Հայաստանն ԱՄՆ-ում կմասնակցի «Ֆոլքլայֆ» փառատոնին

15.02.2018 | 15:15 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ֆոլքլայֆ #փառատոն
ՀՀ կառավարությունն այսօր որոշում է ընդունել, որով հնարավորություն կընձեռվի ապահովել Հայաստանի մասնակցությունը «Ֆոլքլայֆ» փառատոնին (Folklife Festival)՝ հատուկ հրավիրյալի կարգավիճակով։

Կառավարությունում նշել են, որ «Ֆոլքլայֆ» ամենամյա փառատոնն անցկացվում է Վաշինգտոնի ազգային զբոսայգում (National Mall), որտեղ գտնվում են բազմաթիվ թանգարաններ, հուշարձանային համալիրներ:

Այս տարի փառատոնում Հայաստանը կներկայանա «Հայաստան. ստեղծելով տուն» գաղափարի ներքո: Նախատեսվում է այցելուներին ներկայացնել հայկական խոհանոցի եւ ձեռագործ արվեստի մշակութային ժառանգության արժեքները: Ըստ այդմ, Հայաստանը հնարավորություն է ստանում օգտագործելու նշյալ հարթակը ոչ միայն զբոսաշրջային գրավչության եւ մշակութային ժառանգության ներկայացման, այլեւ հայկական արտադրանքը լայնամասշտաբ լսարանի առջեւ գովազդելու համար:

Նախնական կանխատեսումներով, մասնավորապես, փառատոնի ընթացքում վաճառված արվեստի կիրառական գործերից, այդ թվում՝ մթերքից, խմիչքից, ձեռագործ արվեստից համախառն հասույթը գնահատվում է մինչեւ $500 000:

Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ փառատոնի համար ԱՄՆ բերված արվեստի գործերը ցուցադրվելու են NY NOW առեւտրային ցուցահանդեսում, որը ձեռագործ եւ գործարանային արտադրության արվեստի գործերի, քանդակների, հուշանվերների եւ կիրառական արվեստի այլ արտադրանքի խոշորագույն ցուցահանդեսն է ԱՄՆ-ում: Այն ունենում է շուրջ 25 000 այցելու եւ տաղավարներով հանդես եկող ավելի քան 2 500 մասնակիցներ:

Նախատեսվում է նաեւ ԱՄՆ շուկայում ներկայացնել «հայկական գինի» ապրանքանիշը:
Դիտում՝ 2720
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW