Վերջերս Հայաստանում ի հայտ են գալիս փոքր բիզնեսներ, որոնք աչքի են ընկնում հետաքրքիր մտահղացմամբ: Banks.am-ը հանդիպել է այդպիսի մի քանի բիզնեսների հիմնադիրների հետ եւ զրուցել այն մասին, թե ինչպես ծագեց այս կամ այն գաղափարը եւ ինչպես այն կյանքի կոչվեց:Personal Chef Armenia կազմակերպության մասին տեղեկացանք Facebook-ից: Կազմակերպության հիմնական նպատակն է պրոֆեսիոնալ ռեստորանային խոհանոցը բերել ձեր տուն: Այն մասին, թե ինչպես է դա արվում եւ կազմակերպության կողմից առաջարկվող այլ խոհարարական ծառայությունների մասին մեզ պատմել է Personal Chef Armenia-ի հիմնադիր եւ ղեկավար, շեֆ-խոհարար, Մոսկվայի շեֆ-խոհարարների ազգային գիլդիայի անդամ, WACS-ի անդամ Համլետ Մարգարյանը: Երազանքիդ ռեստորանը՝ քո տանըԽոհարարությամբ զբաղվում եմ 7 տարի, որոնցից չորսը՝ շեֆ-խոհարարի կարգավիճակում: Personal chef-ի գաղափարն առաջացավ ռեստորաններ հաճախելու սեփական փորձից, երբ, օրինակ, ցանկություն էր առաջանում ինչ-որ բան փոխել կամ հարցնել որեւէ ճաշատեսակի վերաբերյալ, սակայն շեֆ-խոհարարի հետ շփվելու հնարավորություն չկար: Սկսեցինք մտածել, թե ինչպես կարելի է անել, որ հաճախորդն առանց միջնորդների (մատուցողի կամ մենեջերի) հնարավորություն ունենա հետեւել խոհարարի եւ նրա թիմի բուն աշխատանքին: Ի վերջո հասունացավ այն միտքը, որ լավագույն տարբերակը խոհարարին սեփական խոհանոցում տեսնելն է: Մինչ այդ ինձ բազմիցս հրավիրել էին որպես շեֆ-խոհարար, սակայն այժմ շեշտը դրվում է հենց թիմային աշխատանքի վրա: Այսօր մեր թիմը չորս հոգուց է բաղկացած՝ մարդիկ են, ում հետ ժամանակին աշխատել եմ տարբեր վայրերում: Պարզվեց, որ ամբողջ աշխարհում սա ընդունված երեւույթ է եւ մենք սկսեցինք ուսումնասիրել արտասահմանյան կազմակերպությունների փորձը՝ ներմուծելով նաեւ սեփական գաղափարները: Չէինք ակնկալում, որ ընդամենը երեք-չորս ամսում բավականին մեծ թվով պատվերներ եւ մշտական հաճախորդներ կունենանք: Ինչպե՞ս է գործում Personal Chef ծառայությունըԵթե սպասվող հյուրերի թվաքանակը քիչ է՝ պատվիրատուն կարող է մեզ դիմել մեկ օր շուտ: Եթե այն գերազանցում է 60-70 հոգին՝ ցանկալի է գրանցվել 2-3 օր առաջ: Ճաշացանկը համաձայնեցնում ենք պատվիրատուի հետ՝ ելնելով նրանից, թե ինչ է նա ցանկանում տեսնել սեղանին՝ միս, ծովամթերք, ձուկ: Այնուհետեւ ճաշացանկի երեք հնարավոր տարբերակ ենք առաջարկում: Գինը կախված է ոչ թե ուտեստների քանակից, այլ մթերքների արժեքից: Բոլոր մթերքները բերում ենք մեզ հետ: Տեղում չեն պատրաստվում միայն աղանդները, քանի որ դա ավելի ժամանակատար գործ է: Personal Chef-ն աշխատում է շուրջօրյա՝ առանց հանգստյան օրերի:Պատվիրատուների կողմից սիրված է դարձել «Ընթրիք երկուսի համար» առաջարկը: Պետք է խոստովանեմ, որ հաճախ այն իրականացնում ենք «գաղտնի» կերպով, որպեսզի ընթրիքին հրավիրված «կեսը» չիմանա, որ տվյալ սեղանը՝ խոհարարի ձեռքի գործն է: Ռոմանտիկ ընթրիքի պատվիրատուներ են լինում թե կանայք եւ թե տղամարդիկ: Համեղ «կտավներ»Համային գործոնից բացի, մեր աշխատանքում կարեւորագույն տեղ է զբաղեցնում յուրաքանչյուր ուտեստի մատուցումը: Փորձում եմ նույնիսկ ամենասովորական կերակրատեսակը արվեստի վերածել: Ես դա անվանում եմ «նկարչություն ափսեի մեջ»: Կարող եմ գիշերը չքնել՝ մտածելով, թե ինչպես ստանալ սոուսի անհրաժեշտ գույնը՝ պահպանելով համային հատկությունները: Մեր ավանդական ուտեստները եւս փորձում ենք յուրովի եւ անճանաչելի կերպով մատուցել: Շատ ուրախ եմ, որ այս առումով մեր հաճախորդների ցանկությունները համընկնում են մեր աշխատաձեւի հետ, երբ չափաբաժինը գլխավոր պահանջ չի հանդիսանում: Ուտեստները հիմնականում մատուցվում են տան տերերի սպասքով, դրանով իսկ ապացուցելով, որ ամենահին եւ անշուք ափսեն էլ կարող է բոլորովին այլ կերպ երեւալ: Այլ ծառայություններըԳործարկել ենք ռեստորանների համար մենյու կազմելու ծառայությունը`հաշվարկային քարտերով: Ծառայությունն իր մեջ ներառում է նաեւ տվյալ ռեստորանի խոհարարների հետ դասընթացներ: Մենյուի մեջ առկա բոլոր ուտեստները լուսանկարվում են եւ բաղադրատոմսերի հետ փակցվում են պատին: Հաջորդող մեկ ամսվա ընթացքում մենք շարունակում ենք այցելել այդ ռեստորան եւ հետեւել գործընթացին: Կազմակերպում ենք նաեւ անհատական եւ կորպորատիվ դասընթացներ: Անհատականը անց է կացվում հենց բնակարանում եւ ժամային սահմանափակում չունի՝ պատվիրատուն վճարում է մեկ դասի համար: Կորպորատիվ դասընթացները նախատեսված են 10-15 հոգու համար, անց են կացվում վարձակալած տարածքում: Ակնկալում ենք ձմռանն արդեն մեր սեփական խոհանոցն ունենալ: Ուսուցման սկզբում նախ ծանոթացնում ենք խոհանոցի հիմքերին՝ սկսած միջազգային նորմերից եւ սննդի անվտանգությունից, մինչեւ մատուցում: Փորձում ենք այնպիսի խորության գիտելիքներ տալ, որ ցանկության դեպքում տվյալ անձը հնարավորություն ունենա աշխատել որպես խոհարար: Համլետ Մարգարյանի հետ զրուցել է Աննա ԲուբուշյանըԼուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի Tweet Դիտում՝ 9120