Այս ամռանը ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը (UNDP) եւ Մանկական հիմնադրամը (UNICEF) նախաձեռնեցին Kolba Labs ծրագիրը, որի նպատակն է աջակցել Հայաստանի տարբեր մարզերի եւ Երեւանի երիտասարդներին ստեղծել իրենց սոցիալական բիզնեսը: Kolba Labs անվանումն ընտրվել էր նախագիծը պատկերավոր ներկայացնելու համար. կոլբայում ավելացնում ու խառնում են տարբեր տարրեր, եւ արդյունքում նոր բան է ստեղծվում: Վերջերս ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում կայացավ ծրագրի ամփոփումը, որի արդյունքում նախնական հայտ ներկայացրած 144 գաղափարներից հաղթեցին երեքը: Banks.am-ը զրուցել է հաղթող ճանաչված 3 բիզնես-նախագծերի հեղինակների հետ: Տեսնող ձեռքեր«Տեսնող ձեռքեր»՝ ահա այսպիսի անվանում է կրում Մարիամ Դիլբարյանի ներկայացրած նախագիծը, որով նախատեսվում է Երեւանում հիմնել մերսման ծառայություններ մատուցող կենտրոն, որտեղ կաշխատեն կույր մերսողներ: Ինչպես նշել է Մարիամ Դիլբարյանը, այս նախագծով նա մտադիր է լուծել մի քանի կարեւոր խնդիրներ:«Թիրախային սոցիալական խնդիրը, որին նախագիծը ուղղված է՝ հաշմանդամների, հատկապես կույրերի` հասարակության լիարժեք անդամ զգալն է: Այս նախագծով մենք ստեղծելու ենք նրանց համար աշխատատեղ եւ հնարավորություն շփվելու ոչ հաշմանդամ մարդկանց հետ: Մյուս կողմից՝ մեր սրահը առաջարկելու է նոր որակի մերսում նստակյաց աշխատանքային կենսակերպ վարող մարդկանց համար: Այս առումով նախատեսում ենք մերսողներին նախապես վերապատրաստել հատուկ թրենինգների միջոցով»:Մարիամը վստահ է, որ իր նախագիծը հաջողակ է լինելու. «Կենտրոնը կունենա մրցակցային առավելություններ: Նախ՝ կույր մերսողներն ավելի արդյունավետ են մերսում՝ դա պայմանավորված է նրանց շոշափելիքի գերզարգացած լինելով: Երկրորդ՝ մերսման չհաճախողների որոշ մասը անհարմարություն է զգում մերկ լինելուց, իսկ կույր մերսողների դեպքում այս հանգամանքն ինքնին բացառվում է: Կարծում եմ, կենտրոնի առավելություններից է նաեւ դրա գտնվելու վայրը. նախատեսվում է, որ այն կգործի Հերացի փողոցի վրա»,- եզրափակել է Մարիամ Դիլբարյանը:Ֆաստ Էկո «Ֆաստ էկո» նախագիծը ենթադրում է օրգանական սննդի արագ սպասարկման ծառայության կազմակերպում: Բիզնես-նախագծի հեղինակներ Կարեն Բալդրյանը եւ Հարություն Ապրեսյանը Banks.am-ի հետ զրույցում նշել են առողջ սննդի խնդրով մտահոգված լինելու իրենց դրդապատճառները:«Երեք տարի է, ինչ աշխատում ենք Երեւան քաղաքում արագ սնունդ առաջարկող կետերի հետ` նրանց մատակարարելով անհրաժեշտ հումք: Սեփական փորձից գիտենք, որ օգտագործվող հումքը հաճախ գենոմոդիֆիկացված է: Դա սննդի մշակման այնպիսի եղանակ է, երբ մի շարք սննդամթերքների մեջ տարբեր եղանակներով սնուցում են ձկան եւ այլ կենդանատեսակների գեներ եւ բջիջներ՝ ապահովելով սննդի բարձր արտադրողականություն, դիմացկունություն եւ գեղեցիկ տեսք: Իսկ դա սպառնալիք է բոլորիս առողջությանը»:«Ֆաստ Էկո» նախագծի օգնությամբ Կարեն Բալդրյանն ու Հարություն Ապրեսյանը մտադիր են լուծել երկու սոցիալական խնդիր: Նախ՝ ցանկանում են սպառողին առաջարկել օրգանական մթերքից պատրաստված առողջ սնունդ եւ, մյուս կողմից, օժանդակել փոքր ֆերմերային տնտեսություններին` գնելով նրանց գյուղատնտեսական ապրանքը: Դրա հետ մեկտեղ, ծրագրի առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ օրվա վերջում չօգտագործված մթերքը տրամադրվելու է կարիքավորներին՝ բացառելով դրա օգտագործումը հաջորդ օրը: Բյուրականի չորանոց«Բյուրական գյուղում բերքի կառավարման խնդրի լուծում» վերնագրի ներքո Աննա Հովհաննիսյանը ներկայացրել էր 3 բիզնես-նախագիծ: Արդյունքում հաղթող ճանաչվեց «Բյուրականի չորանոց» նախագիծը, համաձայն որի Բյուրական գյուղում նախատեսվում է կառուցել չրի պատրաստման արտադրամաս:«Ոչ միայն Բյուրականում, այլեւ Հայաստանի գյուղերի մեծ մասում գյուղացիներն ունեն բերքի իրացման խնդիր: Նրանք իրենց բերքը չեն տանում վաճառելու, իսկ տեղում չսպառվելու դեպքում միրգը եւ բանջարեղենը պարզապես փչանում են: Չորանոցը մասամբ կլուծի բերքի սպառման խնդիրը, միաժամանակ, մենք հնարավորություն կունենանք ստեղծել աշխատատեղեր գյուղի բնակիչների համար»,- ասել է նախագծի հեղինակը:Աննայի կարծիքով, առաջնային իրացման խնդիր չեն ունենա: «Վերլուծել ենք մի շարք հետազոտական կենտրոնների, մասնավորապես, բրիտանական Օքսֆամ ընկերության ուսումնասիրությունները: Դրանք փաստում են, որ բնական հումքից պատրաստված չրի նկատմամբ բավական մեծ պահանջարկ կա: Այցելելով Հայաստանի մարզեր` մեր նախաձեռնությամբ իրականացրել ենք նաեւ պահանջարկի գնահատում եւ պայմանավորվածություն ձեռք բերել վաճառքի մի քանի կետերի հետ»,- նշել է Աննա Հովհաննիսյանը :Kolba Labs. մեկնարկից մինչեւ ամփոփում«Kolba Labs-ը նախապես ստացել էր 144 հիանալի գաղափարներ, որոնցից ընտրվեցին 26-ը: Ընտրության հիմքում երկու չափանիշ էր. գաղափարը պետք է լուծի սոցիալական խնդիր եւ, միաժամանակ, լինի եկամտաբեր ու հեռանկարային», - Banks.am-ի հետ զրույցում հայտնել է ծրագրի լոգիստիկայի պատասխանատու Հեղինար Մելքոմ Մելքոմյանը եւ ներկայացրել ծրագրի ընթացքը.«Հաշվի առնելով, որ գաղափարները Հայաստանի տարբեր մարզերից էին, կազմակերպվեցին 2 սոցիալական բիզնես-ճամբարներ. մեկը՝ հոկտեմբերի 10-ին Վանաձորում, մյուսը` հոկտեմբերի 19-ին Երեւանում: Ճամբարների ընթացքում երիտասարդները ներկայացրեցին իրենց գաղափարները, հավաքագրեցին թիմ, ստացան բիզնես-խորհրդատվություն եւ ուղղորդում մենթորների կողմից: Վերջիններս տարբեր ոլորտի մասնագետներ էին: Բիզնես ճամբարների արդյունքում ժյուրիի կողմից ընտրվեցին 10 գաղափարներ, որոնք մրցեցին երեւանյան եռօրյա աշխատաժողովում: Դրանք ներառեցին մի շարք դասընթացներ եւ սեմինարներ՝ ուղղված բիզնես ոլորտում հմտություններ ձեռք բերելուն եւ ծրագրերը լավագույնս իրագործելուն: Մասնակիցներին գործնական հաջողակ բիզնես օրինակներ ներկայացրեցին «Newbury street» սրճարանի հիմնադիր Հայկ Զոհրաբյանը եւ «The Green Bean» սրճարանի հիմնադիրներից մեկը՝ Իրինա Ղափլանյանը: Իսկ արդեն երրորդ օրն ընտրվեցին հաղթող երեք գաղափարները, որոնք կստանան ֆինանսական եւ խորհրդատվական աջակցություն»:«Մարդամիջյան» նորարարությունից` սոցիալական ձեռնարկատիրությունՆախորդ երկու տարիներին ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը եւ «Եվրասիա համագործակցություն» հիմնադրամը կազմակերպել էին «Մարդամեջ» սոցիալական նորարարական ճամբարները, որոնք հիմք են հանդիսացել Kolba Labs-ի նախաձեռնման եւ իրականացման համար: ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշակման խորհրդատու Ջորջ Հոդջի խոսքերով, «Մարդամեջ» սոցիալական ճամբարների ընթացքում դժվարություններ էին լինում բիզնես ոլորտին եւ կառավարությանն այս գործընթացին ներգրավելու հարցում, իսկ Kolba Labs-ը բաց է բիզնեսների, սոցիալական ներդրումային հիմնադրամների, հասարակական եւ պետական կազմակերպությունների համար: «Այսօր արդեն ՀԲԸՄ-ն եւ Երեւանի քաղաքապետարանը նախատեսում են իրենց երիտասարդական դրամաշնորհային միջոցների մի մասը ուղղել Kolba Labs-ի արդյունքում գեներացված վենչուրներին»,- Banks.am-ի հետ զրույցում նշել է Ջորջ Հոդջը:Նրա փոխանցմաբ, Kolba Labs-ի պարագայում կարեւորվում է խնդիրների լուծման նկատմամբ մոտեցման փոփոխությունը`«վերեւից ներքեւ»-ի փոխարեն «ներքեւից վերեւ», քանի որ «համայնքի սոցիալական խնդիրները ոչ ոքու այնքան չեն անհանգստացնում, որքան հենց այդ համայնքի բնակիչներին»:«Այս ամենի հետ մեկտեղ Kolba Labs-ը մեզ համար էքսպերիմենտ էր, եւ հաջորդ տարի, հավանական է, ձեւաչափը որոշ չափով փոխվի»,- եզրափակել է Ջորջ Հոդջը:Պատրաստեց Շուշան Մարգարյանը: Tweet Դիտում՝ 4976