Բանկերի հաճախորդների անձնական տվյալների պաշտպանությունը կխստացվի

02.12.2015 | 12:14 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

Անձնական տվյալ մշակող (հավաքող) կառույցները ՀՀ արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալությանը չծանուցելու համար 2016թ. հունվարի 1-ից կտուգանվեն:

Այս մասին Banks.am-ի հետ զրույցում ասել է գործակալության պետ Շուշան Դոյդոյանը՝ հիշեցնելով, որ 2015թ. հուլիսի 1-ից ուժի մեջ մտած «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ անձնական տվյալներ մշակողի կողմից անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմնին չծանուցելը կամ ծանուցման կարգը խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում՝  նվազագույն աշխատավարձի 50-ապատիկից մինչեւ 100-ապատիկի չափով:

Մեր զրուցակցի փոխանցմամբ` տվյալ հավաքողների թվին են դասվում ինչպես պետական կառույցները, այնպես էլ բանկերը, վարկային ու ապահովագրական ընկերությունները:
 
Օրենքի այլ դրույթներ խախտելու դեպքում եւս սահմանված են տուգանքներ, մասնավորապես՝

- Անձնական տվյալները մշակելու ընթացքում գաղտնագրման միջոցներ չօգտագործելը, եթե տվյալ արարքը չի պարունակում հանցագործության հատկանիշներ, առաջացնում է տուգանքի նշանակում՝ նվազագույն աշխատավարձի 100-ապատիկի չափով:

- Տեղեկատվական համակարգերում անձնական տվյալները մշակելու անվտանգությունն ապահովելուն ներկայացվող պահանջները, կենսաչափական անձնական տվյալների նյութական կրիչներին եւ տեղեկատվական համակարգերից դուրս այդ անձնական տվյալները պահպանելու տեխնոլոգիաներին ներկայացվող պահանջները խախտելը, եթե տվյալ արարքը չի պարունակում հանցագործության հատկանիշներ, առաջացնում է տուգանքի նշանակում՝ նվազագույն աշխատավարձի 100-ապատիկից մինչեւ 200-ապատիկի չափով:

- Անձնական տվյալները մշակելու հետ առնչվող ծառայողական կամ աշխատանքային պարտականությունները կատարելու ընթացքում կամ դրա ավարտից հետո անձնական տվյալներ մշակողների կամ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով նախատեսված այլ անձանց կողմից անձնական տվյալների գաղտնիությունը չպահպանելը, առաջացնում է տուգանքի նշանակում՝ նվազագույն աշխատավարձի 200-ապատիկից մինչեւ 300-ապատիկի չափով:

Նշենք, որ սույն հոդվածներով նախատեսված արարքները կատարած անձն ազատվում է վարչական պատասխանատվությունից, եթե լիազոր մարմնի որոշմամբ սահմանված ժամկետում կամ մինչեւ վարչական պատասխանատվության ենթարկվելու վերաբերյալ որոշում կայացնելը վերացրել է իր թույլ տված խախտումը եւ լիազոր մարմին է ներկայացրել ապացույցներ այդ մասին:
 
Պատրաստեց Սիրանուշ Եղիազարյանը

Դիտում՝ 6598
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW