Հուշանվերներ՝ պատրաստված բարությամբ եւ ջերմությամբ

03.05.2016 | 12:24 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

Հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության խնդիրն այսօր առաջնային է ինչպես աշխարհի շատ երկրներում, այնպես էլ Հայաստանում: Ներկայում այն քիչ ընկերություններից մեկը, որը Հայաստանում աշխատանքով է ապահովում հաշմանդամություն ունեցող անձանց, Վանաձորում գործող՝ հուշանվերների արտադրությամբ զբաղվող «Էբրիկոտ»-ն է:

Ընկերության հիմնադիր Գայանե Խաչատրյանը Banks.am-ի հետ զրույցում պատմում է, որ իրեն վաղուց էր մտահոգում հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության հարցը: Մի անգամ ընկերների հետ պատահական զրույցի ժամանակ էլ որոշել է հարցին իրական լուծում տալ եւ նրանց համար աշխատատեղեր ստեղծել:

«Բազմաթիվ սեմինարների էի մասնակցել ու ծանոթ էի հաշմանդամություն ունեցողների խնդիրներին` նրանց ոչ միշտ է հաջողվում կրթություն ստանալ կամ էլ աշխատանք գտնել: Ու այդպիսով որոշեցի արտադրամաս բացել, որտեղ կաշխատեն միայն հաշմանդամություն ունեցող անձինք»,- պատմում է «Էբրիկոտ»-ի հիմնադիրը:

Գաղափարից մինչեւ գործնական քայլեր

Գայանեի խոսքով՝ նման համարձակ նախաձեռնության կյանքի կոչման համար հսկայածավալ աշխատանք է կատարվել, ուսումնասիրվել է շուկան ու նրա պահանջները: Սկզբնական շրջանում անհրաժեշտ էր գտնել աշխատելու ցանկություն ունեցող մարդկանց: Գայանեի ջանքերով նրանց համար վերապատրաստման դասընթացներ են կազմակերպվել:

Երիտասարդ գործարարն ընդգծում է, որ նրանցից լավագույնները ներկայում աշխատում են «Էբրիկոտ»-ում՝ «իրենց բարությունն ու ջերմությունը փոխանցելով հուշանվերների տեսքով»:

Ի դեպ, «Էբրիկոտ»-ն այն քիչ կազմակերպություններից է Հայաստանում, որտեղ աշխատում են նաեւ մտավոր խնդիրներ ունեցող անձինք:

Գայանեն կարեւորում է հանգամանքը, որ հաշմանդամություն ունեցող մարդիկ, որոնցից շատերն անգամ ուսում ստանալու հնարավորություն չեն ունեցել, այս ճանապարհով շփվելու եւ իրենց դրսեւորելու հնարավորություն են ստանում:

«Աշխատողների համար տրանսպորտ էինք վարձել, որ հեշտությամբ կարողանան հասնել աշխատանքի: Սկզբնական շրջանում մայրիկներն էին նրանց ուղեկցում: Հիմա ինքնուրույն են դարձել, հանգիստ գալիս են աշխատանքի, քաղաքում ազատ տեղաշարժվում: Կարելի է ասել, որ մեր նպատակին հասանք՝ մարդկանց կյանքի վերադարձրինք ու ցույց տվեցինք, որ իրենք ամեն ինչ էլ կարող են»,- ոգեւորությամբ պատմում է «Էբրիկոտ»-ի հիմնադիրը:

Խնդիրների մասին

Գայանեի խոսքով՝ դժվարությունների հաճախ են առերեսվում, կառավարությունն էլ որեւէ արտոնություն չի տալիս նմանատիպ կազմակերպություններին:

«Գործատուի օգտին ոչինչ չկա: Մենք հարկ ենք վճարում, ինչպես մնացած գործատուները: Լավ կլինի աշխատանքային օրենսգրքում որոշակի տարբերակումներ արվեն, քանի որ ճիշտ չէ բոլոր աշխատողների վրա նույն սկզբունքները կիրառել: Ինձ մոտ տարբեր խնդիրներ ունեցող մարդիկ են աշխատում, եւ ես ոչնչով պաշտպանված չեմ»,- ընդգծում է երիտասարդ գործարարը:

Սակայն Գայանեն չի հուսահատվում. ինչպես համարձակ հիմնադրել է «Էբրիկոտ»-ը, այնպես էլ համարձակ հաղթահարում է բոլոր դժվարությունները: Արդեն կարողացել է գործընկերներ գտնել. համագործակցում է «Երեւան Սիթի», «Երիցյան եղբայրներ» սուպերմարկետների եւ Երեւանի հուշանվերների մի շարք խանութների հետ: Մյուս կողմից, Գայանեն ցավով նկատում է, որ Վանաձորում իրենց արտադրանքը դեռ հասանելի չէ:

Երիտասարդ գործարարը նկատում է, որ թեեւ «Էբրիկոտ»-ը դեռ եկամուտներ չունի եւ չի կարողանում բոլոր ծախսերը փակել, այդուհանդերձ, փորձում է «հաշմանդամություն ունեցող անձնաց կողքին լինել եւ օգնել նրանց»:

Վիճակագրություն

ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարութունից Banks.am-ին հայտնել են, որ 2015թ. դեկտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանում գրանցված է հաշմանդամություն ունեցող շուրջ 200 հազ. անձ: Նրանցից Աշխատանքի զբաղվածության պետական գործակալությունում հաշվառված են ընդամենը 2500-ը:

Ստացվում է, որ Հայաստանում հաշմանդամություն ունեցողների զբաղվածությունը կազմում է 9-10%:

2016-ը ՀՀ կառավարության որոշմամբ հայտարարվել է հավասար հնարավորությունների ապահովման տարի: Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշել է, որ արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է պետության եւ մասնավոր հատվածի համագործակցությունը:

«Իրականացնում ենք բազմաթիվ ծրագրեր, որպեսզի աջակցենք գործատուներին՝ հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի ընդունելու հարցում»,- ասել է նախարարը:

«Զբաղվածության մասին» ՀՀ օրենքով սահմանվել է աշխատատեղերի պարտադիր ապահովման նորմատիվ` քվոտա: Այս տարվանից այն պարտադիր է նաեւ ոչ պետական կազմակերպությունների համար:

Հասմիկ Բաբայան

Դիտում՝ 9531
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW