"Հայաստանի Հանրապետություն" (Երեւան), 16.06.07.2006 թվականը “Հայէկոնոմբանկի” համար բանկի ներկայացուցիչները բավական հաջող տարի են համարում, որը պայմանավորված է մի շարք գործոններով՝ թե՛ ցուցանիշների կայուն աճով, թե՛ ծառայությունների ծավալների ընդլայնմամբ, թե՛ շահույթի աճի եւ թե՛ նոր մասնաճյուղերի գործարկմամբ։ Ըստ բանկի ղեկավարների՝ տարին գնահատելի է եղել ոչ միայն տարեկան ֆինանսական ցուցանիշների տպավորիչ աճով եւ համախոհների թիմային աշխատանքով, այլեւ բանկային համակարգում առաջատար դիրքերի շարունակական ամրապնդմամբ եւ նոր ծառայությունների մատուցմամբ։ Այս մասին երեկ նշեց “Հայէկոնոմբանկի” տարեկան հաշվետվության ամփոփման ժամանակ բանկի գործադիր տնօրեն Դավիթ Սուքիասյանը։ Խոսելով 2006 թվականի ցուցանիշներից, նա տարին արդյունավետ համարեց նախ միջազգային ֆինանսավարկային կառույցների հետ բանկերի համագործակցության տեսանկյունից, մասնավորապես անդրադառնալով միջազգային ֆինանսական կորպորացիայի միջեւ կնքված “Առեւտրի խթանման եւ երաշխիքների տրամադրման” պայմանագրին։ Հաջորդ կարեւոր իրադարձությունը, որը նշանավորվել է բանկի համար՝ “Աջափնյակ”, “Գոգավան”, “Նորք–Մարաշ” եւ “Ռոսիա” մասնաճյուղերի գործարկումն է։ Հաշվետու տարվա ընթացքում բանկի ակտիվ գործող հաճախորդների թվաքանակն աճել է 7,178 հաճախորդով կամ 18,7 տոկոսով։ Բանկի ակտիվները 2006 թվականին կարողացան ապահովել 26,4 տոկոս աճ՝ կազմելով 43 մլրդ 925 մլն դրամ։ Իսկ վեց ամսվա ընթացքում ակտիվներն արդեն իսկ կազմել են 60 մլրդ դրամ, որը տարեսկզբի համեմատ 36,7 տոկոս աճ է ապահովել։ Հաճախորդներին տրամադրած վարկերի մասով 2006–ի ընթացքում արձանագրվել է 46,7 տոկոս աճ, իսկ վարկային պորտֆելը կազմել է 20 մլրդ դրամ։ Ինչպես հավաստեց “Հայէկոնոմբանկի” գործադիր տնօրենը, վեց ամսվա ընթացքում վարկային պորտֆելը հասել է 23 մլրդ 547 մլն–ի՝ ապահովելով 17,5 տոկոս աճ։ Մեծ աճ է գրանցվել պետական կարճաժամկետ պարտատոմսերում եւ ԿԲ–ի թողարկած արժեթղթային նեդրումներում՝ 21 տոկոս, որը վեց ամսվա ընթացքում աճել է մոտ երկու անգամ։ Աճել են նաեւ բանկի պարտավորությունները՝ նախորդ տարում կազմելով 37 մլրդ դրամ։ Այս տարի ցուցանիշը հասել է 52 մլրդ դրամի։ Նախորդ տարում շարունակվել է բանկի ընդհանուր կապիտալի նախկին տարիների ընթացքում դրսեւորած կայուն աճի միտումը՝ նախորդ տարվա համեմատ կազմելով 23,6 տոկոս։ Ինչ վերաբերում է շահույթին, ապա Դավիթ Սուքիասյանի հայտնած տվյալների համաձայն, 2006–ին բանկի շահույթը նախորդ տարվա համեմատ ավելացել է 366,5 մլն դրամով կամ 30,4 տոկոսով։ Նշենք, որ 2006 թվականի արդյունքներով երկու տարի անընդմեջ բանկը ՀՀ ԿԲ–ի եւ ֆինանսների ու էկոնոմիկայի նախարարության համատեղ հանձնաժողովի որոշմամբ ճանաչվել է ներքին պետական պարտքի կառավարման ՀՀ կառավարության լավագույն գործակալ։ Հաշվետու տարին բանկի ղեկավարները հատկանշական են համարում նաեւ նորամուծությունների տեսանկյունից։ Ինչպես տեղեկացրեց բանկի գործադիր տնօրեն Դավիթ Սուքիասյանը, այդ նորամուծություններից մեկը «Master card/standard» համատեղ քարտերի թողարկումն էր, որոնցով «Lufthansa» գերմանական ավիաուղիների եւ ավտոմեքենաների վարձույթի “Hertz” ընկերության ծառայություններից օգտվողներին ընձեռվում են բացառիկ զեղչեր աշխարհի շուրջ 150 երկրում։ Բանկի գործունեության վերաբերյալ իր գնահատականը տվեց ՀՀ ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը, նշելով, որ բանկն ապահովել է զարգացման աճի բարձր տեմպեր։ “Մենք արձանագրում ենք, որ 2006 թվականը “Հայէկոնոմբանկի” համար եղել է հաջողակ տարի գրեթե բոլոր ցուցանիշներով, եւ ուրախալի է, որ բացի այդ, կապիտալը տարվա ընթացքում աճել է շուրջ մեկ մլրդ 300 մլն դրամով եւ կազմում է 7 մլրդ դրամ։ Այդ աճի ցուցանիշներն ունեն կայուն բնույթ, եւ այդ մասին վկայում են նաեւ 2007-ի առաջին վեց ամիսների արդյունքները”։ ԿԲ նախագահը բանկի գործունեության կարեւոր իրադարձություններից համարեց հատկապես “Հայէկոնոմբանկի” եւ ՎԶԷԲԻ միջեւ կնքված պայմանագիրը, որի համաձայն բանկին է հատկացվել 2 մլրդ դոլարի վարկ՝ ուղղված հիփոթեքային վարկավորմանը։ Նշենք նաեւ, որ բացի որդեգրած շահաբաժինների վճարման քաղաքականությունից, 2006 թվականի տարվա արդյունքներով նախատեսվում է շահաբաժինների վճարում տարեկան 12 տոկոս եկամտաբերությամբ։ Բանկը ներկա պահին սպասարկում է մոտ 46,4 հազար վարկառուի եւ ունի մոտ 2 հազար ավանդատու։ Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ Tweet Դիտում՝ 6330