«Տիեռաս դե Արմենիա» ընկերությունը, որը հանդես է գալիս Karas Wines բրենդի ներքո, դատական գործընթաց է վարում «Զորահ» բրենդի դեմ, որն արտադրում է «Կարասի», «Երազ» եւ «Ոսկի» գինիները: Մեդիամաքսը զրուցել է «Զորահ»-ի հիմնադիր Զորիկ Ղարիբյանի հետ:Կարասներն ու գինեգործությունըՀայաստանում կարասների օգտագործումը գինեգործության մեջ 6 հազար տարվա պատմություն ունի: Մենք սովոր ենք ամեն ինչի պատմությունը սկսել Ուրարտուից, սակայն Ուրարտուից երեք հազար տարի առաջ արդեն այս տարածքում մարդիկ գինի էին պատրաստում կավե կարասներում:Կարասները մեր երկրի եւ մեր ազգի անբաժանելի գինեգործական հարստությունն են: «Զորահն» առաջինն էր Հայաստանում, որ որոշեց վերականգնել կարասների օգտագործումը գինեգործության մեջ: Շատ ուրախ եմ, որ այսօր Հայաստանում կան այլ գինեգործներ, որոնք եւս սկսում են օգտագործել կարասները: «Կարաս» բառի օգտագործումը փորձում են արգելել ոչ միայն «Զորահին», այլեւ բոլորին: Այսինքն, մի մեծ ու հզոր ընկերություն փորձում է մոնոպոլիզացնել վեց հազար տարվա գինեգործական պատմությունը:Ավանդույթների վերականգնումըՌինդ գյուղում, որտեղ գտնվում է մեր արտադրությունը, կարասագործ վարպետներ այլեւս չկան: Յուվա գյուղում կան թոնիր սարքողներ, սակայն կարասի պատրաստման տեխնոլոգիան տարբեր է: Սիսիանից հրավիրել եմ մի վարպետի, պայմանավորվել եմ Ռինդի դպրոցի հետ՝ մեկ դասարան են հատկացրել, որտեղ վարպետը երեխաների համար կավագործության դասեր է վարում: Նպատակն այն է, որ հետագայում այդ երեխաներից գոնե մի քանիսը կարասագործ դառնան: 22.08.2014 | 10:20 Զորիկ Ղարիբյան. «Իմ գինիների էությունը դրանց հայկական արմատների մեջ է» Վարպետն ասում է, որ իմ ուզած տարողունակությամբ՝ 800-1000 լիտր կարասներ երբեք չի պատրաստել եւ դասերին զուգահեռ տարբեր փորձեր է անում, որ կարողանա նման մեծ կարասներ պատրաստել:Հայաստանում ունենք կավի հանքեր, որոնք մոռացված էին: Դրանք հայտնաբերել ենք, կավի նմուշները ուսումնասիրության համար ուղարկել ենք Իտալիա, որպեսզի պարզենք, թե արդյոք կարող ենք այդ կավը օգտագործել գինեգործական կարիքների համար:Իրավական կողմըԵրբ մեր գինին անվանում էինք «Զորահ Կարասի», նպատակ ունեինք մատնանշել, որ այն արտադրում ենք ավանդական տեխնոլոգիայով՝ կարասի մեջ: Որեւէ այլ նպատակ չենք ունեցել եւ չունենք: Զավեշտալին այն է, որ մեզ դատի տված ընկերությունը իր արտադրության մեջ կարասներ ընդհանրապես չի օգտագործում: Զորիկ Ղարիբյանը Լուսանկարը՝ Զորահ 2011 թվականի գարնանը, երբ դիմեցինք Մտավոր սեփականության պաշտպանության գործակալություն՝ մեր առեւտրային նշանները գրանցելու համար, մեզ ասացին, որ «կարասին» չի կարող գրանցվել որպես պաշտպանվող ապրանքանիշ: Մենք էլ ասացինք, որ այդ բառը որպես պաշտպանվող ապրանքանիշ գրանցելու նպատակ չունենք, բայց ցանկանում ենք հստակ ցույց տալ, որ մեր գինին պատրաստվում է կարասներում: Հակառակ նրան, ինչ մեզ էին ասել, 2011 թվականի աշնանը «Տիեռաս դե Արմենիա» ընկերության «Կարասը» գրանցվեց որպես պաշտպանվող ապրանքանիշ: Այնուհանդերձ, մենք դրա դեմ որեւէ առարկություն չունենք, մենք դեմ ենք մոնոպոլիզացնելու փորձին:Եթե գոնե մեկ տոկոսով կասկածեի մեր իրավացիության մեջ, մի կողմ կքաշվեի, սակայն իրավիճակն այնքան անհեթեթ է դարձել, որ առաջին ատյանի դատարանը վճռել է, որ «Զորահ Կարասի» եւ «Կարաս» գինիների պիտակներն այնքան նման են, որ շփոթեցնում են սպառողին: Ցանկացած մարդ, որ տեսողության հետ խնդիր չունի, կհավաստի, որ այդ պնդումը աբսուրդ է: Եթե այս քեյսով ներկայանամ Եվրոպական դատարան, մեր երկրի դատարանը կարող է ծաղրի առարկա դառնալ: Մոնոպոլիզացնելու այդ փորձը որեւէ կոմերցիոն իմաստ չունի: Ինքը մեծ արտադրող է, մենք՝ բուտիկային: Հայկական կարասն ու վրացական քվեվրինՎրաց գինեգործները հիանալի աշխատանք են կատարել եւ աշխարհին պատշաճ կերպով ներկայացրել են իրենց քվեվրին (կարասը): 2011 թվականին այն գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում: Մեր գինին այսօր վաճառվում է 24 երկրում, եւ դրանցից յուրաքանչյուրում ես ինքս են ներկայացնում «Զորահը»: Շատ հաճախ, երբ սկսում եմ պատմել մեր կարասների ավանդույթների մասին, ինձ ընդհատում եւ ասում են, որ գիտեն քվեվրիների մասին: Զորիկ Ղարիբյանը Լուսանկարը՝ Զորահ Բորդոյի կենտրոնում կա գինու թանգարան, որտեղ երեք ամիս Վրաստանը ներկայացնում էր իր քվեվրիները:Այն պարագայում, երբ մեզ մոտ կարասը մոնոպոլիզացնելու փորձ է կատարվում, Վրաստանում հատուկ կարգ են մշակել՝ բոլոր ընկերությունները, որոնք իրենց արտադրության մեջ քվեվրի են օգտագործում, այդ մասին հատուկ նշում են անում պիտակների վրա:Հետագա քայլերըՑանկանում եմ դրական տրամադրվել եւ հույս ունեմ, որ երկրորդ ատյանի դատարանը ճիշտ որոշում կկայացնի: Միաժամանակ, պատրաստվում եմ գործի հնարավոր քննությանը միջազգային դատարաններում եւ արդեն բավական ծախսեր եմ արել այդ նպատակով: Ինձ համար սա սկզբունքի հարց է: Հուսով եմ, որ տղաս եւ աղջիկս կշարունակեն Հայաստանում իմ հիմնած գործը: Եթե այսօր այդ անարդար որոշումը կայացվի, ի՞նչ պետք է ասեմ իրենց:Զորիկ Ղարիբյանի հետ զրուցել է Արա Թադեւոսյանը Tweet Դիտում՝ 58680