Գերմանական KfW բանկի եւ ՀՀ Կենտրոնական բանկի (ԿԲ) միջեւ «Վերականգնվող էներգիայի աջակցություն» վարկային ծրագրի շրջանակում կնքված համաձայնագրով շուտով հասանելի կլինի արեւային ջրատաքացուցիչների համար նախատեսված նոր վարկատեսակը:Այս մասին Banks.am-ին հայտնել է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը եւ նշել, որ այն կտրամադրվի վերոնշյալ ծրագրի երրորդ փուլի հատկացումներով:«Ծրագրի առաջին եւ երկրորդ փուլերը նախատեսված էին փոքր հէկերի համար, երրորդ փուլը՝ վերականգնող էներգետիկ այլ աղբյուրների զարգացման համար: Երկար ուսումնասիրություններից ու քննարկումներից հետո եկանք այն եզրակացության, որ ներկայում ամենաարագ զարգացող, շահավետ եւ արդյունավետության մեծ ներուժ ունեն արեւային ջրատաքացուցիչները»,- ասել է Հայկ Հարությունյանը:Մեր զրուցակիցը նշել է, որ նոր՝ արեւային ջրատաքացուցիչների համար նախատեսված վարկային պրոդուկտը լինելու է ՀՀ դրամով:«ՀՀ Կենտրոնական բանկի կողմից մասնավոր բանկերի համար սահմանվելու է առավելագույն 10.5% տոկոսադրույք: Վարկի մարման ժամկետը կախված կլինի ծրագրի հետգնման ժամկետից. եթե համակարգը հետգնումն ապահովի 5 տարվա ընթացքում, ինչը նման համակարգերի դեպքում ընդունված ժամկետ է, ապա ժամկետը կլինի հինգ տարի: Վարկային պրոդուկտը կառաջարկվի գրեթե բոլոր բանկերի եւ մի քանի լիզինգային ընկերությունների կողմից, որոնք արդեն իսկ աշխատում են ԿԲ-ի հետ»,- ասել է էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարարը:Հայկ Հարությունյանը նշել է, որ որոշակի ծավալից ցածր վարկերի դեպքում մյուս պրոդուկտների համար գործող համաֆինանսավորման 70%/30% պարտադիր պահանջը կհանվի:«Օգտվելով այս պրոդուկտից՝ վարկառուն առանց սկզբնական գումար վճարելու կստանա արեւային ջրատաքացուցիչ եւ համակարգի՝ ճիշտ տեղադրված լինելու դեպքում կվճարի իր վարկային պարտավորությունները բացարձակապես խնայողությունների հաշվին: Փորձում ենք այնպես անել, որ վարկառուի վրա լրացուցիչ բեռ չդրվի»,- ասել է փոխնախարարը:Նրա փոխանցմամբ՝ իրավական դաշտը կարգավորված է, եւ առաջիկա շաբաթների ընթացքում վարկային պրոդուկտը հասանելի կլինի:Խոսելով ակնկալվող արդյունքի մասին՝ Հայկ Հարությունյանը հավելել է.«Պրոդուկտի ներկայացումից հետո ակնկալում ենք արեւային ջրատաքացուցիչների համատարած կիրառում, ինչը, ըստ մեր ուսումնասիրությունների, կարող է ապահովել բնակչության տաք ջրի կարիքները եւ բերել գազի միջինը 80%-ի խնայողության»,- ասել է նա:Սիրանուշ Եղիազարյան Tweet Դիտում՝ 14546