«Ռեստիտուտոր Քեյ Փի» կոլլեկտորային ընկերության տնօրեն Լորիս Եղոյանի հարցազրույցը Մեդիամաքս գործակալությանն ու Banks.am պորտալին- Անցյալ տարվա գարնանը մեր պորտալին տված հարցազրույցում Դուք կարծիք հայտնեցիք, որ մեկ տարվա ընթացում կոլլեկտորությունը կդառնա մոդայիկ բիզնես, “եւ, ինչպես լինում է նման դեպքերում, ժամանակին թույլերը կհեռանան շուկայից”: Անցավ մեկ տարի, բայց դուք շարունակում եք մնալ Հայաստանի միակ կոլլեկտորային ընկերությունը: Ի՞նչ եք կարծում, ինչու շուկայում չհայտնվեցին նոր խաղացողներ:- Իմ կողմից արված կանխատեսումներն այնքան էլ հեռու չեն իրականությունից, պարզապես, երևի, մեկ տարին փոքր ժամկետ է Հայաստանի շուկայում նախադեպը չունեցող եւ դեռեւս չձեւավորված բիզնեսի կայացման համար: Բայցեւայնպես կան որոշ ընկերություններ, որոնք, աշխատելով իրավաբանական ծառայությունների մատուցման ոլորտում, արդեն իսկ փորձում են իրենց ծառայությունների ցանկը համալրել նաեւ կոլլեկտորային գործունեությամբ:- Ֆինանսավարկային կազմակերպությունների ղեկավարների հետ զրույցներից կարելի է եզրակացնել, որ ընդհանուր առմամբ նրանք ողջունում են շուկայում կոլլեկտորային ընկերության հայտնվելը, սակայն միեւնույն ժամանակ չեն շտապում պարտքերի հավաքագրման հարցում օգտվել երրորդ կողմի ծառայություններից: Ինչո՞վ կբացատրեիք նման մոտեցումը:- Ըմբռնումով եմ մոտենում ֆինանսավարկային կառույցների այն դիրքորոշմանը, որ մեզ հետ համագործակցելուց առաջ, իհարկե, պետք է կատարել թեկուզև երկարաժամկետ ուսումնասիրություններ, քանզի խնդրահարույց վարկային գործերը մեզ փոխանցելուն զուգահեռ, նրանք փոխանցում են իրենց համբավային ռիսկերի մի մասը: Այս դեպքում բնականարաբար պետք է հասկանալ, թե ում հետ գործ ունես և ծանրութեթեւ անել համագործակցության վերաբերյալ որոշում կայացնելիս: Ինձ համար դա նորմալ պրակտիկա է եւ ամբողջովին տեղավորվում է բիզնես-տրամաբանության մեջ:Մինչդեռ կան կազմակերպություններ, որոնք չեն շտապում արձագանքել մեր կողմից արվող առաջարկներին, չնայած որ ունեն կելլեկտորային ընկերության հետ համագործակցելու կարիքը: Կոլլեկտորային ընկերության հետ համագործակցելու որոշում կայացնողն, ըստ իս, կազմակերպության (լինի դա բանկ, ՈՒՎԿ, թե այլ կազմակերպություն) այն պաշտոնատար անձն է, որն առավել շատ է մտահոգված այդ կազմակերպության խնդիրներով և դրանց արագ լուծման հարցով: Մեր ծառայություններից հրաժարվողները կամ երկմտողները, կարծում եմ, գոնե մեկ անգամ պետք է հաշվարկեն եւ հասկանան, թե որն է ավելի ձեռնտու. մարման վերջնաժամկետից մինչեւ 90 օր ուշացրած վարկերի վերադարձը վստահել մե՞զ, թե՞ փորձել անել դա սեփական ուժերով եւ, չստացվելու դեպքում, դիմել դատարան, այնուհետև Դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) ծառայությանը: Կան նաև բանկեր և այլ կազմակերպություններ, որոնք այս հարցին ավելի ողջախոհ մոտեցում են ցուցաբերում և համագործակցելով միասին մենք հասնում ենք շատ բարձր արդյունքների: Նման մոտեցումը ողջունելի է: - Չի՞ կարող արդյոք սպասողական դիրքորոշումը հանգեցնել նրան, որ արդյունքում Ձեզ կփոխանցվեն միայն «անհույս» պարտքերը:- Այսօր վարկատուները նախընտրում են փոխանցել մեզ իրենց համար արդեն անհուսալի դարձած պարտքերը` այն պարտքերը, որոնք իրենք արդեն փորձել են հետ բերել սեփական ուժերով, սակայն չեն հասել հաջողության: Բացման իսկ օրվանից մեր ընկերությանը մշտապես փոխանցվել են անհուսալի պարտքեր, ինչը, բնականաբար, դժվարացնում է մեր աշխատանքը, սակայն մյուս կողմից մեզ դարձնում է ավելի փորձառու և կոփում մեր ունակությունները: Պարզապես, քանի որ մեր մոտեցումները տարբերվում են բանկերի եւ վարկային կազմակերպությունների մոտեցումներից, նրանց համար անհուսալի համարվող պարտքերը մեզ համար ամենեւին էլ անհուսալի չեն: Իսկ պատկերացրեք, որքանով կբարձրանար հավաքագրման արդյունավետությունը, եթե ժամկետանց վարկերի վերադարձը վստահվեր մեզ սկզբնական փուլում:Համոզված եմ, կոլլեկտորային գործունեությունն ունի Հայաստանում հստակ նորմատիվային եւ օրենսդրական կարգավորման կարիք, որի արդյունքում մեզ համար շատ ավելի հեշտ կլիներ աշխատել բանկերի, վարկային կազմակերպությունների եւ կապի օպերատորների հետ: - Իսկ ի՞ նչն է խանգարում բանկերին կամ այլ կազմակերպություններին կիրառել պարտքերի հավաքագրման ավելի արդյունավետ մեխանիզմներ:- Յուրաքանչյուր կազմակերպության այն ստորաբաժանումների աշխատակիցները, որոնք տարբեր այլ գործերին զուգահեռ զբաղվում են նաև պարտքերի հավաքագրման գործունեությամբ, աշխատում են ֆիքսված աշխատավարձով եւ պարտքերի հավաքագրման ուղղությամբ իրականացնում են ստանդարտ գործառույթներ:Մեզ հետ համագործակցության առավելությունները կայանում են նրանում, որ մենք նեղ մասնագիտական ծառայություններ մատուցող ընկերություն լինելուց բացի, առավել մոտիվացված ենք, քանզի հստակ պատկերացնում ենք, որ մեր կողմից հավաքագրված պարտքերի գումարի մեծությունը ուղղիղ համեմատական է մեր շահույթի մեծությանը: - Ի՞նչ դինամիկա է նկատվում ձեզ հանձնվող պարտքերի քանակի եւ դրանց չափերի առումով: Ո՞րն է ամենամեծ գումարը, որը ձեզ հաջողվել է վերադարձնել:- Հաճախորդների եւ, համապատասխանաբար, մեզ փոխանցվող գործերի թիվն աճում է: Ճիշտ է, ոչ այնքան ցանկալի տեմպերով, սակայն կարծում եմ, ժամանակի ընթացքում խոշոր ձեռնարկությունները կսկսեն գիտակցել մեզ հետ համագործակցության առավելությունները: Ներկայումս մենք աշխատում ենք շուրջ 70 ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ, որոնց թվում են նաև բանկեր և վարկային կազմակերպություններ:Մեր կողմից հավաքագրված գումարի առավելագույն չափը մեկ գործի շրջանակներում եղել է շուրջ 26 մլն դրամ, որը հաջողվել է իրականացնել ընդամենը 1-2 ամիսների ընթացքում:- Պատահե՞լ է արդյոք, որ որեւէ գործով դիմեք Ռուսաստանի, Ուկրաինայի եւ ԱՄՆ կոլլեկտորներին, որոնց հետ, որքան հայտնի է, ունեք համագործակցության պայմանավորվածույուն:- Մենք ինքներս` ոչ, սակայն մեզ այս ընթացքում դիմել են մեր գործընկերները Ուկրաինայից, քանի որ պարտապանը Հայաստանում էր: Մեզ հաջողվեց հավաքագրել այդ պարտքը եւ արդյունքում նույնիսկ ստացանք շնորհակալական նամակ:- Իսկ առնչվե՞լ եք արդյոք ակնհայտ խարդախության հետ:- Եթե նայենք իրականությանը սուր անկյան տակ, գործերի շուրջ կեսը պետք է դիտարկել որպես խարդախություն, սակայն իրական խարդախության ակնհայտ դեպքերը շատ չեն: Երբ պարտապաններին հանգամանորեն բացատրվում են իրենց գործողությունների բացասական հետեւանքները, մարդիկ հաճախ փոխում են իրենց վարքագիծը եւ սկսում են մտածել մեզ հետ համագործակցելու և պարտքի մարման մասին: Շատ դեպքերում պարտապաններին նույնպես դիտում ենք, որպես մեր գործընկերներ և համապատասխան մոտեցում ցուցաբերում նրանց: Եղել են, իհարկե, դեպքեր, երբ պարտապանները ակնհայտ խարդախ վարքագիծ էին ընդունում եւ այդ դեպքերում մենք տեղեկացրել ենք պարտատերերին, որոնք էլ իրենց հերթին դիմել են պետական իրավասու մարմիններին: - Ստեղծե՞լ է արդյոք Ձեզ համար գործունեության նոր ոլորտ ԱՊՊԱ-ի ներդրումը: Խոսքը գնում է ԱՊՊԱ համակարգի նախնական հատուցման մոդելի մասին, որը որոշ դեպքերում սահմանում է վճարված գումարի հետ պահանջի իրավունքը:- ԱՊՊԱ-ի մասին օրենքը ապահովագրական ընկերություներին վերապահում է նաև հետադարձ պահանջի իրավունք, այլ կերպ ասած` սուբրոգացիայի իրավունք, ինչպես նաև սահմանում է այդ դեպքերը: Այնպես որ այստեղ եւս աշխատելու հնարավորություններ կան:Որտեղ կան պարտավորություններ, այնտեղ մենք ունենք շուկա և կարող ենք ունենալ մեր մասնակցությունը: Մենք մտադիր ենք դիմել ապահովագրական ընկերություններին համապատասխան առաջարկով և միաժամանակ պատրաստ ենք քննարկելու վերջինների առաջարկությունները: - Կարծիք կա, որ «կորպորատիվ կոլեկտորությունը» ավելի դժվար գործ է, քան ֆիզիկական անձից պարտքի հավաքագրումը: Այդպե՞ս է դա արդյոք: - Հայաստանում, համենայն դեպս, այդպես ոչ: Ֆիզիկական անձի հետ աշխատելիս, պետք է այդ ժամանակահատվածում դառնալ նրա, այսպես ասած, ստվերը. պետք է տեղյակ լինել, արդյոք նա Հայաստանում է, թե լքել է երկիրը, գտավ արդյոք աշխատանք, հայթայթեց արդյոք գումար և այլն: Մինչդեռ կորպորատիվ պարտապանների հետ աշխատելիս շատ հեշտ է կիրառել ներազդման որոշակի ստանդարտ քայլեր: Ցանկացած ընկերության տնօրեն հասկանում է, որ պահանջատերն իր գործողությունների արդյունքում իրավասու է անորոշ ժամկետով «պարալիզացնել» նրա ընկերության բնականոն գործունեությունը: Ֆիզիկական անձանց հետ աշխատելիս այսպիսի հստակ մեխանիզմներ չկան: Իհարկե կան ներազդման բազմաթիվ այլ մեխանիզմներ:- Հաջողվե՞ց արդյոք ձեզ համագործակցություն ծավալել կոմունալ ծառայությունների օպերատորների հետ:- Մինչ օրս նախաձեռնված միակ նման փորձը «Հայռուսգազարդի» հետ փոխկապակցված AEG Service ընկերության հետ էր, որը, սակայն, ընթացք չստացավ: Ինչ վերաբերում է Երեւանի կոմունալ օպերատորներին, ապա նրանք, ունենալով բավականին մեծ դեբիտորական պարտքեր, այնուամենայնիվ հավաստում են, որ ունեն պարտքերի հավաքագրման սեփական մեխանիզմներ: Ես խիստ կասկածում եմ այդ մեխանիզմների արդյունավետության մեջ, քանի որ հայտնի է` մեր դատարանները ծանրաբեռնված են կոմունալ ծառայություններ մատուցողների և կապի օպերատորների գումարային պահանջներով: - Ռուսական մամուլում հաճախ կարելի է տեսնել կոլլեկտորային գործունեության մասին հրապարակումներ, ըստ որոնց այդ ընկերությունները աշխատանքի են վերցնում ուժային կառույցների նախկին աշխատակիցներին: Ինչպիսի՞ կադրային քաղաքականություն է վարում ձեր ընկերությունը:- Կոլլեկտորային գործունեության բնագավառում ուժային կառույցների նախկին աշխատակիցների ներգրավումը տրամաբանական է և ունի մի շարք պատճառներ. այդ մարդիկ ունեն կարգազանց մարդկանց հետ հաղորդակցվելու եւ աշխատելու ունակություններ, օպերատիվ աշխատաոճի փորձ, ինքնավստահության ուժեղ զգացում եւ այլ հատկանիշներ, որոնց ճիշտ կոորդինացման պարագայում կարելի է հասնել մեծ արդյունքների: Մեր ընկերությունում էլ կան ուժային կառույցների նախկին ներկայացուցիչներ, ինչպես նաեւ Դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) ծառայության նախկին աշխատակիցներ: Tweet Դիտում՝ 12904