STEP վենչուրային կոնֆերանսի շրջանակում մրցում են 15 ներդրումային ծրագրեր
04.12.2014 | 14:09 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ Facebook

Այսօր մեկնարկել է Գիտության եւ տեխնոլոգիաների ձեռներեցության ծրագրի (STEP) վենչուրային ամենամյա կոնֆերանսը, որի ընթացքում 65 հայտերից ընտրված լավագույն 15 ներդրումային ծրագրերը կներկայացվեն ԱՄՆ-ի եւ Հայաստանի փորձագետներից բաղկացած ժյուրիին:
Ծրագրերը մշակվել են «Գաղափարից դեպի շուկա» դրամաշնորհային ծրագրի շրջանակում` տեղեկատվական, հեռահաղորդակցման եւ բարձր տեխնոլոգիաների, ճարտարագիտության, մաքուր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության ոլորտներում:
Մրցույթը կունենա 5 հաղթող: Դրանցից երեքը կստանան յուրաքանչյուրը $15 հազ., իսկ 2-ը՝ $7500:
Ժյուրիի կազմում են General Ideas ամերիկյան ընկերության նախագահ Մարտին Կազուբովսկին, «Այբ» դպրոցի տնօրեն Արամ Փախչանյանը եւ Գրանատուս Վենչուրս ընկերության ներկայացուցիչ Աշոտ Արզումանյանը:
«Ուրախալի է, որ այս տարի ունենք քանակական աճ: Նմանատիպ մրցույթներում հաշվի է առնվում ոչ միայն գաղափարը, այլեւ թե որքանով է այն իրատեսական իրականացման փուլում: Թիմը պետք է կարողանա համոզել, որ ինքն ի զորու է այդ աշխատանքն առաջ տանել: Ինչ վերաբերում է որակական փոփոխություններին, ապա գաղափարները դարձել են ավելի գլոբալ: Եթե մենք՝ լինելով փոքր երկիր, կենտրոնանանք նման գաղափարների իրականացման վրա, շահութաբերությունը շատ ավելի բարձր կլինի: Առաջընթաց է նաեւ այն, որ թիմերը ներկայանալուց առաջ ուսումնասիրում են շուկան, շատերն արդեն նախատիպերի վրա են աշխատում եւ պատրաստի պրոդուկտ ունեն: Մենք կարողացանք նրանց օգնել հասկանալ, որ սա ընդամենը քայլ է դեպի շատ ավելի մեծ ներդրումներ, այլ ոչ թե զուտ գումար շահելու մրցույթ»,- լրագրողների հետ զրույցում ասել է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը:
«Արդեն 6-րդ անգամ եմ Հայաստանում: Երբ առաջին անգամ եկա այստեղ, մրցույթին 10-15 ընկերություն էր ներկայացված. այսօր դրանց թիվն արդեն 65 է, ինչը մեծ առաջընթաց է»,- ասել է General Ideas ամերիկյան ընկերության նախագահ Մարտին Կազուբովսկին:
«Չհաղթած գաղափարները չեն մնա օդում: Էկոնոմիկայի նախարարությունը նախաձեռնում է ծրագիր, որի շնորհիվ վերջիններս որպես պատրաստի ներդրումային ծրագրեր կընդգրկվեն նախարարության շտեմարանում եւ հավանական ներդրողների հետ բանակցությունների ժամանակ կներկայացվեն»,- ասել է Էկոնոմիկայի փոխնախարար Էմիլ Տարասյանը:
STEP ծրագիրն իրականացվում է 2006 թ-ից եւ նպատակ ունի օգնել ճարտարագետներին, հետազոտողներին եւ գիտնականներին շուկայում ներկայացնել իրենց նորարարական ապրանքները, ստեղծել նոր վենչուրային ձեռնարկություններ եւ արդյունավետ համագործակցություն ծավալել գործող ընկերությունների հետ:
Մրցույթը կազմակերպել են Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը եւ ԱՄՆ Քաղաքացիական հետազոտությունների զարգացման հիմնադրամը:
Վերջին լուրեր
21.03.2025 | 19:31 Նորություններ
ՀԲՄ կողմից տրվեց «Բանկային գործ» ուսումնական նոր ծրագրի մեկնարկը
21.03.2025 | 17:12 Նորություններ
21.03.2025 | 16:10 Նորություններ
PayLink. Վճարումներ ընդունելու նոր ու պարզ լուծում բիզնեսի համար
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: