«Նանի Զանի»՝ ոչ միայն բիզնես, այլեւ դաստիարակություն

05.11.2018 | 09:26 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#Նանի Զանի #Արամ Հովհաննիսյան #տիկնիկ
Մաշտոցի պողոտայում արդեն 7 տարի է՝ գործում է «Նանի Զանի» տիկնիկների խանութ-սրահը: Որպես կարգախոս ընտրել են ֆրանսիացի գրող Վիկտոր Հյուգոյի տողերը. «Առաջին երեխան վերջին տիկնիկի շարունակությունն է»։

Տիկնիկների աշխարհ դարձած խանութի գաղափարը Ավստրիայից Հայաստան եկած Արմինե Աբաջյանինն էր։ Տնօրեն Արամ Հովհաննիսյանի հետ են քննարկել եւ որոշել իրագործել:

«Արմինեի երազանքն էր իր հայրենիքում տոն պարգեւել մանուկներին, Երեւանում ունենալ տիկնիկների աշխարհ։ Հիմքում դաստիարակելու խնդիրն է եղել, այսինքն՝ ինչպես դաստիարակել երեխային, փոքր տարիքից սեր սերմանել նրա մեջ եւ տիկնիկի միջոցով գնալ դեպի հասունություն, այն դարձնել ավելի գաղափարական»,- Banks.am-ի հետ զրույցում ասում է խանութի տնօրեն Արամ Հովհաննիսյանը։


Էկոլոգիապես մաքուր տիկնիկներ, զարգացնող խաղեր

Անվանումը վերցված է Թումանյանի «Գիքորը» պատմվածքից։ Տիկնիկները ստեղծվում են՝ զարգացնելու երեխայի մտքի թռիչքը, մոտորիկան։

«Նանի Զանի»-ում պատահական տիկնիկներ չկան։ Ներկայացված են տարբեր դպրոցների՝ Վալդորֆյան, Մոնտեսորիի, բավարական ժանրային տիկնիկներ՝ յուրաքանչյուրն իր ոճի մեջ։ Դրանք ե՛ւ դեկորատիվ են, ե՛ւ խաղարկային, ե՛ւ զարգացնող։

Շատ են նաեւ հայկական ավանդական կերպարները, հատկապես՝ թումանյանական հերոսները։


Զարգացնող խաղերի ուսումնասիրությամբ զբաղվում է հատուկ մանկական հոգեբանը, իսկ Արմինե Աբաջյանը որոշում է պատկերներն ու գույները։

Խաղերն ու տիկնիկները պատրաստում են էկոլոգիապես մաքուր նյութերից։

«Նանի Զանի» մտնողը գիտի՝ այստեղ տիկնիկներ են 0-ից 100 տարեկան մարդկանց համար։

Այսօր խանութում 500 անունից ավելի տիկնիկ կա։

Երեւանից ներս ու դուրս

«Նանի Զանի»-ն առաջին հերթին ցուցահանդես է։ Այստեղ թե՛ աղջիկները, եւ թե՛ տղաները գտնում են իրենց կերպարներին։ Ըստ Արամ Հովհաննիսյանի՝ տիկնիկը նպաստում է կյանքում որպես անհատ կայանալուն:

Խանութ-սրահը Երեւանից դուրս մասնաճյուղեր չունի, սակայն մարզերում ներկայացված է տարբեր բրենդների կազմում։ Բարեգործական ակցիաների շրջանակում օժանդակել է Հայաստանի եւ Արցախի սահմանամերձ գոտիների փոքրիկներին, հաշմանդամություն ունեցող երեխաներին։

Մոտ ապագայում տիկնիկները հնարավոր է՝ դառնան շրջիկ եւ ներկայացվեն հանրապետության մարզերում ու գյուղերում։


Տիկնիկները՝ Հայաստանի խորհրդանիշ

Արամ Հովհաննիսյանն ինքն է հեղինակել «Նանի Զանիի» դիզայնը։ Ասում է՝ մարդիկ ձգտում են այստեղից Հայաստանի խորհրդանիշը տանել իրենց հետ որպես հուշ.

«Ոչ միայն երեխան է ընտրում մեր սրահում, այլեւ ամուսինները՝ իրար համար, կամ երեխան մորն է առաջարկում եւ հակառակը։ Այսօր Ֆրանսիայից հյուրեր ունեինք։ Նրանք այստեղից հրեշտակներ գնեցին ու զարմացած ասում էին, թե Փարիզում նման բան չեն տեսել»։

Ամանորին «Նանի Զանին» տարբեր միջոցառումներ է անցկացնում, երբ փերիները նստած դերձակություն են անում։ Շաբաթ-կիրակի օրերին էլ հաճախ ծաղրածուներ են լինում, որոնք բեմականացումներով են հանդես գալիս։

Տեքստը եւ լուսանկարները՝ Նելլի Պետրոսյանի
Դիտում՝ 9342
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW