Կոնվերս Բանկի գլխավոր հաշվապահ Գոհար Հարությունյանի հարցազրույցը Մեդիամաքս գործակալությանը եւ Banks.am պորտալին- Գոյություն ունի կարծրատիպ, համաձայն որի հաշվապահները, որպես կանոն, խիստ եւ հաշվենկատ մարդիկ են: Միգուցե այլ կերպ չէր էլ կարող լինել, չէ՞ որ մշտապես գործ ունես անվերջ ու «լուռ» թվերի հետ: Իսկ Դուք խի՞ստ, կամ/եւ հաշվենկա՞տ մարդ եք: - Թերեւս ճիշտ եք, վաղուց ստեղծված կարծրատիպը, որ հաշվապահը գորշ, հետաքրքրությունների նեղ շրջանակով խիստ մարդ է, իմ կարծիքով, ձեւավորվել է նրանց չափից դուրս մեծ նվիրումի, պատասխանատվության ու աշխատասիրության պատճառով: Մեր աշխատանքը պահանջում է մեծ կենտրոնացում ու ջանասիրություն, որովհետեւ հաշվապահի ցանկացած սխալը կարող է անդառնալիորեն ազդել եւ կազմակերպության, եւ անհատի կարիերայի վրա: Միշտ արդարանում եմ ու բոլորին բացատրում, որ հաշվապահի պահանջկոտությունն ու համառությունը զուտ մասնագիտական են եւ կապ չունեն բնավորության հետ: Ոչ մի մասնագիտություն այդքան կաղապարված չէ «ստանդարտներով», որքան հաշվապահությունը` երեւակայելու ու ստեղծագործելու ոչ մի հնարավորություն: Ամենակարեւորը հաշվեկշռի պահպանումն է աշխատանքի ու կյանքի միջեւ, այն է՝ թույլ չտալ, որ պահպանողական, չոր ու կոշտ մասնագիտությունը ներխուժի անձնական կյանք: Իսկ թվերը, ինչպես նշեցիք, անվերջ ու «լուռ» չեն լինում` դրանք ավելի քան խոսուն են լավ ֆինանսիստի համար: Մի քանի ցուցանիշ, որոնք ձեր ներկայացմամբ «լուռ» թվեր են, կազմակերպության մասին կարող են բարձրաձայնել ավելին, քան բարձրագոչ ճառերը: Հաշվապահի մասնագիտական հաճույքն ես կնմանեցնեի դպրոցական տարիքում մաթեմատիկական բարդ խնդիր լուծելուց հետո ստացած «դռայվի » հետ:Իսկ հաշվենկատությունը միայն աշխատանքիս մեջ է, կյանքիս մնացած բնագավառներում այն բացակայում է:- Ենթադրում եմ, որ հաշվապահի աշխատասեղանի վրա ասեղ գցելու տեղ դժվար թե լինի՝ բազմաթիվ հաշիվներ, ակտեր, պայմանագրեր... Ինչպիսի՞ն է Ձեր աշխատասեղանը, եւ որքանո՞վ է այն \"բեռնաթափվել\" հաշիվների՝ էլեկտրոնային եղանակով դուրս գրելու գործընթացի մեկնարկից հետո:- Իմ առաջին մասնագիտական պրակտիկան մոտ 25 տարի առաջ էր` «Տնտկուլտառ»-ի («Хозкультторг») հաշվապահությունում: Գլխավոր հաշվապահի սեղանն իմ մինչ օրս տեսած բոլոր աշխատասեղաններից ամենամեծն էր ու ամբողջությամբ ծածկված փաստաթղթերով: Մինչեւ հիմա զարմանում եմ՝ ինչպե՞ս էր գլխավոր հաշվապահը կողմնորոշվում այդ փաստաթղթերի քանակության մեջ: Այժմ շատ բան է փոխվել` սեղանիս վրա մասնագիտական գրականություն կամ օրենսդրական փաստաթղթեր, հաշվետվություններ, պայմանագրեր կամ թղթային գրագրություն համարյա թե չկան` դրանց էլեկտրոնային, թվայնացված տարբերակներն ինձ հասանելի են ամենուրեք: Ցավոք, մեր գործնական շփումները նույնպես թվայնացվել են` դա էլ դարի թելադրանքն է: Հաշիվների` էլեկտրոնային դուրս գրման ու հարկային հաշվետվությունների էլեկտրոնային ներկայացման կարգերը հեղաշրջում էին հարկային վարչարարության գործընթացում, միայն թե դա դեռ զարգացման ու արմատավորման մեծ ճանապարհ ունի անցնելու:- Տուն գնալուց թվերը «թողնո՞ւմ եք» աշխատասենյակում, թե՞ դրանք միշտ Ձեր մտքում են: Ի՞նչ եք հասցնում անել տանը լարված աշխատանքային օրվանից հետո:- Ինչպես եւ բոլոր աշխատող կանայք, պարտավոր եմ մասնագիտական ու ընտանեկան պարտականություններս համատեղել այնպես, որ ոչ մի կողմը չտուժի: Ի տարբերություն տղամարդկանց, մենք ստիպված ենք «պայքարել» երկու ճակատով: Այստեղ նորից ինձ “փրկում են” մասնագիտական գիտելիքներս ու հավասարակշռելու վարպետությունս` նվազագույն ժամանակահատվածում հասնում եմ առավելագույն արդյունքի, հասցնում եմ եւ՛ երեխաներով զբաղվել, եւ՛ կենցաղային հոգսեր հոգալ, եւ՛ մշակութային կյանքով հետաքրքրվել: Քանի որ աշխատանքս հաճախ է խլում ընտանիքիս բաժին ընկնող օրվա մասնաբաժնից, աշխատում եմ տանն ընդհանրապես մտքիցս հանել «թվերը» ու վայելել օրս: Ասեմ, որ սահմանազատումս շատ խիստ է, ու աշխատանքային պայմաններում նույնպես չեմ «հիշում» տունս: «Ղեկավար կին» ռեժիմից տանը հեշտությամբ անցնում եմ «կին, մայր, դուստր, քույր» ռեժիմին: Փառք Աստծո, որ ամուսինս ու տղաներս ըմբռնումով են մոտենում «չհասցրած» ու «անհետեւողական» մնացած տնային գործերիս:- Ձեր պատկերացմամբ, ինչպիսի՞ն պետք է լինի կին բանկիրի dress-code-ը:- Կին բանկիրի dress code-ը, ցավոք, սահմանափակ ու չափազանց խիստ է` ուշադրություն չհրավիրող ու «գունատ», թեթեւ դիմահարդարմամբ: Երբեմն փորձում եմ որեւէ աքսեսուարով, օրինակ, փոքրիկ, վառ շարֆով ընդգծել կանացիությունս:Հայաստանում փոքր ինչ դեֆորմացված է խիստ ոճը` գորշ գույնի գործարար կոստյումի հետ 12-սանտիմետրանոց կրունկով կոշիկների, երկար, արհեստական եղունգների կամ չափից շատ օծանելիքի համադրությամբ…- Ասում են, ընկերություն անելու արվեստին ավելի լավ տիրապետում են տղամարդիկ: Կիսու՞մ եք այդ կարծիքը:- Ձեր այս հարցը ինձ հիշեցրեց հայտնի սովետական ֆիլմից («Անապատի սպիտակ արեւը») մի արտահայտություն: Պատասխանեմ բնագրով. «Долой предрассудки -женщина тоже человек!»: Ընկերության հարցում բախտս շատ է բերել` ունեմ հիանալի ընկերներ, որոնք թե՛ դժվար, թե՛ լավ պահերին կողքիս են: Իմ կարծիքով, անկեղծությունն ու ազնվությունը լավ ընկերության նախապայմաններն են: Իսկ դա գենդերային տարբերակում չի ճանաչում, ուղղակի կնոջ ընկերությունը, կարծում եմ, ավելի համեմված է զգացմունքներով ու նվիրվածությամբ, որոնք համարում եմ անգնահատելի արժանիք ու տղամարդկանց` ի վերուստ մի քիչ պակասող հատկություն: Աշխատում եմ կյանքիս այս կարեւոր ճակատում նույնպես պահպանել հաշվեկշիռն ու ավելի շատ ժամանակ տրամադրել ընկերներիս: Կենդանի շփումներին շատ հաճախ փոխարինելու է գալիս վիրտուալ հաղորդակցությունը:-Մեկնարկում է կանանց միամսյակը. ի՞նչ սպասումներ ունեք այս օրերից եւ ի՞նչ կցանկանայիք ինքներդ Ձեզ եւ հայ կնոջը: - Հայ կնոջը ցանկանում եմ հավասարակշռություն ամենուրեք, թող նա լինի հաջողակ ու նպատակասլաց, հավատա իր ուժերին, միշտ պահպանի լավատեսությունը, ավելի շատ ներկայացված լինի քաղաքական, գործարար ու հասարակական կյանքում, ստանա ավելի ուժեղ լծակներ եւ, ամենակարեւորը, գտնի կարիերա-ընտանիք հաշվեկշիռը…Գոհար Հարությունյանի հետ զրուցեց Խորեն Օրմանյանը Tweet Դիտում՝ 17930