Հայաստանում օրգանական եւ բնական միրգ-բանջարեղենից պատրաստված պահածոներով, մուրաբաներով եւ հյութերով բարձված բեռնատարը նախօրեին ուղեւորվել է Արաբական Միացյալ Էմիրություններ՝ 5+-աստղանի հյուրանոցներին մատակարարելու համար։ Պայմանագիրը «Թամարա Ֆրութ» եւ Al Falaj ընկերությունների միջեւ կնքվել էր Հայաստանի զարգացման հիմնադրամի եւ գործընկեր կառույցի՝ Աբու Դաբիի Առեւտրի պալատի կազմակերպած «Հայաստան-Արաբական Միացյալ Էմիրություններ» ներդրումային համաժողովի ընթացքում։ Արաբական գործընկերն արդեն 15 կոնտեյներ հայկական օրգանական եւ բնական արտադրանք է պատվիրել։ Հայկական արտադրանքն արաբական երկրների հյուրանոցներում կտարածվի NOHF (Natural organic healthy food- բնական, օրգանական, առողջ սնունդ) մակնշմամբ:Հայաստանի զարգացման հիմնադրամի նորանշանակ գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը, Արտահանման գծով տնօրեն Հայկ Միրզոյանը եւ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության Ճյուղային տնտեսական քաղաքականության վարչության պետ Արմեն Եգանյանն այցելել են «Թամարա Ֆրութ»-ի պահեստներ, հետեւել արտահանման ընթացքին, գործարարի հետ քննարկել հնարավոր խնդիրներն ու աջակցման նոր ծրագրեր։ «Հիմնադրամը շարունակելու է գործունեությունն արտահանման զարգացման ուղղությամբ, քանի որ արտահանումը Հայաստանի տնտեսության լոկոմոտիվներից է»,- ասել է Արմեն Ավակ Ավակյանը։ «Համագործակցությանն էապես նպաստեց մարտին 22-ին Աբու Դաբիի ներդրումային համաժողովը՝ ՀՀ նախագահի մասնակցությամբ։ Այն բավականին արագացրեց գործընթացը։ Մարդիկ հավատացին, վստահեցին Հայաստանին»,- նշել է «Թամարա Ֆրութ» ընկերության տնօրեն Բորիս Հովհաննիսյանը։«Այս արտադրանքի ե՛ւ որակը, ե՛ւ գինը համապատասխանում է արաբական շուկայի պահանջներին ու գներին»,- նկատել է «Ալ Ֆալաջ» ընկերության գործադիր տնօրեն Համադ Ալ Շահեյը։ Tweet Դիտում՝ 50819