Փոխհատուցման գործընթացն սկսված է

13.01.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

"Հայաստանի Հանրապետություն " (Երեւան), 13 հունվարի, 2007թ.

HSBC Bank Armenia դրամատունը հունվարի 11-ից սկսել է 20-րդ դարասկզբին օսմանյան Թուրքիայում հայոց ցեղասպանության զոհերի ժառանգորդների փոխհատուցման վճարումները։ Գումարը տրամադրել է New York Life Insurance ամերիկյան ընկերությունը, որտեղ ժամանակին ապահովագրվել էին ցեղասպանության զոհ դարձած հայերը։

Արդեն երեկ 5 մարդ ստացել է փոխհատուցում, Երեւանից եւ մարզերից եւս 1248 հոգի վճարման ցուցակներում են։ HSBC բանկին այս պարտավորությունը վստահել է, այսպես կոչված, հաշտեցման հիմնադրամի խորհուրդը, եւ ինչպես ռադիոկայանին տեղեկացրել են բանկից, վճարումը կատարվում է ըստ հիմնադրամի հաստատած ցուցակների եւ հիմնադրամի կողմից վավերացված նամակների։ Առանց այդ նամակների վճարում չի իրականացվելու։

«Հայցվորները պետք է անձամբ ներկայանան։ Ցավոք, լինում են դեպքեր, երբ նրանցից ոմանք մահացած են լինում, եւ որդին կամ դուստրն են ուզում ստանալ։ Սակայն նման դեպքերում գումարը նրանց տալու իրավունք ունենք միայն այն պարագայում, եթե ներկայացնում են նոտարիատով հաստատված՝ ժառանգորդը լինելու մասին կտակ կամ լիազորագիր», - նշել է HSBC բանկի հաճախորդների սպասարկման բաժնի կառավարիչ Սուրեն Զոհրաբյանը։
Բոլոր 1888 նամակները, որոնց մի մասը մերժողական են, արդեն բանկում են։ Բայց դրանք հասցեատերերին ուղարկվում են աստիճանաբար, որպեսզի բանկում կուտակումներ չառաջանան։

Ըստ HSBC բանկի անհատական ֆինանսական ծառայությունների կառավարիչ Արտակ Խաչատրյանի, փաթեթը ստացվել է 3-4 օր, արդեն 100-ից ավելի նամակներ ուղարկվել են, եւս 100-ը կուղարկվեն այսօր։ «Շաբաթական 200 նամակ ենք ուղարկելու։ Բոլոր նամակները հասցեատերերին կհասնեն 6 շաբաթվա ընթացքում։ Գումարների բաշխումը կարող է մեկ-երկու ամիս շարունակվել։ Թեեւ գումարների բաշխման ժամկետների սահմանափակում չկա։ Եթե հիմնադրամը հաստատել է շահառուին, մենք պարտավոր ենք նրան վճարել, երբ նա ցանկանա», - նշել է նա։

New York Life Insurence ապահովագրական ընկերությունը, ստանալով զոհերի ապահովագրված ժառանգների 2515 դիմումները, նոյեմբերի 11-ից սկսել է վճարումները։ Հայաստանում 3 միլիոն 674 հազար 970 դոլարը կբաշխվի 1253 հոգու միջեւ, 635 հայց մերժված է։ 2,7 միլիոն կստանան ԱՄՆ-ի հայերը։

Ընդհանուր առմամբ, փոխհատուցման գործընթացն իրականացվում է աշխարհի 26 երկրներում։ Այս նպատակով նախատեսված է շուրջ 8 միլիոն դոլար։

 

Դիտում՝ 6890
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW