Պարտքերի հավաքագրման շուկան Հայաստանում վերջին տարիներին ավելի է ակտիվացել. հոլիվուդյան կամ ռուսական ֆիլմերում հանդիպող «մաֆիոզ» կոլեկտորների փոխարեն Հայաստանում գործում են փաստաբանական ընկերություններ, որոնք առաջարկում են նաեւ պարտքերի հավաքագրման ծառայություններ: Ինչպե՞ս է հայաստանյան շուկայում իրականացվում պարտքերի հավաքագրումը, արդյոք կոլեկտորությունն իրավաբանորեն օրինակա՞ն է համարվում եւ ինչպե՞ս է կատարվում հավաքագրումը, Banks.am-ի հետ զրույցում պատմել է «Կոնցեռն-Դիալոգ» փաստաբանական գրասենյակի ավագ գործընկեր, փաստաբան Արամ Օրբելյանը:Շուկայի ձեւավորումը ՀայաստանումՊարտքերի հավաքագրման շուկան Հայաստանում սկսել է ձեւավորվել 2010-2011 թվականներին: Դրանից առաջ մի շարք կազմակերպություններ արդեն փորձում էին քննարկել իրենց մոտ առկա պարտքը վաճառելու կամ ինչ-որ հավաքագրման ծառայության փոխանցելու հարցը:Աշխարհում գործում են նաեւ այնպիսի կազմակերպություններ, որոնք գնում են պարտքը: Օրինակ, 1 մլն դրամի պարտքը գնում են 500 հազար դրամով, իսկ նրանց հետագա շահույթը կախված է լինում գործի ընթացքից: Հայաստանում վաճառքի այդ համակարգը, կարծես, չաշխատեց. չնայած չի բացառվում, որ ինչ-որ դեպքեր եղել են: Դրա փոխարեն սկսեց ձեւավորվել ծառայությունների շուկան, որը խթանեց պարտքերի հավաքագրման գործընթացը: Ըստ էության, այս ծառայություններից օգտվում են հեռահաղորդակցության կազմակերպությունները, բանկերը, ունիվերսալ վարկային կազմակերպությունները, տեսականորեն կարող են օգտվել նաեւ հանրային ծառայություններ մատուցող այլ կազմակերպություններ:Ֆիլմերի կոլեկտորներից Հայաստանում չկանՄեզ մոտ չկան այն ավանդական կոլեկտորներից, որոնց կտեսնեք հեռուստատեսությամբ, ռուսական ֆիլմերում. երբ պարտապանի դռան վրա գրում են՝ «գող», «ավազակ», պատուհան են կոտրում, հարեւաններին են անհանգստացնում: Եղել են դեպքեր, երբ պարտքերի հետ կապված անհանգստություն են պատճառել մարդկանց, այդ թվում՝ ոչ իրավական գործիքակազմով՝ այսպես ասած, քրեական, թաղային հեղինակությունների միջոցով փորձել են վախեցնել պարտապանին, բայց դա ինքնին հանցագործություն է, սակայն համատարած բնույթ չի կրել։Պարտքի հավաքագրումը նույնքան հին է, որքան պարտք հասկացությունը։ Դեռ 3000 տարի առաջ շումերների ժամանակ, եթե պարտապանը չէր վճարում պարտքը, նրա ամբողջ ընտանիքը հայտնվում էր, այսպես կոչված, պարտքային ստրկության մեջ, քանի դեռ պարտքը վճարված չէր: Միջնադարում ստրկությունը փոխարինվեց բանտարկությամբ: 1800-ականներին, պարտքի դիմաց բանտարկության պրակտիկան վերացավ, եւ եթե պարտքը գրավով ապահովված չէր, ապա պարտատերերի համար անչափ դժվարանում էր պարտքերի հավաքագրումը:Ուստի, ի հայտ եկան պարտքերի հավաքագրման կազմակերպություններ կամ ինչպես ընդունված է ասել՝ կոլեկտորներ: Որոշ դեպքերում գործակալությունը հենց պարտատերի կառույցն էր, որը, սակայն, այնքան էլ արդյունավետ չէր: Պարզվեց, որ առավել արդյունավետ էր անկախ գործակալությանը դիմելը, որը կարող էր աշխատել կա՛մ վարձավճարով, կա՛մ հավաքագրված գումարի որոշակի մասնաբաժնով: Կոլեկտորը, ըստ էության, միջնորդ է պարտապանի եւ պարտատիրոջ միջեւ։ Ներկայում գործում են… Այսօր կոլեկտորների շուկայում արդեն գործում են պարտքերի հավաքագրման մասնագիտացված կազմակերպություններ: Կան նաեւ մեզ նման կազմակերպություններ, որոնք մատուցում են ե՛ւ դասական փաստաբանական, ե՛ւ պարտքերի հավաքագրման ծառայություններ:Մեր հիմնական հաճախորդները բանկերն ու ֆինանսական այլ ընկերություններն են: Դրանք, որպես կանոն, ունեն սեփական իրավաբանական վարչությունը, որը կառավարում է պարտքերի հավաքագրումը: Պարտքերի հավաքագրմամբ զբաղվող կազմակերպություններին այդ ընկերությունները դիմում են այն ժամանակ, երբ, որպես կանոն, ունենում են ոչ համաչափ պարտքերի ավելացում կամ երբ պարզապես ցանկություն չեն ունենում մեծ ռեսուրսներ ծախսել այդ գործընթացի վրա: «Կոնցեռն Դիալոգ»-ի առավելությունն այն է, որ հստակ սահմանված ու նկարագրված է պարտքերի հավաքագրման գործընթացը, իսկ դրա տարբեր փուլերն իրականացնում են թիմի տարբեր օղակները:Ինչպե՞ս են աշխատումՊարտատերերը հիմնականում դիմում են մեզ պայմանավորված ժամկետում չվճարելուց 30-60-90 օր անց: Պարտատերը մեզ գումար չի վճարում պարտքը վերադարձնելու համար իրականացվող անհրաժեշտ գործողությունների կատարման ընթացքում (բանակցել պարտապանի հետ, հայցադիմում կազմել եւ ներկայացնել դատարան, նույնիսկ դատական գործընթացի եւ դատական ակտի հարկադիր կատարման փուլում): Կազմակերպությունը, միայն գումարի վերադարձից հետո՝ պարտատիրոջ բանկային հաշվին մուտք եղած գումարից է վարձավճար ստանում: Օրինակ, եթե նույնիսկ մենք դատը հաղթենք, իսկ ընկերությունը գումար չունենա (նման դեպք էլ է եղել), մենք ոչինչ չենք ստանում: Ընկերությունները, ըստ պայմանավորվածության եւ համապատասխան պայմանագրի, մեր վճարումն իրականացնում են ստացած գումարի համապատասխան տոկոսի չափով, որը տարբեր պարագաներում կարող է տարբեր լինել՝ կախված պարտքի գումարի չափից եւ մեր նախնական գնահատականից, թե ինչ վերադարձ է հնարավոր եւ ինչ ռեսուրս ենք ծախսելու: Օրինակ, փոքր պարտքերի դեպքում՝ պայմանավորվածությունը միջինում 15-20% է, այսինքն՝ 100 000-դրամանոց պարտքի ժամանակ փաստաբանական կազմակերպությունը ստանալու է առավելագույնը 20 000 դրամ, ինչը բավականին փոքր գումար է՝ հաշվի առնելով հավաքագրմանն ուղղված մեծածավալ աշխատանքը:Մասնավորի փորձը 2011-ից սկսած՝ «Կոնցեռն-Դիալոգ» փաստաբանական գրասենյակը 90 հազ-ից ավելի պարտքերի հավաքագրման գործ է մշակել՝ տարբեր մեծ եւ փոքր ընկերությունների հետ: Մեծ մասով դատարան ենք դիմել վճարման կարգադրություն արձակելու դիմումով կամ դատական հայց ենք ներկայացրել: Սկզբում զբաղվել ենք «Օրանժ Արմենիա» հեռահաղորդակցման ընկերության պարտքերի հավաքագրումով, որից հետո ընդլայնվել ենք: Ընդհանրապես, մեծածավալ պարտքերի հավաքագրման խնդիրներ առաջանում են վարկային կազմակերպություններում, բանկերում, հեռահաղորդակցության եւ կապի օպերատորների մոտ, հանրային ծառայություններ մատուցող այլ կազմակերպություններում, համատիրություններում եւ այլն:Բավականին ինտենսիվ զարգացրել ենք հաշտության բլոկը. ամեն ինչ ակնհայտորեն վերցնել-ծախելու մեջ չէ, ի վերջո, մարդկանց պետք է բերել մի փուլի, որպեսզի կամավոր վճարեն պարտքերը: Ունենք հատուկ թիմ, որը հաշտության համար բանակցում է բոլոր փուլերում՝ ընդհուպ մինչեւ հարկադիր կատարման եւ աճուրդի անցկացման փուլը: Կարեւոր է նաեւ բախտի գործոնը, պետք է մարդուն «բռնացնել» այն ժամանակ, երբ ձեռքին գումար ունի, որ առաջինը բերի ու մեր վստահորդինը վճարի: Իրավական տեսանկյունիցԿոլեկտորությունն օրենսդրությամբ առանձին կարգավորում չունի, եւ մենք էլ այն ընկալում ենք որպես սովորական փաստաբանական ծառայություն: Ցանկացած սովորական իրավաբանական ծառայության դեպքում մենք կրկին փորձում ենք հաշտվել, բանակցում ենք, համոզում ենք: Տարբերությունն այն է, որ կոլեկտորության պարագայում մեր գործողությունները հնարավորինս ավտոմատացված են. արդյունավետ համակարգ է մշակվել, որի շրջանակում գործողությունները հստակ քայլերի են բաժանվում, որոշվում է դրանց հաջորդականությունը եւ համապատասխան հանձնարարականներ տրվում տարբեր մասնագետների: Իհարկե, անհրաժեշտության դեպքում ցուցադրվում է անհատական մոտեցում: Տարբեր է նաեւ գնագոյացման սկզբունքը: Եթե սովորական փաստաբանական ծառայության դեպքում անկախ վերջնական արդյունքից ստանում ենք մեր ծառայավճարը, ապա այս դեպքում վճարումն անմիջականորեն կախված է վերջնարդյունքից: Այսօր դատարաններում քննվող գործերի 50-60%-ը վերաբերում է պարտքերի վերադարձման խնդրին, մի քանի տարի առաջ էապես ցածր էին թվերը: Արամ Օրբելյանի հետ զրուցել է Ամալի Խաչատրյանը Tweet Դիտում՝ 23623