«Ծախսել ավելի քիչ, քան վաստակում եք»,- ասում էր ԱՄՆ հայտնի գործիչ, 100-դոլարանոց թղթադրամի «հերոս» Բենջամին Ֆրանկլինը, որի մշակած ֆինանսների կառավարման հմտություններն արդիական են մինչ օրս: Տնտեսելու սովորությունը նոր չէ. բոլոր ժամանակների հեռատեսները վաստակածի մի մասը պահել են «նեղ օրվա» համար: Այսօր մարդիկ խնայում են ուսում ստանալու, ճանապարհորդելու, երազանքի մեքենա գնելու, ապահով ծերություն վայելելու եւ շատ այլ նպատակներով:Banks.am-ը Խնայողությունների համաշխարհային օրվա նախաշեմին որոշել է կիսվել մի քանի խորհրդով, թե ինչպես արդյունավետ խնայել եւ որտեղ ներդնել խնայած գումարը:Տնտեսում` առանց «զրկանքների»«Խնայել» հասկացությունը շատ հաճախ նույնացվում է հիմնական ծախսերը կրճատելու եւ գնումներ կատարելու հաճույքից հրաժարվելու հետ: Մինչդեռ տնտեսելու համար բավական է վերանայել ծախսելու եւ վաստակելու սովորությունները` դարձնելով դրանք առավել խելամիտ եւ նպատակային:Դրամական միջոցներն արդյունավետ կառավարելու եւ խնայողություններ կատարելու նպատակով անհրաժեշտ է հետեւել մի քանի պարզ խորհրդի:Վերահսկել ծախսերը՝ անհատական բյուջե կազմելու միջոցով - Ցանկացած նպատակի հասնելու համար նախեւառաջ անհրաժեշտ է այն դարձնել չափելի: Հետեւաբար, խնայելու առաջին քայլն անհատական բյուջեի կազմումն է, որտեղ կարձանագրվեն ամսական եկամուտներն ու ծախսերի ուղղությունները: Սա թույլ կտա խուսափել «իմպուլսիվ» գնումներից եւ միջոցների մի մասն ուղղել խնայողությանը: Որոշել առաջնայնությունները – Մարդիկ սովորաբար ունեն ծախսերի տարբեր առաջնայնություններ, հետեւաբար՝ դրանց դասակարգումը սուբյեկտիվ հարց է: Այնուամենայնիվ, գոյություն ունի ծախսերի դասակարգման տարածված եղանակ, որի համաձայն՝ դրանք տարբերակվում են կարեւորության եւ հրատապության աստիճանով: Ֆինանսների կառավարման մասնագետները խորհուրդ են տալիս կիրառել հետեւյալ հերթականությունը. առաջինը՝ կատարել կարեւոր եւ հրատապ ծախսերը, երկրորդը՝ կարեւոր եւ ոչ հրատապ, այնուհետ՝ ոչ կարեւոր, սակայն հրատապ, եւ վերջում միայն՝ ոչ կարեւոր եւ ոչ հրատապ ծախսերը: Միջոցների կառավարման այս տեխնիկան թույլ կտա բարելավել ֆինանսական դրությունը` տարբերակելով առաջնային ծախսը երկրորդայինից:Ունենալ երազանք - Խնայելու գործընթացն ավելի հեշտ է եւ արդյունավետ, երբ կան հստակ նպատակներ: Դրանք կարող են լինել ամենատարբեր բնույթի, սակայն մի բան ընդհանուր է. երազանքն է այն լոկոմոտիվը, որը մարդուն տալիս է կամքի ուժ եւ «ստիպում» առաջ շարժվել:Որտե՞ղ պահել միջոցներըԵնթադրենք՝ ունեք խնայած գումար եւ պետք է որոշեք, թե որտեղ ներդնել այն: Հայաստանում, ինչպես եւ աշխարհում, խնայողությունները պահելու առավել տարածված եղանակը ավանդն է: Գոյություն ունեն նաեւ այլընտրանքային տարբերակներ՝ ներդրում անշարժ գույքի կամ ոսկու մեջ, իսկ առավել պահպանողականները նախընտրում են գումարը ներքնակի տակ պահելու հին սովորությունը: Սակայն կարեւոր է հիշել մի փաստ. փողը պետք է նոր փող բերի, այլապես կհանգեցնի կորուստների՝ արժեզրկման, գնաճի եւ այլ գործոնների հետեւանքով:Աշխարհում ընդունված պրակտիկա է խնայողությունների ներդրումն արժեթղթերում, ինչը, ցավոք, Հայաստանում դեռեւս տարածում չունի մի շարք օբյեկտիվ (քիչ զարգացած արժեթղթերի շուկա, խնայողությունների փոքր ծավալ եւ այն) եւ սուբյեկտիվ (մարդկանց ֆինանսական գրագիտության ցածր մակարդակը, ազգային մտածելակերպը եւ այլն) հանգամանքներով:Այսպիսով, խնայողություններ պահելու ամենահայտնի եղանակը շարունակում է մնալ ավանդը: Հայաստանում առավել շահավետ է ավանդ ներդնել դրամով, քան արտարժույթով: ՀՀ Կենտրոնական բանկի կարգավորող միջամտությամբ դրամային ավանդներն ունեն ավելի բարձր տոկոսադրույքներ. այս քաղաքականությունն ուղղված է հայկական դրամի ամրապնդմանն ու կայունությանը:Հայաստանում 1 տարով ժամկետային ավանդների միջին տոկոսադրույքները տատանվում են դրամայինի դեպքում՝ 12-13%-ի, դոլարայինի դեպքում՝ 4,5-7%-ի սահմաններում: «Ապահովության բարձիկ»՝ պետության կողմիցՀայաստանում ֆիզիկական անձանց ներդրած ավանդները երաշխավորված են պետության կողմից, ինչը լրացուցիչ «ապահովության բարձիկ» է ստեղծում ավանդատուների համար:Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից միայն դրամային ավանդների երաշխավորման չափը սահմանված է մինչեւ 10 մլն դրամ, իսկ միայն արտարժութային ավանդների երաշխավորման չափը՝ մինչեւ 5 մլն դրամ:Սահմանված են երաշխավորված մեծություններ նաեւ խառը (թե´ դրամով, թե´ այլ արժույթով) հաշիվներ ունեցող ավանդատուների համար:Ի դեպ, ավանդների հատուցման ներկայում գործող սահմանաչափը վերանայվել է վերջերս. այն 2,5 անգամ գերազանցում է նախկին ցուցանիշը: Խնայելու համար պարտադիր չէ ունենալ խոշոր եկամուտներ, պետք է դրսեւորել կամք եւ նպատակասլացություն: Սկսե՛ք խնայել այսօր…Սիրանուշ Սիմոնյան Tweet Դիտում՝ 8482