Moody's-ը Հայաստանի սուվերեն վարկանիշի հեռանկարը դրական է գնահատել

12.03.2018 | 16:28 Գլխավոր էջ / Նորություններ /
#Moody's #ԿԲ #կանխատեսում
Մարտի 9-ին Moody's վարկանշային կազմակերպությունը, անփոփոխ թողնելով արտարժույթով եւ ազգային արժույթով Հայաստանի կառավարության երկարաժամկետ պարտավորությունների թողարկման սուվերեն վարկանիշները (B1), փոխել է այդ վարկանիշների հեռանկարը՝ «կայուն»-ից դարձնելով «դրական»:

Ինչպես նշել են ՀՀ ԿԲ-ում, Հայաստանի սուվերեն վարկանիշի հեռանկարը «դրական» դարձնելը վկայում է այն մասին, որ Moody's-ը մոտակա 12-18 ամիսների կտրվածքով Հայաստանի տնտեսական զարգացումները գնահատում է դրական:

«Դրական հեռանկարը հիմնված է արդյունավետ մակրոտնտեսական քաղաքականությունների վրա, որոնք վկայում են Հայաստանի ինստիտուցիոնալ կարողությունների բարելավման եւ հնարավոր արտաքին ցնցումների նկատմամբ երկրի տնտեսության խոցելիության նվազման մասին: Ավելին, Moody's-ն ակնկալում է, որ ֆիսկալ կառուցվածքի շարունակական բարեփոխումները ժամանակի ընթացքում կամրապնդեն երկրի հարկաբյուջետային դիրքը»,- ասված է հաղորդագրությունում:

Երկրի սուվերեն վարկանիշի հեռանկարի փոփոխման հետ մեկտեղ՝ Moody's-ը երկու մակարդակով բարձրացրել է ազգային արժույթով պարտատոմսերի եւ բանկային ավանդների Հայաստանի վարկանիշների վերին սահմանաչափերը՝ դրանք Ba2-ից դարձնելով Baa3:

Սա ներդրումային մակարդակի գնահատական է, որի շնորհիվ Հայաստանի մասնավոր հատվածի ձեռնարկությունները կամ ֆինանսական հաստատությունները Moody's-ի կողմից վարկանշման դեպքում ազգային արժույթով պարտատոմսերի եւ բանկային ավանդների համար կարող են ստանալ սուվերեն վարկանիշից (B1) չորս մակարդակ բարձր վարկանիշ (Baa3):

Moody's-ը մատնանշել է նաեւ այն ռիսկային գործոնները, որոնք հիմք են հանդիսացել երկրի սուվերեն վարկանիշն անփոփոխ թողնելու եւ այդ վարկանիշի հեռանկարը «կայուն»-ից «դրական»-ի փոխելու համար:

Որպես դրական ազդող գործոններ նշվել են՝

-Բարձր, թեեւ տատանողական, ՀՆԱ աճը,
-Մակրոտնտեսական կայունությանն աջակցող քաղաքականություններ իրականացնող ինստիտուտների ամրապնդումը,
-Արտոնյալ վարկերի մեծ տեսակարար կշռի շնորհիվ պետական պարտքի մատչելիության բարձր մակարդակը:

Հայտարարության մեջ նշվում է, որ Հայաստանի սուվերեն վարկանիշը կբարձրանա այն դեպքում, երբ տնտեսական եւ/կամ ինստիտուցիոնալ բարեփոխումները տանեն տնտեսական մրցունակության եւ ինստիտուցիոնալ կարողությունների հետագա կայուն բարելավմանը: Վարկանիշի բարձրացմանը կնպաստի նաեւ Moody's-ի սպասածից ավելի Հայաստանի պարտքի բեռի տեւական եւ նկատելի նվազումը:

Ըստ Moody's-ի կանխատեսման՝ Հայաստանի պետական պարտք/ՀՆԱ գործակիցը 2018թ. վերջում կկազմի 56,5%, իսկ 2019թ. վերջում՝ 54,2%:
Դիտում՝ 7282
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW