Հաճախ ենք լսում, որ Սեւանի ափին հանգիստը շատ ավելի թանկ արժե, քան վրացական լողափերում: Հայաստանում հանգստի թանկ պայմաններից դժգոհությունների ֆոնին Banks.am-ը փոքրիկ հետազոտություն է անցկացրել՝ պարզելու, թե տեսականորեն որքան արժե 7 օրվա հանգիստը Սեւանա լճի ափին եւ Քոբուլեթիում՝ Սեւ ծովի ափին: Այսպես, Սեւանի ափին ամենամատչելի հյուրանոցային համարն արժե 18 000 դրամ (2 անձի համար), որը ներառում է միայն նախաճաշը: Չնայած հարմարավետ պայմաններին, բարձր վարկանիշին եւ այցելուների դրական գնահատականներին՝ այս հյուրատունը գտնվում է ափից որոշակի հեռավորության վրա, ինչը սեփական մեքենա չունենալու դեպքում որոշակի անհարմարություններ է ստեղծում: Անմիջապես ափին մոտ հանգստանալու համար ամենամատչելի տարբերակը տատանվում է երկու անձի համար 20 000-27 000 դրամի սահմաններում, որում սնունդ ներառված չէ: Հետեւաբար, Սեւանում մեկ անձի համար 7-օրյա հանգիստը միայն հյուրանոցի համար կարժենա 70 000-94 500 դրամ՝ կախված հարմարություններից: Եթե սրան ավելացնենք ճանապարհածախսը եւ սննդի գումարը, ապա ամենալավատեսական հաշվարկներով Սեւանում մեկշաբաթյա հանգիստը կկազմի մոտ 100 000 դրամ (մանրամասն հաշվարկը տե՛ս աղյուսակում): Համեմատության համար նշենք, որ Քոբուլեթիում անմիջապես ափին մոտ գտնվող հյուրանոցներում 2 հոգու համար նախատեսված սենյակն առաջարկում են 12 665 դրամով, հետեւաբար, մեկ անձի 7-օրյա կացությունը հյուրանոցում կարժենա 44 422 դրամ, այսինքն մոտ 25 000 դրամով ավելի էժան, քան Սեւանում՝ ափից մոտավորապես նույն հեռավորության վրա գտնվող նմանատիպ հյուրանոցային համարում: Քոբուլեթիում հանգստի առավել նախընտրելի տարբերակ են առաջարկում տուրիստական գործակալությունները, որոնք միաժամանակ թեթեւացնում են փնտրտուքների բեռը: Նման ծառայություններից օգտվելու դեպքում մեկ անձին բաժին ընկնող գումարը կազմում է 57 000-100 000 դրամ, որը ներառում է ճանապարհածախսը, սնունդը եւ հյուրանոցը: Բացի հյուրանոցային համարներից՝ Քոբուլեթիում ընդունված պրակտիկա է բնակարանների վարձակալությունը, ինչը սկսվում է օրական 3000 դրամից (1 անձի համար): Սեւան քաղաքում բնակարանն առաջարկում են օրական 5000 դրամով, այնուամենայնիվ, ի տարբերություն Քոբուլեթիի, Սեւանում եւ ափամերձ գյուղերում հանգստի սեզոնին բնակարանները վարձակալությամբ տալու մեծ փորձ չկա, ինչը տեղացիները բացատրում են համապատասխան ենթակառուցվածքների բացակայությամբ: Արդյունքում ստացվում է այնպես, որ Քոբուլեթիում ծովափնյա հանգիստը Հայաստանի քաղաքացիների համար ճանապարհածախսով հանդերձ ավելի մատչելի է, քան Սեւանում: Հետազոտությունն արվել է ըստ Booking.com եւ Trip Adviser կայքերի՝ պատահականության սկզբունքով ընտրված եւ նյութը գրելու պահին հասանելի մեկ օրվա (օգոստոսի 27-28) տարբերակների ուսումնասիրությամբ: Վիկտորյա Անդրեասյան Tweet Դիտում՝ 9367