Ներկայացնում ենք Համաշխարհային բանկի խմբի նախկին գլխավոր տնտեսագետ, «American Economic Review»-ի գլխավոր խմբագիր, Յեյլի համալսարանի տնտեսագիտության պրոֆեսոր Փինելոփի Քուջյանու Գոլդբերգի հոդվածը՝ գրված Project Syndicate-ի համար:Փինելոփի Քուջյանու Գոլդբերգ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի խոստումը՝ 60% մաքսատուրք սահմանել Չինաստանից ներմուծման և 10-20% մաքսատուրք բոլոր այլ ներմուծումների համար, առիթ տվեց հանրային քննարկումների այն մասին, թե արդյոք նման քաղաքականությունն իրոք այդքան վատ է: Ի վերջո, մաքսատուրքը սպառման հարկ է, իսկ տնտեսագետների մեծամասնությունը գերադասում է սպառման հարկերը եկամտահարկերին, քանի որ առաջիններն ավելի արդյունավետ են ու հեշտ կառավարելի:Սակայն մաքսատուրքերն զգալի թերություններ ունեն։ Հարկելով միայն ներմուծվող ապրանքները, նրանք աղճատում են շուկաները՝ ռեսուրսներն առավել արդյունավետ արտասահմանյան արտադրողներից ուղղելով պակաս արդյունավետ հայրենական ընկերությունների: Այս անարդյունավետությունը տեղի է ունենում սպառողների հաշվին, և, ինչպես սպառողական հարկերի մեծ մասը, մաքսատուրքերը ռեգրեսիվ են․ ավելի ծանր բեռ են դնում ցածր եկամուտ ունեցող տնային տնտեսությունների վրա, որոնք իրենց եկամտի մեծ մասը ծախսում են սպառողական ապրանքների վրա:Այնուամենայնիվ, մաքսատուրքերը քաղաքական գրավչություն ունեն: Զարգացած տնտեսություններում գլոբալիզացիայի քննադատները արդեն վաղուց պնդում են, որ վերջին տասնամյակներում առևտրի ազատականացման ձեռքբերումները համեստ են՝ համեմատած խափանումների հետ: Թեև ԱՄՆ սպառողները շահեցին ներկրվող ապրանքների ցածր գներից, հատկապես Չինաստանից, այս համատարած շահույթը պակաս ակնառու էր, քան գործարանների փակման և աշխատատեղերի կորստի կենտրոնացված ծանր հետևանքները ներկրման մրցակցությունից տուժած տարածաշրջաններում:Այս ֆոնին մաքսատուրքերի բարձրացումը կարող է այնքան էլ վատ չթվալ: Գուցե գլոբալիզացիայի արդյունավետության համեստ ձեռքբերումների փոխարեն եկամուտը կվերադառնա ներքին արտադրողներին և աշխատողներին: Գուցե մաքսատուրքերի ռեգրեսիվ ազդեցությունը կարելի է լուծել այնպիսի քաղաքականությամբ, ինչպիսին է նվազագույն (800 դոլարից ցածր) ներմուծման բացառությունները: Բացի այդ, չնայած հարկվող ներմուծված ապրանքների գները կբարձրանան, ամերիկացի սպառողները նախկինում կարծես առանձնապես չէին գնահատում, որ առևտուրը իրենց սպառած ապրանքներն ավելի մատչելի է դարձնում: Լուսանկարը՝ REUTERS Նման փաստարկների խնդիրն այն է, որ դրանք անտեսում են ներկայիս մակրոտնտեսական համատեքստը: Վերջին երեք տարիների գնաճը մեծացրել է սպառողների զգայունությունը գնային փոփոխությունների նկատմամբ: Այսօր ընտրողները շատ ավելի ընկալունակ կլինեն մաքսատուրքերի գնաճային ճնշումներին, քան նախկինում: Թեև նոր մաքսատուրքերի կողմնակիցները պնդում են, որ Չինաստանն է հիմնականում կրելու ֆինանսական բեռը, 2018-19 թվականների մաքսատուրքերը հակառակն են ապացուցում. ծախսերի մեծ մասը կրեցին ԱՄՆ սպառողները: Հաշվի առնելով, որ նախկին մաքսատուրքերը 10-25% էին, 60% տուրքը կարող է որոշակի բեռ տեղափոխել Չինաստան, բայց ամերիկացի սպառողները նույնպես կզգան հարվածը:Նույնիսկ եթե ԱՄՆ գները մնան անփոփոխ, հնարավոր են անցանկալի հետևանքներ: Եթե լայնածավալ մաքսատուրքերը հանգեցնեն Չինաստանի արժույթի կտրուկ արժեզրկմանը, դոլարի ուժեղացումը համեմատաբար ավելի էժան կդարձնի չինական ապրանքների ներմուծումը: Այսպես մասամբ կփոխհատուցվեն մաքսատուրքերի պատճառով առաջացած բարձր գները, սակայն կխաթարվի ԱՄՆ-ի արտադրությունն ավելի մրցունակ դարձնելու առաջնային նպատակը: Մինչդեռ դոլարի ուժեղացումը կվնասի ԱՄՆ արտահանմանը՝ վատթարացնելով առևտրային դեֆիցիտը։Սա ենթադրում է, որ մաքսատուրքերը գովազդող բազմաթիվ նպատակները՝ արտադրության վերականգնում, առևտրային դեֆիցիտի կրճատում, եկամուտների ստեղծում, Չինաստանից Ամերիկայի կախվածության նվազում և Չինաստանին բանակցությունների պարտադրում, որոնք նվազագույնի կազդեն սպառողների վրա, հաճախ հակասում են միմյանց: Պատճառն այն է, որ մաքսատուրքերը ազդում են ԱՄՆ տնտեսության վրա գների միջոցով: ԱՄՆ-ի մրցունակությունը բարձրացնելու կամ դեֆիցիտը նվազեցնելու համար մաքսատուրքերը պետք է բարձրացնեն ներմուծման գները, ինչն այսօր քաղաքականապես վնասաբեր արդյունք է:Չինաստանից Ամերիկայի կախվածության նվազեցումը նույնպես բարդ խնդիր է, քանի որ չինական արտադրության միջանկյալ ապրանքները ներառված են երրորդ երկրներից ԱՄՆ արտահանվող բազմաթիվ ապրանքների մեջ: 2018-19 թվականներից ի վեր Չինաստանը և մի քանի «դիտորդ» երկրներ արտահանման կայուն աճ են ունեցել՝ ի հեճուկս մաքսատուրքերին: Նոր մաքսատուրքերը կարող են ազդել չինական ուղղակի արտահանումների վրա միայն դեպի ԱՄՆ, այլ ոչ այլ երկրներ: Չինաստանի ազդեցությունը սահմանափակելու համար մաքսատուրքերը ավելի շատ երկրների վրա տարածելը կմեծացնի գնային ճնշումը, քանի որ ԱՄՆ սպառողները և ձեռնարկությունները ապրանքների փոխարինման ավելի քիչ տարբերակներ կունենան: Մաքսատուրքերի՝ որպես եկամուտների ստեղծման մեխանիզմի մասին փաստարկը հետաքրքիր և նոր է (այն իմաստով, որ այն դարերով չի կիրառվել)։ Բայց այն չի դիմանում քննադատությանը: Մաքսատուրքերը չեն կարող փոխարինել եկամտահարկը որպես եկամտի աղբյուր. եկամտահարկի բազայի մասշտաբը մոտավորապես մի կարգով ավելի մեծ է, քան ներմուծման մասշտաբը: Այնուամենայնիվ, մաքսատուրքերը կարող են որոշակի պետական եկամուտներ առաջացնել, ընդ որում Չինաստանը կարող է կրել ծախսերի մի մասը: Որպես կարճաժամկետ բանակցային մարտավարություն, այդպես կարելի է որոշակի տնտեսական ճնշում գործադրել Չինաստանի վրա:Միացյալ Նահանգների բանակցային լծակների ուժեղացումը մաքսատուրքերի ամենաազդեցիկ փաստարկն է: 2018-19 թվականների մաքսատուրքերը հանգեցրին «առաջին փուլի» համաձայնագրին՝ ծրագրված դեէսկալացիային, երբ Չինաստանի պարտավորվեց ավելի շատ ներկրել ԱՄՆ-ից և լուծել մտավոր սեփականության ու տեխնոլոգիաների փոխանցման հետ կապված խնդիրները: Թեև նախկին մաքսատուրքերը 1930 թվականի Սմութ-Հոուլի ակտից ի վեր ամենամեծ շեղումն էին ազատ առևտրից, դրանց տնտեսական ազդեցությունը փոքր էր, բայց թույլ տվեց ԱՄՆ-ին փրկել դեմքը: Լուսանկարը՝ REUTERS Սակայն 2018-19 թվականների մաքսատուրքերը ամենևին անհատույց չէին: Նրանք թունավորեցին ԱՄՆ-Չինաստան հարաբերությունները, սրեցին լարվածությունը, մղեցին Չինաստանին Ռուսաստանի և Իրանի հետ դաշինք կնքելու և ներքին հակաասիական տրամադրություններ բորբոքեցին: Դրանք քայքայեցին Ամերիկայի հարաբերությունները դաշնակիցների հետ, որոնց հետ ԱՄՆ-ն չէր խորհրդակցել և որոնք նույնպես հայտնվել էին հատուկ մաքսատուրքերի թիրախում: Եվ երբ ամեն ինչ արդեն կատարված էր, առաջին փուլի գործարքի ամբողջական ազդեցությունը այդպես էլ չհասկացվեց: Համաճարակի պատճառով առևտրի խափանման պատճառով Չինաստանը չկատարեց ԱՄՆ-ից ապրանքներ գնելու իր պարտավորությունը:Մաքսատուրքերի նոր առաջարկները կարող են կրկնել պատմությունը՝ այս անգամ ավելի մեծ մասշտաբով։ Գալիք վարչակազմը կառերեսվի զգուշավոր, գնաճի նկատմամբ զգայուն հասարակության և չինական ռեժիմի հետ, որը պատրաստ է լայնածավալ հաշվեհարդար տեսնելու: Անկախ նրանից՝ կդառնան մաքսատուրքերը բանակցային գործիք, թե ավելի մեծ տնտեսական խաթարման աղբյուր, կախված է նրանից, թե ինչպես վարչակազմը կհավասարակշռի մրցակցային նպատակները: Հիմնավորումն ու ռազմավարական հեռատեսությունը վճռորոշ են լինելու: Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի Project Syndicate-ի հոդվածները Banks.am կայքում թարգմանաբար ներկայացվում են «Կուբ Ինվեսթ» ներդրումային ընկերության գործընկերությամբ: «Կուբ Ինվեսթ»-ը մատուցում է բիզնես ներդրումային ծառայություններ, օգնում է թողարկել պարտատոմսեր, ժամանակ եւ գումար խնայել արտարժութային գործառնություններ իրականացնելիս:Copyright: Project Syndicate, 2024.www.project-syndicate.org Tweet Դիտում՝ 1804