ՀՀ Կենտրոնական բանկը բարելավել է 2017թ. Հայաստանի տնտեսական աճի իր կանխատեսումները եւ սահմանել այն 3,3-4,8%՝ վերանայումը պայմանավորելով բացառապես ներքին պահանջարկով:Այս մասին ասված է ՀՀ Կենտրոնական բանկի` այսօր հրապարակած «Գնաճի հաշվետվություն»-ում:Համեմատության համար նշենք, որ ԿԲ-ն նախորդ զեկույցում այս ցուցանիշը կանխատեսում էր 2,2-3,2%-ի միջակայքում:«2017թ. առաջին եռամսյակում տնտեսական ակտիվությունը կանխատեսումների համեմատ բավական բարձր է եղել՝ հիմնականում պայմանավորված արդյունաբերության եւ ծառայությունների ոլորտում թողարկման ծավալների աճով: Ելնելով դրանից՝ ԿԲ-ն 2017թ. տնտեսական աճի կանխատեսումը վերանայել է դեպի վերեւ»,- ասված է զեկույցում:Արդյունաբերության ճյուղի 2017թ. կանխատեսումներն էականորեն վերանայվել են աճի ուղղությամբ՝ պայմանավորված տարեսկզբին վերամշակող արդյունաբերության ոլորտում նկատվող բարձր տնտեսական ակտիվությամբ եւ հանքահումքային գների սպասվող ավելի բարձր մակարդակով: Արդյունքում՝ 2017թ. արդյունաբերության ճյուղում կանխատեսվում է ավելացված արժեքի 7,2-8,4% աճ: Շինարարության եւ գյուղատնտեսության ոլորտներում ավելացված արժեքի կանխատեսումները նախկինի համեմատ էականորեն չեն փոխվել: Մասնավորապես, 2017թ. շինարարության ոլորտում ակնկալվում է 1,8-2,5% անկում, իսկ գյուղոլորտում՝ 3,6-4,4% աճ:Ծառայությունների ճյուղում 2017թ. ավելացված արժեքի աճը գնահատվում է 3,4-4%, որն ավելի բարձր է նախորդ կանխատեսումների համեմատ՝ պայմանավորված առաջին եռամսյակում ոլորտում արձանագրված բարձր տնտեսական ակտիվությամբ:Տնտեսական աճի միջնաժամկետ կանխատեսումները չեն վերանայվել եւ գնահատվում են 2018թ. համար 2,7-4,5%, իսկ 2019թ. համար՝ 3,1-5,2%:Ինչ վերաբերում է գների կայունությանը, ԿԲ կանխատեսմամբ՝ մինչեւ տարեվերջ գնաճը կշարունակի ընդլայնվել՝ ձեւավորվելով տատանման թույլատրելի միջակայքի ստորին հատվածում, իսկ կանխատեսման հորիզոնում (մինչեւ 2018թ. երկրորդ եռամսյակ) կկայունանա նպատակային 4% ցուցանիշի շուրջ:«Հաշվի առնելով այն գնահատումը, որ առկա դրամավարկային պայմանները շարունակում են մնալ խթանող՝ նպաստելով ամբողջական պահանջարկի վերականգնմանն ու թիրախային մակարդակի շուրջ գնաճի կայունացմանը, ԿԲ-ն նպատակահարմար է գտնում երկրորդ եռամսյակում դրամավարկային պայմանները թողնել անփոփոխ»,- նշել են ԿԲ-ում: Tweet Դիտում՝ 2931