Հայաստանը՝ Եվրոպայի բիոտեխնոլոգիական կենտրոն դառնալու ճանապարհին

13.03.2018 | 10:45 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#FMD K&L Armenia #Կիրիտ Վելանի
Ապրիլի 27-ին FMD K&L ընկերությունը պատրաստվում է Երեւանում բացել տարածաշրջանում առաջին բիոտեխնոլոգիական կենտրոնը: Հայաստանում ընկերության 3 տարվա գործունեության եւ կենտրոնի սպասվող աշխատանքների շուրջ Banks.am-ը զրուցել է FMD K&L Armenia-ի գործադիր տնօրեն Կիրիտ Վելանիի հետ:

Բիզնեսի նոր մշակույթ

Դեռ մուտքի մոտ, մինչ սպասում էի զրուցակցիս, ուշադրությունս գրավեցին պատերին փակցված նկարները. ցուցահանդեսի էր նմանվում: Մինչ անվարժ աչքով փորձում էի հասկանալ՝ ովքեր կարող են լինել փոքրիկ կտավների հեղինակները, ժպիտը դեմքին ինձ է մոտենում FMD K&L ընկերության հայաստանյան գրասենյակի տնօրեն Կիրիտ Վելանին, ներկայանում է ու սկսում մեկը մյուսի հետեւից պատասխանել մտքումս ծագած հարցերին:

«Սրանք հիմնականում «Օրրան»-ի երիտասարդ հայ նկարիչների գործերն են,- ներկայացնում է նա:- Մենք այստեղ բազմաթիվ հյուրեր ենք ունենում Pfizer-ից, Johnson&Johnson-ից եւ այլ կազմակերպություններից, ու նրանք հաճախ վճարում են այս նկարների համար: Ցուցահանդես-վաճառքից ստացված ամբողջ գումարը տրվում է այդ երեխաներին»:

FMD K&L-ի՝ ավելի քան 150 աշխատակից ունեցող երեւանյան երկու գրասենյակներում աշխատակիցների հարմարավետության համար ստեղծված են բոլոր պայմանները:


Նոր բիոտեխնոլոգիական կենտրոնի H-աձեւ շենքի առաջին հարկում երեխայի ձայն եմ լսում: Նայում եմ աջ. գունավոր մանկական կահավորանքը մատնում է՝ մանկապարտեզ է:

«Այստեղ հիմնականում մեր աշխատակիցների երեխաներն են, ծնողներն էլ կարող են աշխատանքից կտրվել՝ ճաշելով երեխաների հետ,- ներկայացնում է Կիրիտը եւ հավելում. -Ես հավատում եմ, որ մարդիկ ավելի շատ երեխաներ կունենան, եթե նրանց մեծացնելու համար լավ միջավայր լինի»:


Առաջին հարկում տեղակայված է նաեւ ընդարձակ ճաշարանը, հանգստի սենյակը, գրադարանը: «Մեզ մոտ աշխատանքային քննարկումները տեղի են ունենում դրա համար հատկացված հատուկ սենյակներում, բայց մարդիկ իրավունք ունեն իրենց իսկ աշխատանքի արդյունավետության համար օրվա ընթացքում կտրվել գործից, մեկ բաժակ սուրճի շուրջ զրուցել առօրյայից»,- ներկայացնելով հանգստի համար հատկացված սենյակը՝ ասում է Կիրիտը:

FMD K&L. Երեք տարի Հայաստանում

«Ազգությամբ բրիտանացի եմ, ծագումով՝ հնդիկ: Հայաստան եկել եմ 2015թ. հունվարին՝ այլ նպատակով, բայց այստեղ ինձ համար հայտնաբերեցի նոր Կուբա (նկատի ունի Կուբայում բժիշկների մեծ թիվը - խմբ.): Այստեղ դուք ունեք հիանալի բժշկական ենթակառուցվածքներ, հսկայական ինտելեկտ, բայց ոչ մեկ դա չի գնահատում,- պատմում է Կիրիտ Վելանին: -Երբ ես հետ գնացի Չինաստան, առաջարկեցի Հայաստանն օգտագործել որպես ընկերության նոր հարթակ՝ Եվրոպայի համար: Երկու ամիս անց Երեւանում բացեցի առաջին գրասենյակը»:

Միասին մոտենում ենք հենց առաջին սրահում պատին փակցված հսկայական քարտեզին. դեղին գույնով առանձնացված է ընկերության ներկայացվածությունն աշխարհում՝ Ճապոնիայից մինչեւ Հարավային Կորեա, Չինաստան, Հնդկաստան, Մեծ Բրիտանիա, ԱՄՆ, իսկ 2015-ից՝ Հայաստան:

FMD K&L-ը համաշխարհային խոշոր պայմանագրային հետազոտական կազմակերպություն է, որը ծառայություններ է մատուցում դեղագործության, բիոդեղագործության, բժշկական սարքերի եւ այլ ոլորտներում: Ընկերության հիմնական պայմանագրային գործընկերներն են (contracter) Pfizer ամերիկյան խոշոր դեղագործական ընկերությունը եւ սանիտարահիգիենիկ ապրանքների ու բժշկական սարքավորումների եւ դեղամիջոցների արտադրությամբ զբաղվող Johnson & Johnson ընկերությունը:


«Ի՞նչ ենք մենք անում: Բոլորը գիտեն համակարգչային սարքավորումների եւ ծրագրային ապահովմամբ զբաղվող IBM ընկերությունը: Հիմա պատկերացրեք IBM-ը, բայց դեղագործական արդյունաբերության մեջ՝ սկսած կարգավորումներից (regulation affairs) մինչեւ դեղագործական անվտանգություն, տվյալների կառավարում, բիովիճակագրություն, կլինիկական պրոցեդուրաներ եւ այլն»,- ընկերության գործունեության հիմնական շրջանակներն է ներկայացնում Կիրիտ Վելանին:
 
Նոր բիոտեխնոլոգիական կենտրոնն առավելապես կկենտրոնանա առաջին անհրաժեշտության խնամքի միջոցների՝ շամպունների, քսուքների փորձարկումների հետազոտությունների վրա:


«Օրինակ, մենք մեր հաճախորդին անվճար կտրամադրենք շամպուն, որը նա կօգտագործի մեկ ամիս, այնուհետ մենք կուսումնասիրենք դրա ազդեցությունը եւ կտանք համապատասխան եզրակացություն»,- մեկնաբանում է Կիրիտ Վելանին:

Եկել է Հայաստանի ժամանակը

Կիրիտ Վելանին Հայաստանում իր գործունեության առաջին իսկ օրվանից վստահ է՝ Հայաստանը կարող է դառնալ խոշոր բիոտեխնոլոգիական կենտրոն ոչ միայն ԱՊՀ տարածքում, այլեւ ամբողջ Եվրոպայում: Նրա որդեգրած ռազմավարությունն է աշխարհի լավագույն փորձը կենտրոնացնել Հայաստանում:

«Դուք մտավոր մեծ ներուժ ունեք, որը պետք է ճիշտ ուղղորդել,- ասում է նա:  -Օրինակ, Հնդկաստանում, եթե ես հայտարարություն տամ, որ ինձ անհրաժեշտ են 30 հիվանդության պատմություն գրողներ (medical writers) 3 եւ ավելի տարվա աշխատանքային փորձով, կգտնեմ այդպիսի որակավորում ունեցող 50 մարդ: Հայաստանում այս ուղղությամբ պատրաստի կադրերն ավելի քիչ են: Սլաքները շարժվեցին, երբ ես բացեցի առաջին գրասենյակը: Այս պահին ունեմ միայն 3 հիվանդության պատմություն գրող՝ մոտ 2 տարվա աշխատանքային փորձով»:


Հայաստանում բժիշկների եւ դեղագործների որակը բարձրացնելու համար ընկերության երեւանյան գրասենյակում կազմակերպվել են բազմաթիվ կրթական թրեյնինգներ ՀՀ առողջապահության նախարարության եւ Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ համագործակցությամբ: Արտասահմանից հրավիրված բարձրակարգ մասնագետների թրեյնինգներից բացի, ընկերության աշխատակիցները 6-ամսյա գործուղումների են մեկնում եւ փորձի փոխանակման մասնակցում ընկերության Չինաստանի եւ ԱՄՆ-ի գրասենյակներում:

«Սա մեր երեխան է, եւ առայժմ՝ ամենաթույլը, որովհետեւ այստեղ չկա դեղագործական, բիոտեխնոլոգիական ինդուստրիա: Ցանկացած տեսակի գիտելիք եւ փորձ այս ոլորտում ես ստիպված եմ ներմուծել: Հետեւաբար, մեր քաղաքականությունն է մասնագետներին աճեցնել ու զարգացնել այնպես, որ մեր այս փոքրիկ երեխան դառնա չափահաս»,- ասում է Կիրիտը:

FMD K&L Armenia-ն աշխատանքներ է իրականացնում նաեւ դեղագործության եւ բիոտեխնոլոգիայի ոլորտում ժամանակակից փորձը ներդնելու համալսարանական ծրագրերում: Այս պահին, Կիրիտն ասում է, որ աշխատում են Հայաստանի Ամերիկյան համալսարանի, Մխիթար Հերացու անվան Պետական բժշկական եւ Հայ-սլավոնական համալսարանների հետ՝ դեղագործության ոլորտում կիրառվող SAS ծրագրավորման մասնագետների պատրաստման գործում:

«Մենք ուզում ենք բիոտեխնոլոգիան Հայաստանում այնպիսի մակարդակի հասցնել, որ այն դառնա հիմնական բիզնես: Եվ ես դրան շատ լուրջ եմ վերաբերվում:

Պատկերացրեք, երկու մարդ լաբորատորիայում նստած կարող են Հայաստանը տեսանելի դարձնել քարտեզի վրա: Այստեղ կան ուղեղներ, բայց չկա հնարավորություն: Հիմա, հավատացեք, եկել է Հայաստանի ժամանակը»,- եզրափակում է Կիրիտ Վելանին:

Վիկտորյա Անդրեասյան
Դիտում՝ 54532
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW