Գյումրիի հյուրատներն ու հոսթելները սկսում են «շնչել»

03.03.2018 | 10:00 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
Հոսթելներ ու հյուրատներ... Հյուրերին սպասարկող բիզնեսի այս տեսակը հյուրանոցից տարբեր է ոչ միայն գներով, այլ հարմարություններով ու միջավայրով: Գյումրիում տարբեր գների ու պայմանների հյուրանոցներ կարելի է գտնել, բայց հոսթելներ ու հյուրատները նոր են «ծնվում»: Պատճառը հյուրերի պակասն էր, ավելի ճիշտ, օտարազգի այն հյուրերի, ովքեր գալիս էին քաղաքը տեսնելու, պատմական շերտերը բացահայտելու, զբոսաշրջիկներ, ովքեր նախընտրում են գիշերակացի էժան տարբերակ կամ տնային հարմարավետ պայմանները:

Գյումրիում գործող ամենահին հոսթելը երկու տարեկան է

«Դոմ Պոլսկի»՝ այսպես է կոչվում այս հոսթելը: Այն Գյումրիում լեհական համայնքի գրասենյակն է եղել: Այստեղ հավաքվել են լեհերը, իրենց ազգային տոները նշել, միջոցառումներ կազմակերպել: Բայց հաճելին օգտակարի հետ են համատեղել ու 2016 թ.-ից գրասենյակի տարածքի որոշ մաս դարձրել են հոսթել՝ 3 սենյակ տասը մահճակալով:


 «Պատճառն եղավ Հռոմի Պապի այցը Գյումրի: Այդ ժամանակ մենք Լեհաստանից շատ հյուրեր ունեցանք, ովքեր ուզում էին միայն գիշերակաց։ Հասկացանք, որ կարող ենք օգնել այդ մարդկանց, հետո էլ դրանով բիզնես կարելի է անել»- նշում է Հայաստանում լեհական համայնքի ղեկավարի փոխտնօրեն ու հոսթելի տնօրեն Կարեն Կառլովիչը:

Լեհական տան մասին զբոսաշրջիկները տեղեկանում են Booking.com ինտերնետային ամրագրման կայքից, գները տատանվում են 3000-8000 դրամի միջակայքում:

Գիշերակաց փնտրողների թիվը մեծացել է, երբ Շիրակ օդանավակայանում «Պոբեդա» ավիաընկերությունը սկսեց չվերթներ իրականացնել: Հոսթել փնտրում են զբոսաշրջիկներ Եվրոպայից, Ռուսաստանից ու Հայաստանի տարբեր մարզերից (ավելի քիչ):

Վերջին շրջանում ԱՊՀ երկրների քաղաքացիները եւս սկսել են հոսթել փնտրել Գյումրիում: Քանի որ Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնողները պետք է պարբերաբար դուրս գան այն երկրից՝ սահմանված շեմի սահմաններում մնալու համար, նրանցից շատերի համար «Պոբեդա»-ով էժան չվերթն ու մատչելի հոսթելը հարմար տարբերակ է: Քիչ չեն նաեւ մարդիկ, ում համար Գյումրին դարձել է տարանցիկ քաղաք ու մեկ օրով գիշերակացի պահանջը մեծ է:

Կարեն Կառլովիչն արդեն գիտի յուրաքանչյուր երկրի ներկայացուցչի պահանջներն ու պահվածքը.

«Դոմ Պոլսկի» հոսթելում

«Գյումրիում զբոսաշրջիկները մնում են երկու օր: Եթե Շիրակի մարզի այլ տեսարժան վայրերն էլ ցանկանում տեսնել՝ երեք օր: Տաջիկներն ու ուզբեկները մեկ օրվա գիշերակաց են ամրագրում, նրանք մեծ մասամբ նայում են անվտանգությանը: Եթե նորմալ շփվում ես իրենց հետ ու տեսնում են, որ վստահելի մարդ ես, էլ կապ չունի հարմարավետությունը, իրենց լավ են զգում: Իսկ Մոսկվայից ու Պետերբուրգից եկողները շատ բաների վրա են ուշադրություն դարձնում՝ սրբիչները, անկողինը։ 5-աստղանի հարմարություններ են ուզում, բայց հոսթելի գնով: Իսկ եվրոպացիները շքեղության հետեւից չեն ընկնում», - նշում է «Դոմ Պոլսկի» հոսթելի տնօրենը:

Այն հարցին, թե ինչպիսի հեռանկար է տեսնում բիզնեսի այս տեսակի համար, հոսթելի ղեկավարը պատասխանում է. «Բիզնեսի զարգանալը մեզնից է կախված, ույուտը լավըցնես, սպասարկման որակը բարձրցընես, բիզնեսին կօգնես: Ով զբաղվում է այս գործով, պետք է բնավորությունը կոփե, շփումը առաջնակարգ է, եթե լավ ճամփու դրիր, հետո էլի գուկան»:

«Հյուրատուն Գյումրիում»

Նույնպիսի պայմաններ ու գնային տարբերակ են առաջարկում Գյումրիում նախորդ տարի բացված մի քանի հյուրատներ եւս: Հիմնականում իրենց տան մի հատվածը կահավորել են ու առաջարկում են հյուրերին: Բայց բոլորն ունեն չգրված մի պահանջ. «Ամեն մարդու խո մահճակալ չենք տա ու թողնի մտնի մեր տուն՝ ընտանեկան բիզնեսին ընտանեկան մոտեցում բդի էղնի», - ասում է «Հյուրատուն Գյումրիում»-ի սեփականատեր Հրաչյա Գյուրջօղլյանը:

Ավելի թանկ ու կոլորիտային հյուրատները

15-30.000 դրամ գիշերակացով հյուրատներ նախորդ տարվանից են սկսել կառուցել։ Գյումրիում զբոսաշրջությունը զարգացնելու ու պատմական շինությունները փրկելու կառավարության ծրագիրը օգնեց, որ շատերը ներդրումներ կատարեն ու իրենց առաջարկով ներկայանան զբոսաշրջիկին: Այս հյուրատներում բացի սովորական մահճակալից, նաեւ պատմական շերտերն են թաքնված:

«Վիլլա Կարս» հյուրատունը

Ամեն մի սեփականատեր ընտրել է իր մեթոդը Գյումրին ներկայացնելու: Կառավարության ծրագրից դեռ տարիներ առաջ Գյումրիի զբոսաշրջային հեռանկարները նկատեց Իտալիայի պատվո հյուպատոսը՝ Անտոնիո Մոնտալտոն: 19-րդ դարի գյումրեցի մեծահարուստ Գեղամովենց տունը վերականգնեց ու սկսեց հյուրեր ընդունել՝ «Վիլլա Կարս»-ի ընտանեկան, պատմական միջավայրը շատերին է գրավում:

«Վիլլա Կարս» հյուրատանը

«Գյումրեցի» հյուրատունը եւս գտնվում է «Կումայրի» պատմաճարտարապետական արգելոց թանգարանի տարածքում: Այս դեպքում պահպանվել է պատմական շինության միայն արտաքինը, ներսում ամեն ինչ նոր է ու թարմ:

Նորաբաց «Հայ ասպետ» հյուրատունը գտնվում է Գյումրիի պատմական միջուկում: Ներքին հարդարումը, կահույքը, տան իրերն ու ամեն մի անկյունը կահավորելիս սեփականատերը շատ մանրակրկիտ է ուսումնասիրել գյումրվա կահ-կարասին ու պատմական անցյալը, նաեւ չի մոռացել դա համակցել կիկիկյան ասպետներին բնորոշ որոշ դետալներով:

«Հայ ասպետ» հյուրատանը

Պատմականի կողքին չի մոռացել նաեւ ժամանակակից սանհանհանգույցն ու հարմարավետությունը: Վերանորոգումը տեւել է մեկ ու կես տարի: Հյուրատան գաղափարը ծնվել է ոչ թե պահանջարկի արդյունքում, այլ պահանջարկ ստեղծելու նախապայմանով:

«Նախ պահանջը ինքներս պետք է ձեւավորենք, շատերը չեն գալիս էստեղ մնում, ասելով, որ Գյումրիում հարմարավետ բնակարաններ չկան: Պատմական տներում էդպես տներ չկան, որ ժամանակակից պայմաններ ունենան: Դրա համար մտածեցի, որ արտասահմանից եկած հյուրին կհետաքրքրի մնալ այն տանը, որն ունի երկու հարյուր տարվա պատմություն եւ որտեղ հարմարավետ պայմաններ կան», - նշում է հյուրատան սեփականատեր Մարինա Բազաեւան:

Մարինա Բազաեւան

Հյուրատունը նաեւ առաջարկում է «Հայ Ասպետ»-ում անցկացնել նորապսակների «մեղրաշաբաթը», ֆոտոսեսիաներ, նաեւ հատուկ պատվերներով լանչեր կազմակերպել: Ամեն ինչ արվում է, որ առավելագույն օգտագործվեն հյուրատան բոլոր հնարավորությունները:

«Հայ ասպետ» հյուրատանը

«Ինձ թվում է, հյուրատները ավելի հաջողակ կլինեն, քան թանկ հյուրանոցները: Գյումրիում մնում են ընդամենը 2-3 օր ու զբոսաշրջիկը ձգտում է էժան տարբերակին ու միայն գիշերակացին»,- նշում է «Հայ ասպետ»-ի սեփականատերը:

Անահիտ Հարությունյան (Գյումրի)
Դիտում՝ 34300
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW