Handmade բիզնեսի հեռանկարները Հայաստանում

04.05.2015 | 10:26 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

Սոցիալական ցանցերի տարածմանը զուգահեռ սնկի նման սկսեցին աճել էջեր, որոնք վաճառում էին ձեռքի աշխատանքներ: Handmade զարդեր, աքսեսուարներ, հագուստ, սպասք, տան կահավորանք եւ այլ պարագաներ գովազդող էջերի հետեւորդներն ավելանում էին օրեցօր, գործը՝ ակտիվ զարգանում: Ձեռքի աշխատանքներ պատրաստողների ստեղծագործական մոտեցումներն ու մտքի թռիչքն անտարբեր չթողեց այն մարդկանց, որոնք նախընտրում էին լինել տարբերվող: Տարիներ առաջ ֆեյսբուքյան էջերից սկսած գործը ոմանք տեղափոխեցին խանութներ, ոմանք էլ շարունակեցին մնալ վիրտուալ վաճառքի կողմնակից:

Banks.am-ը ներկայացնում է ձեռագործ աշխատանքներով գումար վաստակողների պատմությունները, ինչպես նաեւ այդ աշխատանքների համար ստեղծված օնլայն տարածքն ու զարգացող բիզնեսի այս տեսակի հնարավորությունները եւ խնդիրները:

Վաճառքի օնլայն տարածք

Մոտ 4 տարի առաջ համացանցի հայկական տիրույթում հայտնվեց Hand-made.am կայքը, որի նպատակն էր վաճառքի մեկ հարթակում հավաքել ձեռագործ աշխատանքներ վաճառողներին, որոնք կներկայացնեն իրենց աշխատանքները, որոնց ձեռքբերումն ավելի հեշտ կլինի թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում: Ամիսներ առաջ վերագործարկված կայքում ձեռագործ աշխատանքներով զբաղվող արդեն մոտ 40 մարդ է գրանցված: Կայքի պատասխանատու Մարիաննա Կարապետյանի խոսքով՝ գրանցումն անվճար է, վաճառողը մինչեւ 5 աշխատանք կարող է անվճար տեղադրել, իսկ ավելի մեծ թվով ապրանքների համար արդեն կա սահմանված որոշակի գումար: Գործում է նաեւ վաճառված ապրանքը նորով փոխարինելու եւ կայքին գումար չվճարելու տարբերակը:

Gisaneh ձեռագործ աքսեսուարներ

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում հայտնի Gisaneh handmade accsessorie-ը պատրաստում է արծաթից եւ սովորական մետաղից հեղինակային զարդեր` բնական ծաղիկներով: Բոլոր զարդերը պատրաստվում են մեկ օրինակից: Տարիներ առաջ սոցիալական ցանցից մեկնարկած գործն այսօր տեղափոխվել է «Երեւան Մոլ», որտեղ այլ ձեռագործ աշխատանքների կողքին կարելի է գտնել նաեւ Հեղնար Պետրոսյանի աշխատանքները:


Gisaneh handmade accsessorie-ի զարդերը
Լուսանկարը՝ Հեղնար Պետրոսյանի արխիվից

Հեղնար Պետրոսյանը մասնագիտացել է մանկական գրքերի ձեւավորման մեջ, ուսանելու տարիներին եւս օգտագործել է չորացած ծաղիկները:

«Այնուհետեւ ավելի մնայուն եւ արժեքավոր իրեր ցանկացա ստեղծել ու 2010-ից սկսեցի զարդեր եւ աքսեսուարներ պատրաստել: Մարդիկ ակտիվ արձագանքում էին սոցցանցերում: Համացանցը հիմնականում տարածման համար էի օգտագործում: Հետագայում սրահում վաճառելու առաջարկ ստացա եւ տեղափոխեցի աշխատանքներս այնտեղ: Սրահում վաճառելն ավելի հարմար է, քանի որ մինչ այդ գնումները մարդկանց հասցնելու խնդիր կար, ես օնլայն խանութներից չէի օգտվում»,- ասում է նա՝ հավելելով, որ այս գործն իր համար ոչ թե բիզնես է, այլ սիրելի զբաղմունք:

«Նռանի»՝ մետաքսե հագուստ եւ շարֆեր

Մասնագիտությամբ նկարիչ Աննա Սողոմոնյանը նկարազարդումներ է անում հագուստի եւ շարֆերի վրա: Մետաքսի վրա արված բատիկաները կարելի է գտնել հուշանվերների խանութներում, ինչպես նաեւ ընտանիքի՝ Դիլիջանում գտնվող «Նռանի» խանութում:

Համացանցում հայտնի Armenia On Silk-ն օնլայն պատվերներ երբեմն ստանում է, սակայն հիմնական շեշտը դնում են խանութների վրա:  


Աննա Սողոմոնյանի նկարազարդած մետաքսե հագուստը
Լուսանկարը՝ Աննա Սողոմոնյանի արխիվից

Աննա Սողոմոնյանը պատմում է, որ «Նռանի» խանութը բացվել է երկու տարի առաջ:

