Հիպոթեկային վարկերի առաջարկը մեծանում է

01.08.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

"Հայոց աշխարհ" (Երեւան), 01.08.07.

Հայաստանի բանկային համակարգի կողմից մինչեւ հիմա տրամադրված հիպոթեկային վարկերի ծավալը 100 մլն դոլար է: Այն դեպքում, երբ դրանց պահանջարկը մի քանի անգամ ավելի բարձր է. տարբեր գնահատումներով` 250-300 մլն դոլար:

Այնուհանդերձ, հիպոթեկային շուկային ուղղված վարկային միջոցների ծավալը գնալով ավելանում է: Միայն այս տարվա առաջին կիսամյակում բանկերը տրամադրել են շուրջ 37 մլն դոլարի հիպոթեկային վարկեր: Եթե նկատի ունենանք, որ ոլորտի վարկավորումը բանկերն իրականացնում են արդեն շուրջ երեք տարի, ապա 2007թ. արձանագրված միտումները հուսադրող են: Նշենք, որ անցած տարի հիպոթեկային վարկերի ծավալը կրկնապատկվեց: Բայց, դրանով հանդերձ, այն կազմեց շուրջ 35 մլն դոլար: Այսինքն` ավելի քիչ, քան այս տարվա առաջին կիսամյակում:

Հիպոթեկային վարկերի պահանջարկը, չնայած դրանց բավականաչափ ծանր պայմաններին, գնալով ավելանում է, ինչը պայմանավորված է բնակչության առանձին շերտերի եկամուտների ավելացմամբ եւ միջին խավի ձեւավորմամբ: Աստիճանաբար ավելանում է այն մարդկանց թիվը, ովքեր կարող են սեփական եկամուտների մեծացման հաշվին օգտվել հիպոթեկային վարկերից:

Մի կողմից` բարձր պահանջարկը, մյուս կողմից` ցածր առաջարկը հնարավորություն են տալիս բանկերին պահպանել խիստ պայմանները: Նման վիճակում, բնականաբար, տոկոսադրույքների լուրջ փոփոխությունների մասին խոսք լինել չի կարող: Շուկայական տնտեսության պայմաններում սովորաբար տոկոսադրույքները որոշում են առաջարկն ու պահանջարկը, ինչպես նաեւ մրցակցությունը, որի մասին այս դեպքում խոսելն անգամ ավելորդ է: Պահանջարկն այնքան մեծ է, որ առանձին բանկեր հիպոթեկային վարկեր են առաջարկում ընդհուպ մինչեւ 18 տոկոսով: Այսինքն` գրեթե այնպիսի տոկոսադրույքով, ինչպիսին առեւտրային վարկերի պայմաններն են:

Հիպոթեկային շուկան բանկերի համար բավականաչափ գրավիչ է: Ուստի նրանք ակտիվորեն փորձում են զբաղվել այդ շուկայի վարկավորմամբ: Ավելին` կարծես նշմարվում են առանձին բանկեր, որոնք մտադիր են շուկայում ստանձնել հիմնական խաղացողի դերը: Նրանք փորձում են որոշակի փոփոխություններ մտցնել շուկայի ընդհանուր պայմանների մեջ: Սակայն խոսքն այս դեպքում ոչ այնքան տոկոսադրույքների, որքան ժամկետների երկարացման մասին է: Սա եւս դրական գործոն է հիպոթեկային վարկերից օգտվել ցանկացողների համար: Բարձր տոկոսադրույքների պայմաններում ժամկետայնության երկարացումը թեթեւացնում է վարկերի սպասարկումը:

Բանկային համակարգի առանձին մասնակիցներ արդեն իսկ սկսել են հիպոթեկային վարկեր տրամադրել 15, ընդհուպ մինչեւ 20 տարի մարման ժամկետով: Նշենք, որ անցած տարի լավագույն ժամկետայնություն էր համարվում 10 տարին:
15 տարի մարման ժամկետով ՙԲՏԱ Ինվեստբանկը՚ պատրաստ է տրամադրել մինչեւ 200 հազար դոլարի վարկ: 15-20 տարվա ժամկետայնություն է առաջարկում նաեւ ՙՅունիբանկը՚, որը ակտիվ գործունեություն է իրականացնում հիպոթեկի շուկայում: Ի դեպ, վերջինս այն բանկերից է, որ փորձում է շուկայում ստանձնել ակտիվ խաղացողի դեր: Թեեւ առաջարկելով երկար ժամկետայնություն, հիշյալ բանկը հիպոթեկային վարկերի որոշակի սահմանափակումներ է նախատեսում: Բանկի հիպոթեկային վարկերի կառուցվածքը վկայում է, որ այն շահագրգռված է խրախուսել նորակառույց շենքերի բնակարանների իրացումը: Ինչպես հայտնի է, վերջին շրջանում այս առումով պահանջարկը նվազել է, ինչի հետեւանքով դանդաղել է բնակարանների իրացումը:
Նման շենքերից բնակարան ձեռք բերելու համար ՙՅունիբանկը՚ պահանջում է կանխավճար` սկսած գույքի արժեքի 20 տոկոսից: Սակայն այդ դեպքում շատ ավելի ցածր է առաջարկվող տոկոսադրույքը` 13 տոկոս: Համեմատության համար ասենք, որ այլ կարգի բնակարանի ձեռքբերման դեպքում հիպոթեկային վարկ է առաջարկվում 15 տոկոսով: Կրճատվում է նաեւ մարման ժամկետը` առավելագույնը 12 տարի:

Այս երկու առեւտրային բանկերից բացի մինչեւ 15 տարի ժամկետայնությամբ հիպոթեկ է առաջարկում նաեւ շուկայում գործող մի վարկային կազմակերպություն` ՙՎաշինգտոն Քափիթալը՚: Հատկանշական է, որ վերջինիս նվազագույն ժամկետը 12 տարի է: Վարկի արժեքը սկսվում է 12-ից եւ հասնում է 16 տոկոսի:

Հայաստանի հիպոթեկային վարկերի ժամկետայնության վրա որոշակի ազդեցություն ունեցավ շուկայի խրախուսման նպատակով ներգրավված գերմանական վարկը, որը մասնակից ֆինանսական կազմակերպություններին պարտադրեց իր պայմանները: Ավելին` սա ստիպեց, որ բանկերն ավելի բարելավեն իրենց հիպոթեկային պայմանները: Թերեւս սրանով են պայմանավորված առանձին բանկերի կողմից ժամկետայնության բարելավման ուղղությամբ իրականացված քայլերը:

Ժամկետայնության առումով նկատվող այս, թեկուզեւ փոքր դրական տեղաշարժերի կողքին, առայժմ գրեթե փոփոխություններ չեն նշմարվում տոկոսադրույքների առումով: Ինչպես մեկ տարի առաջ, այնպես էլ այսօր բնակարանի ձեռքբերման համար դրանք հիմնականում տատանվում են 12-16 տոկոսի սահմաններում, երբեմն հասնելով ընդհուպ մինչեւ 18-20 տոկոսի: Թեեւ նման դեպքերում սովորաբար կանխավճար չի պահանջվում:

Չնայած հիպոթեկի շուկայում առայժմ խիստ դանդաղ են փոփոխություններ տեղի ունենում, այնուհանդերձ սպասվում է, որ դրանք կարող են ակտիվանալ հատկապես եկող տարվանից: Հայաստանի բանկային համակարգում շուտով գործելու թույլտվություն կստանան նոր արտասահմանյան բանկեր, որոնք ուզած թե չուզած կմեծացնեն մրցակցությունը:

ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ

Դիտում՝ 9942
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW