մանկության խաղերից եւս մեկը։ Նրանք այն հիշում են Пятнашки անունով։ Խաղի սկզբունքն է՝ ըստ հերթականության դասավորել թվերը 1-ից մինչեւ 15-ը։ «Տեյմորտակ» քաղաքի բարբառով նշանակում է «մինչեւ վերջ»։ Նախորդի օրինակով նկարազարդել են եւ բերել շուկա: Գինը դարձյալ որոշվում է ըստ նկարազարդումների՝ 1000-3000 դրամ: «Մի քիչ դժվար խաղ է, թեպետ առաջին 2 շարքերը հեշտ է հավաքելը, 3-րդից հետո դժվար է առաջ գնում։ Խաղի սկզբունքն է գնալ մինչեւ վերջ։ Ավելի շատ պատվերներ ենք ունենում Սփյուռքից։ Հիմնականում մեծաքանակ են պատվիրում՝ հայկական գաղթօջախներում մասսայականացնելու համար»,- պատմում են ընկերները: Լուսանկարը՝ Մեդիամաքս «Կդորմ Գյումրի» եւ «Անուշ էղնի»«Աշխրհքի իսկական կենտրոնը Գյումրին է, հմը շատ պետություններ չտեսնելու կուտան». այս տողերը կգտնեք «Կդորմ Գյումրի» ապրանքանիշի՝ նկարի շրջանակների վրա։Սա էլ հաջորդ բիզնես գաղափարն է, որի նպատակն է քաղաքի յուրաքանչյուր այցելուի հնարավորություն տալ իր հետ տանել Գյումրիից մի պատառիկ։ Դրանք պատրաստվում են ե՛ւ փայտից, ե՛ւ կաշվին փոխարինող նյութից, իսկ գները տատանվում են 4500-8000 դրամի սահմաններում: Ի դեպ, այս ապրանքանիշը ներառում է նաեւ գյումրվա բարբառով գրիչներ՝ 400 դրամ արժողությամբ: Եվ վերջապես «Անուշ էղնի»-ն, որը բրենդի վերջին՝ 4-րդ ապրանքանիշն է։ Այն փայտից բաժակ է՝ նախատեսված խմիչքի համար (5000 դրամ)։ Լուսանկարը՝ Մեդիամաքս Այսօր բրենդի ամբողջ գործունեության մեջ 15 մարդ է ներգրավված։ Բիզնեսի առաջխաղացում Տղաներն ապրանքանիշների առաջխաղացումն ապահովում են հիմնականում սոցիալական ցանցերի միջոցով։ Ժամանակային առումով դեռեւս չեն հասցրել Երեւանում ապրանքատեսակների մշտական ներկայացվածությունն ապահովել։ Հիմնական պատվերները լինում են արտերկրից։ Արսենի խոսքով՝ մեծամասամբ փոստային տարբերակով են ուղարկում կամ տվյալ երկիր մեկնողների միջոցով եւ ապրանքի հետ մշտապես ուղարկում են բացիկ, որը ներկայացնում է ֆռռիկի ստեղծման պատմությունը եւ հայկական շուկայում ունեցած տեղն ու դերը: Լուսանկարը՝ Անձնական արխիվ Տղաների համար մտահոգիչ է նաեւ այն հանգամանքը, որ շատերը թերահավատորեն են մոտենում տեղական արտադրանքին։ Գյումրիում կյանքի կոչված բիզնես գաղափարների շնորհիվ նրանք փորձում են կոտրել նաեւ այդ կարծրատիպերը.«Միանշանակ կավելացնենք մեր ապրանքանիշերի թիվը։ Մենք գնում ենք դեպի թիմի հզորացման, մեզ պետք են նոր գաղափարներ, նոր մարդիկ։ Մինչեւ Նոր տարի եւս 2 ապրանքանիշ կավելանա։ Մենք էն տեսակն ենք, որ գրեթե չենք ըսե՝ ինչ կենենք։ Կենենք, կպրծնենք ու վերջում հպարտությամբ կըսենք՝ էս ինչ բանը եղավ»,- ամփոփում է Արսենը։ Նելլի ՊետրոսյանԼուսանկարները՝ հեղինակի եւ անձնական արխիվից Tweet Դիտում՝ 9831