«Հասկացանք, որ գործը զարգացնելու, սեփական աշխատանքները գնահատելու, վաճառելու համար պետք է մեր խանութն ունենանք»,- ասում է նա:

Գումար վաստակելու այս տարբերակի զարգացման հեռանկարները, ըստ Աննա Սողոմոնյանի, մեծ են:

«Եթե դա քո մասնագիտությունն է, դու դրա մեջ խորացած ես եւ ամբողջ կյանքիդ գործն ես սարքում, բնականաբար դառնում է ապրուստի միջոց: Բայց եթե դու հաշվապահ ես եւ միայն երեկոյան ես մի քիչ նկարում, բնական է՝ չի ստացվի»,- ասում է Աննան, որն արդեն 10 տարի է՝ զբաղվում է այս գործով:

Վահագն Դայանի կավե սպասքը

Արդեն 10 տարի կավե ձեռագործ սպասքի պատրաստմամբ զբաղվող Վահագն Դայանն իր աշխատանքները վաճառում է Վերնիսաժում: Նրա համար եւս այս գործը գումար վաստակելու լավ տարբերակ է:

«Ես աշխատող եմ, դրա համար գումարն էլ եմ շատ աշխատում: Հատկապես մեծ պահանջարկ ունեն հին հայկական ոճի կժերը, հաճախ սրահներից գալիս են Վերնիսաժ, գնում դրանք ու վերավաճառում: Իմ սպասքը նաեւ ռեստորաններին եմ վաճառում: Գները տատանվում են 5 հազ-ից 12 հազ-ի միջակայքում»- ասում է Վահագնը:

Ձեռագործ հագուստ

Արդեն 7 տարի է՝ Գայանեն վաճառում է իր գործած հագուստը: Նրա ստեղծագործած նախշերն էլ հագուստի հիմնական գրավչությունն են: Գայանեի ձեռագործ աշխատանքները նաեւ դուրս են գալիս Հայաստանի սահմաններից ու հասնում Ռուսաստանի Դաշնություն: Տարիներ առաջ տանը հիմնած գործը դարձել է Գայանեի կյանքի անբաժան մասը: Աշխատանքները տարածելու, ինչպես նաեւ արտասահմանում վաճառելու հարցում նրան հիմնականում ծանոթներն են օգնել:


Ձեռագործ հագուստ
Լուսանկարը՝ Գայանեի արխիվից

«Հիմնականում ծանոթների շրջանում էլ վաճառում եմ: Հետագայում նաեւ օնլայն խանութներում տեղադրեցի աշխատանքներս, այդպես եւս տարածվեց: Հավատարիմ գնորդներ ունենք: Այժմ մեզ մեծածավալ պատվերներն են հետաքրքրում»,- ասում է նա:   

Խնդիրներ եւ հեռանկարներ

Hand-made.am կայքի ստեղծողները նպատակ ունեին Հայաստանում բարելավել օնլայն վաճառքի մշակույթը, որը, նրանց խոսքով, շատ թերի է զարգացած: Կայքում այս պահին կարելի է օնլայն գնում կատարել թե՛ բանկային քարտով, թե՛ PayPal համակարգով:

«Ցանկության դեպքում մենք կարող ենք մեր PayPal-ի հաշիվը տրամադրել վաճառողին, սակայն այդ համակարգը Հայաստանում լավ զարգացած չէ: Վաճառողն ունի այդ ցանկությունը, ինքը կարող է գնալ փոստ, ուղարկել, սակայն մարդկանց մոտ վստահության պակաս կա, դեռ խորհրդային տարիների մտածելակերպն է մնում: Այդ մշակույթը չկա. մարդիկ մտածում են՝ փողը տվեցինք, բայց ապրանքը կգա՞, թե՞ չի գա»,- ասում է կայքի պատասխանատու Մարիաննա Կարապետյանը:


Hand-made.am կայքը

Նա նկատում է, որ հայկական շուկայում օնլայն գնումները հիմնականում բանկային քարտերի միջոցով են կատարում, սակայն, ամեն դեպքում, գերակշռում է զանգելու, պայմանավորվելու եւ ապրանքը վերցնելու տարբերակը: Շատերը նաեւ չունեն բանկային քարտեր:

Օնլայն վաճառքի լավ օրինակներ եւս կան: Մարիաննա Կարապետյանը պատմում է, որ գնումներ են ունեցել Հնդկաստանից: Գնորդը PayPal համակարգով վճարել է, աշխատանքներն ուղարկվել են Հնդկաստան:

«Խնդիրը նաեւ այն է, որ տարբեր մարդիկ տարբեր կերպ են ընկալում ձեռագործ աշխատանքները, չկա այդ գիտակցությունը, որ դա ստեղծագործական աշխատանք է, ինչի համար բարձր գին են սահմանում: Գնային հարաբերության հարցը եւս կա հայկական շուկայում: Մարդիկ վաճառողի աշխատանքը չեն կարողանում գնահատել»,- ասում է Մարիաննա Կարապետյանը:

Մարի Թարյան

Դիտում՝ 8081
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW